Այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում որոշվեց մանդատից զրկել ավագանու երեք ընդդիմադիր անդամներին։ Նրանց թվում էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ Երևանի տրանսպորտի ուղեվարձի փոփոխման նախագծին՝ նշելով, որ այն ավելի քան կրկնակի թանկացել է։
«Այս տարվա առաջին հերթական նիստում ՔՊ-ն ներկայացնելու է հանրային տրանսպորտը ավելի քան կրկնակի թանկացնելու մասին նախագիծը։ Ընդ որում՝ առանց որևէ ադեկվատ հաշվարկի, առանց տրամաբանական հիմնավորման և այլն»,- ասաց Հայկ Մարությանը։
Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ տրանսպորտի կրկնակի թանակցման հետ կապված, իրականությանը չի համապատասխանում։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե նախագծով ինչ փոփոխություններ են նախատեսվում տրանսպորտի սակագնում և թե ներկա և նախկին քաղաքապետերից ով է ճիշտ։
Այսպիսով, ըստ նախագծի, որը պետք է քննարկվի փետրվարի 13-ին, նախատեսված են տարբեր փաթեթներ։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պայմանականորեն դրանք բաժանեց երկու խմբի՝ նախատեսված մշտական օգտվողների և քիչ օգտվողների կամ տուրիստների համար։ Նրա խոսքով՝ մշտական օգտվողները ընտրություն պետք է կատարեն ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթների միջև, տուրիստները կամ քիչ օգտվողները՝ 70 րոպե, օրական և շաբաթական փաթեթների միջև։
«Մշտական օգտվողները պետք է կողմնորոշվեն՝ ամսեկան, եռամսյակային, թե տարեկան, տուրիստները կամ հազվադեպ օգտվողները պետք ա կողմնորոշվեն 70 րոպե, օրական, թե շաբաթական»,- Հանրայինի եթերում հայտարարեց փոխքաղաքապետը։
Ամենօրյա օգտվողներ
Երևանում հանրային տրանսպորտի արժեքը այժմ 100 դրամ է՝ ավտոբուսների և մետրոյի համար։
Առաջարկվող մեկ ամսվա փաթեթը, եթե գումարը վճարվում է Telcell wallet-ով, ըստ նախագծի կարժենա 10․800 դրամ։ Նախատեսված է 60 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում։ Մեկ ուղևորության արժեքը 180 դրամ։ Այսինքն՝ այս դեպքում արժեքը կբարձրանա 1.8 անգամ (80%)։ Նույն փաթեթը փոքր ինչ ավելի թանկ կլինի, եթե վճարումն արվի ֆիզիկական քարտ տոմսով, այսինքն՝ ոչ Telcell wallet-ի միջոցով։ Այդ դեպքում փաթեթը կարժենա 11 հազար դրամ։ Այսօրվա տրանսպորտի արժեքից` 1.83 անգամ (83%) ավելի։
Եռամսյա փաթեթը կարժենա 24 հազար դրամ (Telcell wallet-ով վճարման դեպքում), մեկ անգամի արժեքը 133.3 դրամ։ Այսինքն ներկայիս արժեքից 1.33 անգամ (33%) ավելի բարձր։ Այս դեպքում 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն կատարելու հնարավորություն կլինի։ Ֆիզիկական քարտով վճարելու դեպքում արժեքը կլինի 25 հազար դրամ՝ 1.38 անգամ ավելի թանկ (38.8%)։
Մեկ տարվա փաթեթի արժեքը կկազմի 106 հազար դրամ (Telcell wallet-ով): Փաթեթը ներառում է 1000 ուղևորություն՝ 365 օրվա ընթացքում: 1 ուղևորությունը կարժենա 106 դրամ։ Այսինքն գինը կբարձրանա 1.06 անգամ (6%): Ֆիզիկական քարտով վճարելու դեպքում արժեքը կլինի 110 հազար դրամ։ 1.1 անգամ ավել՝ քան հիմա է։
Քիչ օգտվողներ կամ տուրիստներ
1-օրյա փաթեթի դեպքում արժեքը կկազմի 900 դրամ։ Կլինի 8 ուղևորության՝ 24 ժամվա ընթացքում։ Մեկ անգամ օգտագործումը 112.5 դրամ։ Այսինքն կթանկանա 1.125 անգամ (12.5%)։ Telcell wallet-ով վճարման դեպքում ավելի էժան՝ 880 դրամ։ Այսինքն ներկայիս արժեքից 1 անգամ (10%) ավելի թանկ։
Մեկշաբաթյա փաթեթի արժեքը կկազմի 5000 դրամ։ Նախատեսվում է 30 ուղևորություն՝ 7 օրվա ընթացքում։ Մեկ անգամվա արժեքը՝ 170 դրամ։ Այսինքն 1.66 անգամ ավելի թանկ (66.6 %)։ Telcell wallet-ով վճարման դեպքում 4800 դրամ` 1.6 անգամ (60%) ավելի շատ։
70 րոպե փաթեթի դեպքում 70 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն կլինի, յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ։ Այսինքն արժեքը չի փոխվում։ Telcell wallet-ով վճարելու դեպքում ավելի էժան կլինի՝ 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն, մեկ անգամը 93.3 դրամ։ Այսինքն 1.07 անգամ (7%) ավելի էժան։
Կա նաև «Բազմակի օգտագործման» փաթեթ, սա ենթադրում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ մեկ անգամը 260 դրամ։ Այսինքն 2.6 անգամ (260 տոկոս) ավելի շատ։ Telcell wallet-ի դեպքում արժեքը կլինի 250 դրամ, 2.5 անգամ (250 տոկոս) ավելի շատ։
Կարևոր նկատառումներ
Այս հաշվարկում ներառված չէ տրոլեյբուսը, որի արժեը 50 դրամ է։
Այս հաշվարկը տեղին է ձեռք բերված փաթեթն ամբողջությամբ սպառելու դեպքում։ Եթե ուղևորը ձեռք բերած փաթեթը ամբողջությամբ չի սպառում, ապա ստացվում է, որ մի ուղևորության համար կվճարի ավելի շատ։
Օրինակ, եթե ուղևորը ձեռք է բերում «70 րոպե» ֆիզիկական քարտ տոմսը, որի դեպքում փաթեթը լրիվ սպառելու, այսինքն՝ 3 անգամ օգտագործելու դեպքում արժեքը մնում է նույնը՝ 100 դրամ, բայց օգտվում է ընդամենը մեկ անգամ, ստացվում է, որ ուղևորը մի ուղևորության համար վճարեց 300 դրամ կամ նախկինից 3 անգամ ավելին։ Այս փաթեթից 2 անգամ օգտվելու դեպքում կվճարի 150 դրամ, այսինքն՝ նախկինից 1.5 անգամ ավելին։
Այսպիսով, Մարությանի պնդումը, թե նախագծով տրանսպորտը պետք է թանկանա ավելի քան երկու անգամ, մանիպուլյատիվ է, քանի որ կան փաթեթներ, որոնց դեպքում սակագինը գրեթե չի փոխվում։ Կան փաթեթներ, որոնց դեպքում նախատեսվում է մեկ անգամյա թանկացում։ Սրան զուգահեռ, կան փաթեթներ, որոնց դեպքում նախատեսվում է կրկնակի և ավել թանկացումներ։ Հասկանալու համար, թե որքան կարող է թանականալ տրանսպորտը առաջարկվող նախագծով, պետք է հստակեցնել՝ որ փաթեթի մասին ենք խոսում։
Հարգելի Օֆելյա – Ձեր եզրակացություններն այնքան էլ ճիշտ չեն, քանի որ չեմ կարծում, որ հանրային տրանսպորտից այդքան հաճախ օգտվողները շատ են, որոնց համար գրեթե չի թանկանա գինը։ Վերցնենք միջին վիճակագրական քաղաքացին, որը տրանսպորտից օգտվում է ամիսը մոտ 40 անգամ։ Եթե այժմ/նախկինում սա իր վրա նստում էր ամիսը 4000 դրամ, ապա նոր փաթեթներից որն էլ ընտրի՝ 2-3 անգամ շատ պիտի վճարի․ ամսական փաթեթը՝ 10.800, եռամսյա փաթեթի մեկ ամսվա արժեքը՝ 8 հազար դրամ, և այլն։ Առաջարկվող փաթեթները ձեռնտու կարող են լինել չափազանց հաճախ օգտվողների, բայց ոչ առօրյա կամ հազվադեպ օգտվողների համար։
Հարգելի Արսեն, շնորհակալ եմ արձագանքի համար։ Ձեր դիտարկումներին ես անդրադարձել եմ նյութի՝ Կարևոր նկատառումներ ենթավերնագրի տակ։