Սկանդալային վերնագրերով հայտնի Perfect TV յություբյան ալիքը սկսել է գովազդային ծառայություն մատուցել։ Մոլորեցնող վերնագրերի տակ այս ալիքը լսարանին է ներկայացնում ոչ միայն չճշտված բովանդակություն, այլև գովազդում է անհայտ ծագման միջոցներ՝ որոնց վերագրում է տարբեր «հրաշագործ» հատկություններ։
Նույն միջոցը մի դեպքում դեղ է, մեկ այլ դեպքում՝ ոչ
Perfect TV-ի տեսանյութերը հավաքում են տասնյակ հազարավոր դիտումներ։ 2016-ին ստեղծված ալիքն ունի 446 հազար բաժանորդ, և գրանցված է ԱՄՆ-ում։
Չնայած դրա ոչ արժանահավատ բովանդակությանը, 2019-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ալիքի տեսանյութերից մեկը կիսել էր իր ֆեյսբուքյան էջում։
Media.am-ն անդրադարձել էր այս հրապարակմանը, նաև նշել, որ ալիքը վարում է իրական մարդ, այն Յություբի կողմից հաստատված ալիքի նշան (verified) ունի և ալիքը վարողը իր ալիքի միջոցով իրական գումարներ է աշխատում։
Այժմ ալիքի նկարագրություն դաշտում հասանելի է գովազդային մենեջերի էլեկտրոնային հասցեն, իսկ արդեն որոշ տեսանյութերի սկզբում տեղադրված են գովազդներ։
Ամենահաճախ հանդիպող գովազդվող ապրանքը ոտքի՝ անհայտ ծագման կպչուն բարձիկներ են, որոնք իբրև օրգանիզմի վրա ունենում են բազմաթիվ դրական հատկություններ՝ ցավազրկումից մինչև արյան մաքրում։ Ասվում է, որ միջոցը առաքվում է ամբողջ Հայաստանում, օրիգինալ է, անգամ երկրորդ անգամ գնելու դեպքում գործում է զեղչ։
Այս միջոցի գովազդը սեպտեմբերին տեղադրվել է ալիքի կարճ տեսանյութերի բաժնում՝ «Սա իսկապես կփոխի քո կյանքը 95%֊ով» վերնագրով։
Գովազդներից մեկում ասվում է՝ օգտագործելով այս կպչուն միջոցները «բուժեք ձեր ծնկահոդում առաջացած խնդիրները և առհասարակ տարբեր խնդիրներ շարժողականության հետ կապված»։ Ուշագրավ է, որ գովազդում այդպես էլ չի ցուցադրվում գովազդվող միջոցը։
Մեկ այլ դեպքում վաճառվող միջոցն անվանվում է «դեղամիջոց» և դրա ծագման մասին տրվում է լրացուցիչ տեղեկություն՝ պատրաստված է «բրազիլական վայրի ջունգլիներից հավաքված էկզոտիկ բույսերով»։
Այս անգամ դրան է վերագրվում մի շարք այլ հատկություններ. «Ամբողջությամբ օրգանիզմն ազատում է ցավերից, մարքում է արյունը, ողջ օրգան համակարգը, և օրգանիզմը սկսում է աշխատել ավելի լավ, ավելի երիտասարդացած»։
Նաև նշվում է, որ այս ազդեցությունները տեսանելի կլինեն օգտագործելու դեպքում, քանի որ միջոցը կսևանա։ «Դա նշանակում է ձեր օրգանիզմից դուրս են եկել մեծ քանակությամբ թունավոր նյութեր»։
Նույն միջոցի մեկ այլ գովազդում արվում է հակասական պնդում՝ այն համարվում է «խնամքի միջոց, որը չի հանդիսանում դեղամիջոց»։
Այս անգամ ևս դրան են վերագրվում ցավազրկող, նաև սթրեսից ազատման հատկություններ։ Հավելելով՝ Հայաստանի «այս ծանր պայմաններում մարդկանց համար լավագույն նվերը կլինի»։
Բացի այս յություբյան ալիքից, նման կպչող միջոցներ գովազդվում և վաճառվում են այլ հարթակներում ևս։
Օրինակ Լուսինե Բաբայան օգտատերը ՏիկՏոսում մի ամբողջ շարք ունի այս կպչող միջոցներին նվիրված, որն ինքն է վաճառում և դրանց վերագրում մի շարք հրաշագործ հատկություններ։ Վաճառքի համար Ինստագրամում ստեղծել է հաշիվ։
Նմանատիպ հատկություններ այս միջոցներին վերագրելով՝ դրանք վաճառվում են list.am-ում ևս։ Վաճառողներից մեկը նաև նշում է՝ «կարելի է օգտագործել նաև պրոֆիլակտիկ»։
Չկան ապացույցներ բարձիկների օգտակար հատկությունների մասին
Կպչուն բարձիկների մասին պատմող սոցցանցային հրապարակումները մեծ լսարանի ուշադրությունն են գրավում ոչ միայն Հայաստանում, սակայն փաստեր ստուգող մի շարք լրատվամիջոցներ դրանց վերագրվող հատկությունները ոչ արժանահավատ և կեղծ են որակել։
Օրինակ AFP-ի փաստերի ստուգման թիմի հետ զրույցում մի շարք բժիշկներն ասել են՝ ապացույցներ չկան, որ այս արտադրանքը կարող է օրգանիզմից հեռացնել տոքսիններ՝ օգնելով բուժել հիվանդություններ:
Ավելին, հոդվածում նշվում է, որ Ֆիլիպինների սննդամթերքի և դեղերի վարչությունը խորհուրդ է տվել չգնել այս բարձիկներից, որոնք նրանք չեն գնահատել անվտանգ:
Ֆիլիպինյան Rappler կայքը ավելի վաղ նույնպես եկել է այն եզրակացությանը, որ չկա ոչ մի ապացույց, որ ոտքերի բարձիկները կարող են մարմինը տոքսիններից ազատել կամ նվազեցնել մի շարք հիվանդությունների ռիսկը:
Նրանք նաև հղում են կատարել դեռ 2008-ին ԱՄՆ-ում լրագրողների իրականացրած լաբորատոր փորձաքննությանը, որի ընթացքում համեմատել են օգտագործված և չօգտագործված բարձիկները։ Պարզվել է, որ դրանց միջև էական տարբերություններ չեն եղել, ինչը հերքում է այն պնդումը, որ դրանք կարողացել են մարդու մարմնից հեռացնել թունավոր նյութերը:
Ինչ վերաբերում է դրանց գույնը փոխելուն, սա տեղի է ունենում ոչ թե մարմնից հեռացվող տոքսինների շնորհիվ, այլ խոնավության ազդեցությամբ բարձիկի պարունակության քիմիական փոփոխության արդյունքում:
Այսպիսով, սկանդալային բովանդակությամբ մեծ դիտումներ հավաքող Perfect TV յություբյան ալիքը գովազդում է անհայտ ծագման միջոցներ, որոնց վերագրվող օգտակար հատկությունների մասին չկա ոչ մի արժանահավատ տեղեկություն և գիտական ապացույց։
Բացի այդ, օրենքը կարգավորում է դեղերի գովազդի շուկան։ Ըստ Գովազդի մասին օրենքի՝ Հայաստանում արգելվում է դեղերի գովազդը` առանց Հայաստանի առողջապահության նախարարության թույլտվության: Իսկ դեղերի մասին օրենքն արգելում է դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի` որպես բուժման միջոցի գովազդը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: