2023.11.29,

Ստուգված է

«Գիտնականի տուն». Երևանի շենք-ուրվականը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան 22 հասցեում, պատմամշակութային ճանաչված շենքերի կողքին է գտնվում ոչ պակաս պատմական և ոչ պակաս մշակութային մեկ այլ շենք` հայտնի «Գիտնականի տուն» անվամբ։ Արխիվներում այս կառույցի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, մինչդեռ համացանցում կարելի է գտնել «Գիտնականի տան» վերաբերյալ բազմաթիվ քաղաքային լեգենդներ և չստուգված տեղեկություններ։

Շենքը, չնայած իր երկարատև պատմությանն ու բացառիկ ճարտարապետությանը, ընդգրկված չէ Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և չունի հուշարձանի կարգավիճակ։ Այժմ այն չի շահագործվում և գտնվում է անմխիթար վիճակում։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է շենքի մասին բաց աղբյուրներում առկա տվյալները և փորձել խոսել շենքի այժմյան սեփականատիրոջ հետ՝ բացահայտելու միստիկական այս շենքի պատմությունը։

Քաղաքային լեգենդները 

«Գիտնականի տան» մասին քաղաքային լեգենդը փաստում է, որ դրա ստորգետնյա խցերում ռադիոակտիվ նյութեր կան, որոնք սպառնալիք են հասարակության համար։ Նշվում է, թե շենքի բակում գտնվող հաստաբուն ծառը այդ պատճառով է չորացել։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և PanArmenian Media Group-ի «Մեդիա դպրոցի» ուսանողների (2013/14 ուստարի) պնդմամբ՝ նախկինում շենքը եղել է գաղտնի նշանակության քիմիական հետազոտության ինստիտուտ, որտեղ կատարվել են ծանր մետաղների և բիոքիմիայի հետ կապված ուսումնասիրություններ։ 

«1953-1954թթ., Ստալինի մահից հետո, ասում են, որ այստեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ճառագայթում է եղել և էկոլոգիական նկատառումներից ելնելով բոլոր ստորգետնյա հարկերը լցոնվել են բետոնով, այդ պատճառով հնարավոր չէ պարզել ստորգետնյա քանի հարկ է ունեցել այս շենքը»,- նշվում է ուսանողների ռեպորտաժում։ 

Չնայած սկզբնաղբյուրի բացակայությանը՝ այս տվյալները հետագայում տարածվել են հայկական մեդիայում։ 

Ինչ է արդեն հայտնի

2016 թվականին «Անկախ» լրատվակայքը, փոխանցելով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտքարտուղար Արա Գյուլնազարյանի խոսքերը, գրել էր, որ «Գիտնականի տունը» պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային: Ըստ գիտքարտուղարի՝ այստեղ տեղակայված է եղել ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի կողմից 1955-56թթ. հիմնադրված դեղագործական լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։ 

«Անկախը» խոսել էր նաև ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանի հետ, որը Մոսկովյան 22-ում աշխատել էր 20 տարի։ Նրա փոխանցմամաբ՝ 1965 թ.-ից այդ շենքում գործել է Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան (1975-ից` Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ):

«1981 թ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվում է առանձին շենք, և նրանք տեղափոխվում են` շենքը հանձնելով ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում դարձել է ինստիտուտ: Ինստիտուտի մի մասը 1982-83 թթ. այնտեղից տեղափոխվել է, մի մասը` մնացել այնտեղ: Ինստիտուտին կից բացվել է փորձարարական գործարան, որը մինչև 1992 թ. գործել է այդ շենքում: Մանթաշյանի խոսքով՝ ակադեմիկոս Մերգելյանն ուզում էր այդ շենքը դարձնել գիտնականի տուն: Եվ իսկապես, շենքի վրա 1981-ին փակցվել է «Գիտնականի տուն» ցուցանակը»,- ակադեմիկոսի խոսքերն է փոխանցում «Անկախը»:

1995 թվականի օտարման հրամանագրով տարածքը հանձնվել է Հայաստանում Հունաստանի դեսպանատանը, սակայն այդպես էլ չի շահագործվել։ 2016 թվականին Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը (HRADF) հայտարարել էր շենքը վաճառելու բաց միջազգային մրցույթ։ Երկու տարի անց՝ 2018-ի հունվարին, «Հայկական ժամանակ»-ը գրեց, թե «Գիտնականի տունը» նոր սեփականատեր ունի՝ «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։ Որոշ ժամանակ անց Արթուր Ջանիբեկյանը News.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ «Գիտնականի տունը» Երևանի դիմագիծն ամբողջական դարձնող մյուս հին շինությունների պահպանման օրինակ պետք է դառնա՝ այդպիսով հաստատելով տարածված լուրը։

«Տարիներ շարունակ անուշադրության մատնված, անմխիթար վիճակում գտնվող շենքը ձեռք է բերվել պահպանելու և վերջանական ոչնչացումից փրկելու համար»,- ասել էր նա։

Լուսանկարները՝ News.am-ի

Այս խոսքերից 5 տարի անց շենքը դեռ անմխիթար վիճակում է, դռները փակ են, վերանորոգման աշխաատնքներ չեն տարվում։

Ինչ ենք պարզել

Ըստ Հայաստանի Կադաստրի կոմիտեի՝ շենքը կառուցվել է 1955 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով։ Սեփականատերն այժմ Օթարի Ջանիբեկի Հակոբյանն է՝ Արթուր Ջանիբեկյանի հայրը։

Օթարի Հակոբյանը շենքը ձեռք է բերել 2019-ի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ ամսին տարածքը վարձակալությամբ տրամադրել նույն տարվա օգոստոսին գրանցված «Գիտնականի տուն» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Արթուր Ջանիբեկյանն է։ Ընկերության գործունեության տեսակը ՊԵԿ-ում նշված է «Կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ»։ Ըստ Կադաստրի՝ շենքն ունի 0 կարգի վնասվածության աստիճան, 3 հարկ և նկուղ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Գիտնականի տունը» բարձր ռիսկայնության օբյեկտ է (3-րդ կատեգորիա)։ Շուկայական մոտավոր արժեքը Կադաստրը գնահատում է 834,835,752 դրամ։ Գնման պայմանագիրը, սակայն, մեզ չհաջողվեց ձեռք բերել։ Այս տեղեկությունը բաց աղբյուրներում հասանելի չէ։

Երևանի քաղաքապետարանը 2018թ. փետրվարին (Տարոն Մարգարյանի օրոք) տրամադրել է «Գիտնականի տան» բակային տարածքում 3 օժանդակ շինությունների քանդման թույլտվություն: 2021թ. ապրիլին (արդեն Հայկ Մարությանի օրոք) տրամադրվել է շենքի վերակառուցման և կցակառույց նոր մասնաշենքի կառուցման նախագծման թույլտվություն, որի իրականացման համար նախատեսվել է երկու տարի։ Նախագծման պահանջներից մեկը՝ հարակից տարածքի բարեկարգումն էր։

«Գիտնականի տուն» ՍՊԸ-ի տնօրենի մեկնաբանությունը

«Ստուգված է»-ն խոսեց «Գիտնականի տուն» ՍՊԸ-ի տնօրեն Ավագ Սիմոնյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է շենքը դեռ փակ, ե՞րբ են նախատեսում վերանորոգել և շահագործման հանձնել այն, փաստացի ի՞նչ գործունեությամբ է զբաղվում «Գիտնականի տուն» ՍՊԸ-ն և այլն։

«ՍՊԸ-ն  պատասխանատու է շենքում ընթացող բարեկարգման աշախատանքների համար։ Մենք զբաղվելու ենք ցանկացած աշխատանքով, որը տեղի կունենա «Գիտնականի տուն» կոչվող շենքում, այլ գործառույթ ՍՊԸ-ն պարզապես չունի», – ասաց «Գիտնականի տուն» ՍՊԸ-ի տնօրենը՝ ընդգծելով, որ օֆիսային տարածք իրենք չունեն։

«Ինչ վերաբերում է բարեկարգմանը և շենքում ընթացքող աշխատանքներին, դրանով զբաղվում ենք։ Մի շարք ճարտարապետներ նախագծեր են արել և անում են։ Այս ինֆորմացիան շատ բաց չէ, այդ պատճառով շատ չենք կիսվում, բայց մեծ խմբեր են ներգրաված և մեծ նախագծեր են արվում, որպեսզի կարողանանք շենքը պահպանելով նախագիծ անել՝ թե՛ քաղաքի համար, թե՛ որպես բիզնես նախագիծ»,- նշեց Ավագ Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ շենքը հիմա վատ վիճակում է, հնարավոր չէ այն շահագործել.

«Շինարարություն տարածքում չի գնում։ Մոտ օրերս այնտեղ կարգի են բերելու։ Թիմ ունենք, որը 5-6 ամիսը մեկ գալիս և կարգի է բերում տարածքը, բայց շենքում ոչինչ տեղի չի ունենում հիմա։ Դեռևս ճարտարապետական նախագծեր են կազմվում, որ ներկայացվեն Երևանի քաղաքապետարան»։ 

Ավագ Սիմոնյանը հստակորեն չկարողացավ նշել, թե որքան կտևի շենքի վերանորոգումը։ 

«Այս ընթացքում մեզ մի շարք առաջարկներ է եկել շենքը բացել-օգտագործելու հետ կապված, բայց շենքն այն վիճակում չէ, որ կարելի լինի օգտագործել։ Այնպես չէ, որ վթարային է, բայց առնվազն ամրաշինական մի շարք հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, նոր շահագործվի շենքը։ Չես կարող ուղղակի բացել և օգտագործել»։ 

Սիմոնյանն ասաց, որ շենքը ձեռք բերելուց առաջ իրենք քիմիական ճառագայթման ուսումնասիրություն են պատվիրել, և ոչ մի ռիսկային բան այնտեղ չեն հայտնաբերել, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում։

«Շենքը քաղաքի կենտրոնում է, դա չի կարող ուղղակի բարեգործական նախագիծ լինել, դա կոմերցիոն նախագիծ է լինելու, բայց դրանով հանդերձ այն պետք է իմաստը չկորցնի։ Այլ մարդիկ լինեին, միանշանակ այդ շենքը քանդել էին, այլ բարձրահարկ էին կառուցել դրա փոխարեն, և արդեն աշխատացնում էին։ Ոչ մեկ այսքան տարի չէր պահի այդ շենքը՝ անշարժ գույքի գները հաշվի առնելով»,- եզրափակեց Սիմոնյանը։

ԳԱԱ ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը՝ «Գիտնականի տան» մասին

Շենքի ավելի վաղ շրջանի պատմությունը բացահայտելու համար մենք այցելեցինք Ազգային արխիվ, սակայն առկա փաստաթղթերում տեղեկություններ գտնել չկարողացանք։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Գիտությունների ազգային ակադեմիային՝ հասկանալու Մոսկովյան 22 հասցեում գտնվող շենքը իսկապե՞ս եղել է նրանց արխիվում։ Հարցմանը Ակադեմիայից այդպես էլ չպատասխանեցին, փոխարենը համաձայնեցին հարցազրույցի։ Այսպիսով մենք զրույց ունեցանք ԳԱԱ ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանի հետ։

Նա հաստատեց տեղեկությունը, որ «Գիտնականի տունը» ժամանակին եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի հաշվեկշռում։ Թե կոնկրետ ո՞ր թվականներին՝ դժվարացավ ասել։ 

«Ակադեմիայի ստեղծման ժամանակ շատ արագ, մի քանի տարվա ընթացքում ենթակառուցվածք ստեղծելու խնդիր էր դրված։ Տեղակայվելու այլ վայր չի գտնվել, այդ պատճառով էլ էնտեղ է տեղակայվել, ինչպես, օրինակ, Աբովյան փողոցում գործել է Անօրգանական քիմիայի ինստիտուտը։ Մոսկովյան 22-ում տեղակայված է եղել Քիմիական ֆիզիկայի կամ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտը, որի հիմնադիրը Արամ Նալբանդյանն էր։ (խմբ. Ինստիտուտը հիմնադրվել է 1975թ-ին)։

Արմեն Սարգսյանը պատմեց, որ հետագայում որոշում է ընդունվել փոքրիկ ակադեմիական հատված ընտրելու, և Ակադեմիական ինստիտուտներից շատ շատերը տեղափոխվել են Զեյթուն. դրանց թվում էր նաև Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որը գործում էր «Գիտնականի տան» տարածքում։

«Տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ շենքը շարունակել է մնալ Ակադեմիայի հաշվեկշռում, հետո այլ գույքի հետ միասին փոխանցվել է պետության այլ կարիքների համար։ Մոտ 40 տարուց ավել է, ինչ ինստիտուտը Զեյթունում է։ Մեծ հարց է, թե կոնկրետ ինչ հարցերի համար այն կարող էր օգտագործվել, քանի որ հետո բավականին տարբեր կառույցների ենթակայության տակ է եղել։ 90-ականներից այն անհատույց տրամադրվել է Հունաստանի դեսպանատանը», – ասաց Սարգսյանը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *