2024.01.19,

Ստուգված է

Ովքեր և ինչպես կարող են ապաստան ստանալ Հայաստանում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հայաստանյան մեդիան օրերս քննարկում էր Չեչնիայից Հայաստան փախած անձի՝ Սալման Մուկաևի արտահանձնման հարցը։ Ինչպես ավելի վաղ պատմել էր 41-ամյա տղամարդը՝ նա իր հայրենիքում խոշտանգվել է և դաժան հետապնդումների ենթարվել։ Հայաստանից նա հայցել էր ապաստան։  

«Ազատություն ռադիոկայանը» հունվարի 11-ին գրել էր, որ Վարչական դատարանը հունվարի 29-ին հրապարակելու է Մուկաևի հետ կապված  որոշումը՝ 1,5 տարվա քննությունից հետո։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Media.am-ի փաստերի ստուգման թիմին՝ «Ստուգված է»-ին ասացին, որ Սալման Մուկաևի ներկայացրած հիմքերը բավարար չեն եղել նրան ապաստան տրամադրելու համար, այդ պատճառով՝ դիմումը մերժվել է։ Կմնա՞ Սալման Մուկաևը Հայաստանում, թե՞ ոչ, որոշելու է դատարանը։  
 
Media.am-ի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրել է ապաստանի և քաղաքական ապաստանի տրամադրման ընթացակարգը, փորձել հասկանալ՝ ովքեր և ինչպես Հայաստանում կարող են դիմել ապաստան ստանալու համար, որոնք են անձանց մերժելու իրավական հիմքերը և շատ այլ հարցեր։ 

Այսպիսով, Հայաստանում ապաստան հայցելու իրավունքը կարգավորվում է ինչպես միջազգային, այդպես էլ ազգային օրենսդրությամբ։ Ազգային օրենսդրությամբ հարցը կարգավորվում է 1999-ին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով։ Միջազգային օրենքում 1951 թվականի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ընդունված փախստականների կոնվենցիան է և 1967 թվականի նույն կոնվենցիայի արձանագրությունը։  

Ապաստանն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրված օրինական պաշտպանություն է։ Օտարերկրացուն տրվում է ապաստան, եթե նա ճանաչվում է փախստական։  

Ովքե՞ր կարող են ապաստան հայցել 

Բոլոր օտարերկրացիները։ Յուրաքանչյուր ոք ունի օտար երկրում ապաստան հայցելու իրավունք: Փախստականի կարգավիճակը ենթադրում է հետապնդման հիմնավոր երկյուղ, վախ՝ նրա մշտական բնակության կամ ծագման երկրում։ Հետապնդման պատճառները պետք է լինեն ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար։  

Ազգային օրենսդրությունը ևս մի հիմք է առանձնացրել, որի հիման վրա ևս ապաստանի հայցեր է ընդունում և փախստականի կարգավիճակ տալիս։ Խոսքը դիմումատուի ծագման կամ մշտական բնակության երկրում պատերազմական իրավիճակի, ռազմական գործողությունների, արտաքին հարձակման, հասարակական կարգի և մարդու իրավունքների համատարած խախտումների մասին է։ Եթե որևէ երկրի քաղաքացու բնակության վայրում, օրինակ, պատերազմ է, նա կարող է գալ և ապաստան հայցել Հայաստանից։  

Փախստական է համարվում նաև այն անձը, որին պաշտոնապես փախստական են ճանաչել Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ: Այս դեպքում անձը ՀՀ-ից միայն ապաստան է խնդրում։ Այսինքն՝ միայն պաշտպանություն։ Միգրացիոն ծառայության փոխանցմամաբ՝ նման օրինակներ վերջին տարիներին եղել են։  

Իհարկե ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ։ Կարևոր է, թե ինչ ընթացակարգ կստանան մարդկանց դիմումները։ Նայած, թե որքանով են անձի ներկայացրած փաստերը հիմնավոր, իսկ դիմում ընդունող մարմինը՝ անաչառ։ 

Կարո՞ղ է Հայաստանը վերադարձնել անձին իր ծագման երկիր 

Ոչ։ Կա չվերադրձելիության սկզբունք։ Եթե անձին արդեն տրվել է փախստականի կարգավիճակ և ապաստան, ապա պետությունն իրավունք չունի փախստականին որևէ կերպ վերադարձնել այն տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ։ Ապաստան հայցող անձը, մինչ իր մասին վերջնական որոշում կայացնելը, չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

Ո՞րն է ոլորտի պատասխանատու մարմինը

Ոլորտի լիազոր մարմինը այս պահին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության նախարարությունն է։

Ապաստան ստանալու ընթացակարգը

Միգրացիոն ծառայության փոխանցմամաբ՝ ապաստանի հայցը կարող է գրանցվել ՀՀ սահմաններին կամ սահմաններից ներս, դա կարող է լինել սահմանապահին ուղղված ժեստ ընդամենը։ Դրան հաջորդում է ներկայանալը միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և դիմում գրելը։ Հաջորդիվ պետք է նշանակվի հարցազրույցի օրը։ Պետությունը պետք է ապահովի անձին թարգմանիչով, հանդիպմանը կարող է ներկա լինել նաև ՄԱԿ ներկայացուցիչը։ Հարցազրույցը կարող է ժամեր և անգամ օրեր տևել, որից հետո կազմվում են արձանագրություններ՝ դիմումատուին հասկանալի լեզվով, նա ստորագրում է, հայցը գնում է քննության։ Հավաքագրվում է ծագման երկրի մասին տեղեկատվությունը։ Ապաստան հայցողի անձնական տվյալները տեղեկությունները ուղարկվում են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) քննության։ Հավաքագրված փաստերը համեմատվում են և կայացվում է որոշում։ Դիմումի քննությունը տրվում է ստանդարտ պայմաններում 3 ամիս՝ ևս երեք ամիս երկարաձգելու հնարավորությամբ, երբ խոսքը բարդացված որևէ դեպքի մասին է։

Որտե՞ղ է բնակվում անձը՝ նախքան կարգավիճակ ստանալը 

Ապաստան հայցողը կարող է դիմել և բնակվել հատուկ կացարանում, որը Հայաստանում մեկն է՝ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը։ Այն գտնվում է Երևանում։ Այստեղ կա 20 սենյակ՝ նախատեսված ապաստան հայցող 40 հոգու համար։ «Հատուկ կացարանի» գործունեությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: Երբ կացարանում ազատ սենյակ չկա, անձն իրավունք ունի դիմել և գումար ստանալ՝ բնակարան վարձակալելու նպատակով։ Այն ապահովվում է նախնական երեք ամիս ժամկետով։  

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեռևս 2021-ին ասել էր, որ Հայաստանում ապաստան հայցողների համար ժամանակավոր նոր կացարան կկառուցվի։ Կառուցապատման աշխատանքներն իրականացվում էին Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: 

Նախատեսվում էր շինարարությունն ավարտել դեռ 2022-ին, սակայն, ժամկետները պարբերաբար հետաձգվում էին։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամաբ՝ կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի և փոխարժեքի տատանումների և բյուջեի պակասորդի պատճառով շինարարության ավարտը հետաձգվել է։ 2023-ի սկզբին նշվում էր, որ կացարանը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։  

«Ստուգված է»-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղարն ասաց, որ տեխնիկական խնդիրների պատճառով կացարանը դեռ պատրաստ չէ։ Նրա խոսքով՝ նախատեսում են շինարարությունն ավարտել աշնանը։

Ի՞նչ է լինում որոշումից հետո 

Եթե որոշումը դրական է, դիմումատուին տրամադրվում է փախստականի կարգավիճակ, և սկսում է ինտեգրման փուլը։ Եթե որոշումը բացասական է, ապա հայցողը հայտնվում է անօրինական միգրանտի կարգավիճակում և ունի 60 օր երկիրը կամավոր լքելու համար։ Նա ունի հնարավորություն որոշումը բողոքարկելու բոլոր դատական ատյաններում։ Այդ քննությունը կարող է տևել տարիներ։ Այդ ընթացքում ապաստան հայցողը շարունակում է գտնվել պետության հոգածության ներքո։

Ո՞րն է քաղաքական ապաստանը 

Անձը Հայաստանում կարող է հայցել ոչ միայան ուղղակի, այլև քաղաքական ապաստան։ Քաղաքական ապաստանի նպատակն է պաշտպանել անձին այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր երկրում կամ էլ կարող է ենթարկվել, եթե ապաստան չստանա։ Քաղաքական հետապնդումը ենթադրում է, որ քաղաքացու նկատմամբ պետական մարմինների կողմից ֆիզիկական, հոգեբանական կամ այլ տեսակի ճնշում է կիրառվել։ Ճնշման նպատակն էլ եղել է անձի քաղաքական համոզմունքները փոխելը, քննադատական ելույթները կանխելը և այլն։ Հետապնդման մասին ահազանգը պետք է ապացուցելի լինի։ Սա օրինակ չի կարող լինել ներկուսակցական կոնֆլիկտի հետևանք։ 
 
Այս հարցը կարգավորվում է «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքով։ Չտալով քաղաքական ապաստան մարդուն, որը հետագայում կարող է սպանվել իր ծագման կամ բնակության երկրում, Հայաստանը կխախտի իր կոնվենցիոն պարտականությունները։  

Թեև հայաստանյան լրատվամիջոցները հաճախ ապաստան ստացած մարդկանց շտապում են վերագրել քաղաքական ապաստանի կարգավիճակը (1, 2), սակայն, մինչ օրս այս օրենքը Հայաստանում չի կիրառվել։ Որևէ անձ չի էլ դիմել քաղաքական ապաստան ստանալու հարցով։ Մեզ հայտնի բոլոր աղմկահարույց դեպքերը եղել են ուղղակի ապաստանի ստացման հայցեր։  

Քաղաքական ապաստան տալու որոշումը տարիներ շարունակ եղել է ՀՀ նախագահինը։ Սակայն այս պահին այդ որրոշման կայացումը ևս վերապահված է միգրացիոն ծառայության պետին։

Ապաստանի դիմումները կտրուկ ավելացել են 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում ապաստան հայցողների թիվը կտրուկ ավելացել է։

Թեև Միգրացիոն ծառայության կայքում դեռ 2023-ի ցուցանիշները հրապարակված չեն, սակայն Միգրացիոն ծառայությունից մեզ փոխանցեցին, որ նախորդ տարի դիմումների քանակը կազմել է 871։ Վերջին երեք տարիներին դիմումների քանակը կտրում ավելացել է կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

2022-ին ապաստան հայցածների թվում ամենաշատը Ուկրաինայի քաղաքացիներն են եղել՝ 484 դիմումով։ 198 դիմում ներկայացրել են Իրաքի քաղաքացիները, 106 դիմում՝ Իրանինը։  

Օֆելյա Սիմոնյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *