Ազգային ժողովում (ԱԺ) հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական պատվավոր կոչումները չեղարկելու օրենքի նախագիծը։ Այն ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Ըստ նախագծի՝ պահպանվելու է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Հիմնավորման մեջ նշվում էր, որ պետական այդ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող, իսկ կառավարությունը նպատակ ունի խրախուսելու առանձին մասնագետների։
Թեման բուռն քննարկվեց ինչպես ԱԺ նիստի ժամանակ, այդպես էլ խորհրդարանի պատերից դուրս՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Քննարկման առանցքային թեմաներից էր արվեստի ոլորտի ներկայացուցիչներին պետական կոչումներ շնորհելու պատեհության հարցը։
Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, օրինակ, հիշեցրեց Երվանդ Մանարյանի կոչման մասին, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Արտավազդ Փելեշյանի, Մարտին Վարդազարյանի, Արմեն Սանթրոսյանի, Հասմիկ Բաբայանի։ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հիշատակեցին երգիչ Արմենիչիկին։
Փոխնախարար Արմենուհի Հարությունյանն իր հերթին անուններ ընթերցեց՝ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ։ Հարությունյանի խոսքով՝ արժանավորագույն այս անձանց հանրությունը չի ճանաչում որպես ժողովրդական։
«Իշխանությունը ուզում է մերժել ՀՀ պատվավոր 17 կոչումները։ Այլևս չտալ ոչ ժողովրդական, ոչ վաստակավոր արտիստի, բժշկի, շինարարի կոչումներ». այսպես մեկնարկեց 5-րդ ալիքի ռեպորտաժը՝ նվիրված օրենսդրկան այս փոփոխությանը։ Ռեպորտաժում կար հարցազրույց ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատրյանի հետ։ Թատերական գործիչը հավաստիացնում էր, որ իրեն շատ շատերն են ճանաչում։
Հունվարի 16-ին Արդարադատության նախարարությունը ստիպված եղավ պարզաբանել՝ փոխնախարարի խոսքերը խեղաթյուրվել են։ Ըստ գերատեսչության՝ Արմենուհի Հարությունյանն ասել է, թե իր թվարկած մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե նրանցից ովքեր ունեն վաստակավորի կոչում:
Թեև մեդիան պետության կողմից տրվող այս կոչումների կոնտեքստում տեսնում էր միայն արվեստի գործիչներին, սակայն վաստակավորի կոչմանը տարիներ շարունակ հավակնել և արժանացել են նաև լրագրողները։
Media.am-ի փաստերի ստուգման թիմին՝ «Ստուգված է»-ին հետաքրքրեց, թե ովքեր են Հայաստանի վաստակավոր լրագրողները, արդյոք այս կոչումը ենթադրո՞ւմ է ամսավճար կամ որևէ այլ նյութական աջակցություն։
ՀՀ վաստակավոր լրագրողի կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին` ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Լրագրողին տրվող պատվավոր կոչման օրենքը ընդունվել է 2001-ին։ Այն ժամանակ դա վաստակավոր ժուռնալիստի կոչում էր։ 2004-ին այս օրենքը ուժը կորցրած ճանաչվեց և ընդունվեց պատվավոր կոչումների մասին նոր օրենքը։ Ներկայումս իրավահարաբերությունները կարգավորվում են 2014-ին ընդունված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով:
ՀՀ նախագահի աշխատակազմից տրամադրած տվյալների համաձայն՝ կոչումավոր լրագրողները չեն ստացել դրամական կամ այլ պարգևներ, քանի որ վաստակավորի կոչման համար դա նախատեսված չէ։
ՀՀ վաստակավոր լրագրողների ցանկը՝ ստորև.
Այսպիսով, 2006թ․-ից հետո Հայաստանում վաստակավորի կոչում է ստացել 33 լրագրող, որոնցից միայն չորսը՝ կին։ Նկատենք, որ վաստակավոր լրագրողներից շատերը պետական կամ հանրային լրատվամիջոցներում աշխատելու պրակտիկա ունեն։ Հասան Թամոյանը, օրինակ, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման հիմնադիրն է և աշխատում է այնտեղ։ Նույն թվականին վաստակավորի կոչում ստացած Քյարամ Չոլոյանը նույնպես Հանրային ռադիոյի թիմում է։ Մարտին Շահբազյան 1976-2001 թվականներին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում։ 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը։
Վանիկ Սանթրյանը, որը նաև հայտնի է որպես արձակագիր, հրապարակագիր և գեղանկարիչ, ևս աշխատել է «Արմենպրեսում»։ Տիգրան Ֆարմանյանը եղել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիրը։ Արթուր Բախտամյանը տարիներ շարունակ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում։ 1999-2003 թթ.-ին վարել է իր հեղինակած «Կեսգիշերային ճեպընթաց» ծրագիրը։ Տաթևիկ Բաղդասարյանը աշխատել է Հանրայինի «Լրաբեր», ապա՝ «Հայլուր» լրատվական ծրագրում՝ որպես մեկնաբան։ Վարել է նաև «Դեմքեր», «Եվրոպոլիս» և «Բարև, մենք ենք» հաղորդումները։
Վարուժան Օլքինյանը 1978-80թթ աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես խմբագիր և թարգմանիչ, Հանրային ռադիոյով վարել «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: Սարգիս Նաջարյանը ևս աշխատել և շարունակում է աշխատել Հանրային ռադիոյում։ Տիգրան Լիլոյանը երկար տարիներ թղթակցել է «Արմենպրեսին»։ Նվեր Մնացականյանը 2011-2016թթ. աշխատել է Հ1-ի «Առաջին լրատվականում»։ Պետրոս Սարուխանյանը 1990-ից աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, եղել է Խորհուրդների բաժնի, նամակների բաժնի վարիչ, մեկնաբան։
Արթուր Գրիգորյանը 1992-1998 թվականներին թղթակցել է Առաջին ալիքի «02» ծրագրին, աշխատել «Հայաստան» համահայկական հիմնադրամում, եղել է «Լրաբեր» ծրագրի գլխավոր ռեժիսոր, Առաջին ալիքի ինժեներ։ Գագիկ Հովհաննիսյանը 1972-2015թթ. ընթացքում եղել է Հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանը։ Ֆահրադ Ափուջանյանը զբաղեցրել է «Սպիտակ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, եղել է «Սպիտակ» շաբաթաթերթի խմբագիր, աշխատել Սպիտակի քաղաքապետարանում։ Ռուդիկ Բարսեղյանը երկար տարիներ եղել է «Լրաբեր» լրատվական ծրագրի մարզական մեկնաբանը։ Սեյրան Շահսուվարյանը 2011թ. եղել է Հանրային հեռուստատեսության տնօրենի խորհրդականը։ 2008-ին զբաղեցրել է Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Վաստակավորի կոչում է ստացել նաև «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը։ Այս պարգևատրման լուրը ժամանակին մեծ քննադատության առիթ դարձավ։ Շատերը չէին հասկանում, թե որն է նրան այդ կոչումը շնորհելու հիմնավորումը։ Նա հայտնի էր իր աղմկահարույց շնորհավորանքով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին։
Վարդգես Ավետիսյանը եղել է Հանրային ռադիոյի «Մենք և մեր բառերը» նախագծի հեղինակ-խմբագիրը։ Ֆելիքս (Ֆրիդիկ) Առուստամյանը 2002 թվականից «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի բաժնի պատասխանատու-խմբագիրն է։
Ուսումնասիրելով լրագրողների պարգևատրման հետ կապված պաշտոնական հաղորդագրությունները, պարզ է դառնում, որ, որպես կանոն, որևէ հիմնավորում կամ հստակ բացատրություն չի ներկայացվել հանրությանը, թե ինչու են հատկապես այդ լրագրողներն արժանացել վաստակավորի կոչմանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: