Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։
ԱԺ նախագահի այս պնդմանը նախորդել էր Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և դրա շուրջ սկսված քննարկմանը։
Մասնավորապես, 2024թ․ հունվարի 18-ին վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել էր Փաշինյանը:
Այս հայտարարությունից հետո ԱԺ ընդդմադիր պատգամավորները սկսեցին պնդել, որ Սահմանադրության փոփոխության գործընթաց սկսելու պատճառը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջներն են։
Հունվարի 23-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերքեց այդ պնդումները՝ հավելելով, սակայն, որ որքան Ադրբեջանն է խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց (Ադրբեջանի, խմբ․) իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից:
Հատկանշական է, որ ո՛չ Սիմոնյանը, ո՛չ էլ Միրզոյանը չեն հստակեցրել, թե Ադրբեջանի Սահմանադրության կամ այլ փաստաթղթերի կոնկրետ որ կետերն են համարում խնդրահարույց։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է այդ փաստաթղթերը՝ հասկանալու, թե պոտենցիալ ինչ խնդիրներ կան Ադրբեջանի հիմնական իրավական փաստաթղթերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության տեսանկյունից։
Ինչ են ասում Ադրբեջանի Սահմանադրությունը և կից փաստաթղթերը
Ադրբեջանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ․ նոյեմբերին։ Ըստ Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված փաստաթղթի՝ Սահմանադրությունը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտում ամրագրված սկզբունքների հիման վրա, որոնք ընդունվել են 1991թ․ օգոստոսին։
Այս ակտի երկրորդ հոդվածում նշվում է․ «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ․ մայիսի 28-ից 1920թ․ ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է»։
Փաստաթղթում ընդգծվում է, որ այն նույնպես հիմնված է 1918թ․-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա։
1918թ․ անկախության հռչակագիրը միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։
«Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը, կազմված Արևելյան և Հարավային Անդրկովկասից, լիարժեք, անկախ պետություն»,- նշված է հռչակագրում։
Ինչպես երևում է քարտեզից՝ Արևելյան Անդրկովկասը ներառել է Հայաստանի Սյունիքի ներկայիս մարզը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքում և Վայոց ձորում։
Ուշագրավ է, որ 1918թ․ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների ձևավորման առաջին ամիսներից էլ հայկական և ադրբեջանական ուժերը տարածքային վեճեր են ունեցել, ինչը վերաճել է զինված բախումների։ Դրանք ավարտվել են միայն 1920թ․-ին, երբ երկու երկրում էլ խորհրդային իշխանություն է հաստատվել։
Այս զինված բախումների պայմաններում է, որ 1919-ի Փարիզի կոնֆերանսում ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է իր պատերացումները հանրապետության սահմանների վերաբերյալ։ Ադրբեջանցիների տարածքային պահանջների մեջ էին մտնում ինչպես ներկայիս Սյունիքի մարզը, այնպես էլ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի հատվածները։
Ինչպես երևում է կոնֆերանսի ընթացքում ներկայացված քարտեզից՝ ադրբեջանցիները տարածքային պահանջներ ունեին ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի նկատմամբ:
Կոնֆերանսին ներկայացված քարտեզի մեկ այլ տարբերակ առկա է ադրբեջանական «IRS heritage» ամսագրի՝ «Ադրբեջանի դե ֆակտո պետական անկախության ճանաչման պատմությունը Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում» հոդվածում, որը նվիրված է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակին։
Դրանում նույնպես ակնհայտ է, որ 1919թ․ ադրբեջանական պատվիրակությունը Ադրբեջանի կազմում էր տեսնում ներկայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքները Սյունիքում, Վայոց ձորում, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։
Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունում կա հղում իրենց 1918թ․ անկախության հռչակագրին։ Ըստ հռչակագրի՝ Ադրբեջանի սահմանները կազմված են Հարավային և Արևելյան Անդրկովկասից, որը ներառում է Ադրբեջանի հարևան երկրների որոշ տարածքներ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: