Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին՝ Հայաստանի վարչապետ դառնալուց ի վեր, ամենահաճախը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը։ Արտասահմանյան լրատվամիջոցների դեպքում թեև ամենաշատը խոսել է ռուսական մեդիայի հետ, բայց 2022-ից սկսած նրանց առանձին հարցազրույց չի տվել։
Վարչապետ Փաշինյանի մինչև օրս տված 93 հարցազրույցի 13%-ը Հանրային հ/ը-ի հետ է։ Սա հակասում է Փաշինյանի՝ իշխանության գալու առաջին շրջանի գործելաոճին, երբ անգամ մեկ ֆեյսբուքյան գրառումից հետո անակնկալ գնում էր լրատվամիջոցի տաղավար՝ հարցազրույց տալու։
Այս հոդվածքում media.am-ն ուսումնասիրել է վարչապետ Փաշինյանի տված հարցազրույցները։ Տվյալները հավաքվել են վարչապետի պաշտոնական կայքի՝ «Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ» բաժնի և Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա։
Հարցարզույցների պատկերը հայկական մեդիայում
2024 թվականի փետրվարի 13-ի դրությամբ, Փաշինյանի՝ հայկական լրատվամիջոցներին տրված վերջին՝ 22-րդ հարցազրույցը Հանրային ռադիոյի հետ էր։ Դրա հեռարձակումից օրեր անց ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ներողություն խնդրեց ունկնդրից՝ համարելով, որ հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»։
Փաշինյանի վարչապետության առաջին շրջանում հարցազրույց վերցնող լրատվամիջոցները ավելի բազմազան էին, բայց 2020-ի պատերազմից սկսած դրանց առյուծի բաժինը Առաջին ալիքինն է, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։ Վարչապետը տարբեր իրավիճակներում, տարբեր ուղերձներ հղելու ու հարցեր պարզաբանելու համար հենց Հանրայինի հետ է խոսում։
Նախկինում Փաշինյանը հարցազրույցի հրավեր ընդունելու հարցում թվում է ավելի բաց էր, տեղ-տեղ՝ իրավիճակային։
Օրինակ, հեղափոխությունից մեկ տարի անց՝ իր ֆեյսբուքյան էջում կիսել էր ՍիվիլՆեթի տեսանյութը, որում լրատվամիջոցը ամփոփել էր իրենց տաղավարում տարբեր տարիներին Փաշինյանի տված հարցազրույցների կարևոր մտքերը։
Վարչապետը շնորհակալություն էր հայտնել ՍիվիլՆեթին, իսկ հրապարակման մեկնաբանության դաշտում լրատվամիջոցը նրան հրավիրել էր հարցազրույցի։ Կարճ ժամանակ անց վարչապետի աշխատակազմից կապվել էին լրատվամիջոցի հետ ու տեղեկացրել, որ Փաշինյանը նույն օրը կգնա հարցազրույցի։
Սկզբնական շրջանում հանրության հետ ուղիղ եթերում հաճախ հաղորդակցվող Փաշինյանը ժամանակի ընթացքում հեռացավ ոչ միայն այս ձևաչափից, այլև՝ լրագրողներից։
Եթե մի ժամանակ մամուլի ասուլիսները Հայաստանի մարզեր տեղափոխելու քաղաքականություն էր վարվում, ապա, համավարակով պայմանավորված, Փաշինյանը սկսեց ասուլիսները առցանց ձևաչափ տեղափոխել։ Հարցերը նախապես ուղարկվում էին, խոսնակը՝ ընթերցում։
Սա վերածվեց ավանդույթի, ու համավարակից հետո էլ այս ձևաչափը կենսունակությունը չկորցրեց մինչև 2022-ի հունիս, երբ հերթական և ստացում է վերջին առցանց ասուլիսից առաջ, լրատվամիջոցների երկու առանձին խումբ հայտարարություն տարածեց։
Դրանցում կոչ էր արվում «վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային», իսկ մյուս դեպքում խմբագիրները նաև հայտարարեցին, որ հրաժարվում են «ձևական հարց ուղարկելուց», որոնք «կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»:
Հարցարզույցների՝ արտասահմանյան մեդիայի վիճակագրությունը
Վարչապետության հինգ ու կես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 72 անգամ խոսել է արտասահմանյան մեդիա ներկայացուցիչների հետ։ Դրանցից երկուսը միանգամից մի քանի լրատվամիջոցի հետ էր՝ մի դեպքում արևմտյան, մեկ այլ դեպքում՝ ռուսական, այդ թվում՝ Սպուտնիկ Արմենիայի հետ։
Արտասահմանյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցների կեսից ավելին՝ 51%-ը տրվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։
Փաշինյանը ոչ տեղական լրատվամիջոցներից ամենաշատը խոսել է ռուսական, ֆրանսիական, մեծ բրիտանական, ապա՝ ամերիկյան ու գերմանական մեդիա ներկայացուցիչների հետ։
*Հավաքված տվյալներում լրատվամիջոցների երկիրը որոշվել է դրանց խմբագրության, իսկ մեկից ավելի խմբագրությունների առկայության դեպքում՝ դրանց գլխամասի կամ մայր կազմակերպության ծագման երկրով։
Պաշտոնի գալու առաջին շրջանում նա հաճախ էր խոսում ռուսական լրատվականների հետ։ Ավելին, որպես վարչապետ Փաշինյանի առաջին հարցազրույցը հենց ռուսական՝ Россия 24-ի հետ էր։ Նա առանձին հարցազրույց է տվել նաև Russia Today-ին, ռուսական Առաջին ալիքին և այլ մեդիաների։
Սակայն 2022-ից սկսած Փաշինյանը ոչ մի առանձին հարցազրույց չի տվել ռուսական որևէ մեդիայի։
Ուշագրավ է, որ պատերազմին հաջորդող երկու տարում Փաշինյանի՝ արտասահմանյան մեդիային տված հարցազրույցները խիստ նվազել էին՝ հասնելով ընդանուր 3-ի։ Պատկերն այլ էր 2023-ին՝ 6 հարցազրույց։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: