2022.12.28,

Ստուգված է

Ղրիմը Ղարաբաղ չէ․ ինչպես է քարոզչությունը նույնականացնում երկու տարբեր հակամարտությունները

Վերջին ամիսների ընթացքում Ադբեջանը տեղեկատվական պատերազմում  ակտիվորեն ներկայացնում է Հայաստանը Ռուսաստանի ագրեսիայի մասնակից կամ աջակցող։ Գործին են դրվում մանիպուլյատիվ պնդումներ և կեղծ լուրեր՝ տպավորություն ստեղծելու, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը և ռուս-ուկրաինական պատերամը նույն բնույթն ունեն. Ադբեջանն ու Ուկրաինան զոհեր են, Հայաստանն ու Ռուսաստանը՝ ագրեսորներ։

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը և հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տարբեր պատճառներ ու ընթացք ունեն, իսկ Ղարաբաղի հայերի անվտանգության խնդիրը չի կարող նույնականացվել գերտերության կողմից Ուկրաինայի տարածքների զավթման հետ։   

Անտեսելով այս տարբերությունները՝ որոշ երկրներ զուգահեռում են երկու կոնֆլիկները՝ Հայաստանին իր դաշնակից Ռուսաստանի նման համարելով ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ Ուկրաինայի պես զոհ։ Օրինակ Վրաստանի ընդդիմացիր գործիչ Նիկա Գվարամիան անգամ հայտարարել է՝ «Ղարաբաղը, ինչպես Օսիան և Աբխազիան, օկուպացված է ռուս-հայկական տանդեմի կողմից»։ Այս պատմույթն են առաջ տանում ադրբեջանական կառույցներն ու անհատները։ Իսկ ահա Ուկրաինայում, օգտնվելով ադրբեջանական աղբյուրներից, ոչ միայն համեմատում են կոնֆլիկտը, այլև պնդում՝ Ադրբեջանը ոչ թե ագրեսոր է, այլ՝ զոհ։

Բացի այս, հենց Ադրբեջանը զանազան ռեսուրսներ է կիրառում՝  Հայաստանի հակաուկրաինական և ռուսամետ կերպարը ստեղծելու համար, որն իբր թե վտանգ է արևմուտքի էներգետիկ անվտանգությանը և դեմ դրա արժեքներին։ 

«Պատերազմում Հայաստանը Ռուսաստանի կողքին է» 

Չնայած պաշտոնական Երևանը չեզոք դիրք է գրավել Ուկրաինական պատերազմի առաջին օրից, սակայն տարբեր ուժեր ջանքեր են գործադրվում Հայաստանից ռուսամետ կերպար ստեղծելու համար։ Դրվագային ակցիաներն օգտագործելով՝ մանիպուլացվում է իրականությունը ու տպավորություն ստեղծվում, իբրև Հայաստանում կա Ռուսաստանի ռազմական գործողությունների զանգվածային աջակցություն։ 

Նման առաջին փորձը եղավ ռուսական ներխուժուման 4-րդ օրը, երբ Երևանի Կիևյան կամրջից ընդամենը 9 րոպեով մի քանի անհատ կախեց «Армия России» գրվածքով պաստառը, իսկ այն պատկերող տեսանյութը օրեր շարունակ պտտվեց ցանցում՝ որպես Հայաստանի աջակցության ապացույց։ 

Եթե այս դեպքում ակցիայի կազմակերպիչները հայտի չէին, ապա ամիսներ անց՝ ՌԴ նախագահի ծննդյան օրը նախ Ստեփանակերտում, իսկ օրեր անց՝ Երևանում Վլադիմիր Պուտինի դիմանկարով հսկայական պաստառի ցուցադրման ակցիայի կազմակերպիչները, ինչպես պարզվեց, ռուսամետ մի խումբ է։ 

Նման այլ դրվագների media.am-ն արդեն անդրադարձել է, նաև նկատել, որ ռուսամետ ակցիաների պատկերները արագ տարածվում են ցանցում, սակայն անտեսվում էին Ուկրաինային աջակցող գործողությունները։

Սրան զուգահեռ Հայաստանի` ռուսական ռազմական գործողությունների աջակցման կեղծ փաստեր էին ի հայտ գալիս։ Օրինակ բրիտանական BBC-ին, ադրբեջանական աղբյուրից օգտվելով, անհիմն պնդում էր կատարել, իբրև Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելով, Ռուսաստանը Սիրիայից վարձկաններ է տեղափոխել է Ուկրաինա։ Բրիտանական լրատվամիջոցը հաշվի չէր առել, որ իր աղբյուր Haber Global-ը Ուկրաինայի պատերազմի համատեքստում մինչ այդ Հայաստանին առնչվող այլ կեղծ լուրեր էր տարածել։ 

Մի դեպքում պնդել էր, թե Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչներ և օդաչուներ է ուղարկել Ռուսաստան։ Պնդումը ոչ մի ապացույց չուներ, բայց այնքան էր տարածվել, որ Հայաստանի իշխանությունները ստիպված էին հերքել այն, իսկ Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն՝ գալ անձամբ տեսնել, որ կործանիչները տեղում են։ Մեկ այլ դեպքում էլ ադրբեջանական Haber Global-ը հայտնել էր, թե ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Սա նույնպես կեղծ լուր էր․ խաղաղապահները մինչ այժմ գտնվում են Ղարաբաղում։

Հայաստանում էլ միևնույն ժամանակ տարածվում էր Ուկրաինա-Ադրբեջան տանդեմի մասին կեղծ լուրեր։ Օրինակ ադրբեջանական աղբյուրներից հայաստան էր ներթափանցել լուրը, իբրև ապրիլի 24-ին Ադրբեջանում և Ուկրաինայում «Զանգեզուրը Ադրբեջան է» խորագրով ակցիաներ են տեղի ունեցել։ Իրականում այս ակցիաները հին էին և այլ խորագրով։ Նաև շրջանառվել էին հերքված պնդումը, իբրև Ուկրաինան է սպիտակ ֆոսֆորը վաճառել Ադրբեջանին։ 

Հայաստանի թշնամականացում՝ արևմուտքի աչքում 

Ադրբեջանը օգտագործում է իր տեղեկատվական ռեսուրսները արևմտյան լսարանի աչքում Հայաստանի անտագոնիզացիայի համար։ Այս երկրի կողմից ստեղծվել են մեդիա ռեսուրսներ, որոնք հայկական լինելու տպավորություն են ստեղծում և իրականացնում են հակահայկական քարոզչություն։ Այս բովանդակությունը տարածում են ադրբեջանամետ լոբբիստները։

Նման ռեսուրսներից է Armenianreport կայքը, որը հայ հեղինակի անունից 2022-ի հոկտեմբերին հակասեմիտական հոդված էր հրապարկել, իբրև Հայաստանը պետք է հարաբերություններ զարգացնի արաբական պետությունների, առաջին հերթին Պաղեստինի հետ, քանի որ Իսրայելն ու հրեաները «ագահ» և «վաճառական» են և շահագրգռված են միայն հարուստ Ադրբեջանի հետ համագործակցել։ Ամենատարածված հակասեմիտական կարծրատիպերի վրա կառուցված հոդվածը ուղեկցվում էր հակասեմիտական ծաղրանկարով։ Media.am-ն անդրադարձել է այդ հոդվածին, հիշեցնելով, որ Armenianreport-ը տեղեկատվական պատերազմի գործիք է, ոչ թե լրատվամիջոց։ 

Այս հոդվածը, Հայաստանին նացիզմի մեջ մեղադրելով, տարածել են ադրբեջանամետ լոբբիստները, այդ թվում ամերիկացի վերլուծաբան Մայքլ Դորանը։ Վերջինս տարածաշրջանին առնչվող նորությունները թվիթերյան իր միկրոբլոգում կիսելիս շարունակաբար հիշեցնում է, որը Հայաստանը Իրանի դաշնակիցն է, Ռուսաստանի արբանյակը։ 

Ուկրաինա-Ռուսաստան և Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտների նույնականացման համատեքստում ադրբեջանամետ լոբբիստներից ակտիվ է ադրբեջանական պետական նավթարդյունաբերող SOCAR-ի նախագահի խորհրդական աշխատած Բրենդա Շաֆերը։ Վերջինս պնդում է, թե ԱՄՆ-ն պետք է նույնկերպ աջակցի Ադրբեջանին ինչպես Ուկրաինային։ Նա նաև ակտիվ տարածում է Ադրբեջանի քարոզչական թեզը, թե Հայաստանը վտանգ է Ադրբեջանից Եվրոպա մատակարավող վառելիքի համար։ Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակման ժամանակ պնդել էր, թե «ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է ավելացնել գազի արտահանումը Եվրոպա, կոնֆիկտ է առաջանում»: 

Ավելին, Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-արևմուտք ճամբարների բաժանման փաստարկներից մեկը Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստանի ստեղծած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Սակայն այս քարոզչական թեզի մանիպուլյատիվլինելու մասին է վկայում հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ ընկերներ ունեն, քան՝ Հայաստանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի հիմքում ընկած է գերտերության կողմից հարևան երկրի տարածքների անեքսիան։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության հիմքում՝ զանգվածային ժողովրդավարական շարժումն է , որը հայկական պատմագրության մեջ հաճախ համարում են ԽՍՀՄ փլուզման առաջին ազդակներից մեկը։

Ղարաբաղյան հակամարտության և ռուս-ուկրաինական պատերազմի միջև երեք հիմնական տարբերություն կա։ 

1. Ղարաբաղյան հակամարտության հիմքը ժողովրդավարական շարժումն էր, որը փորձում էին կանգնեցնել և՛ ԽՍՀՄ, և՛ Խորհրդային հայաստանի իշխանությունները

1980-ականների վերջում, ԽՍՀՄ «գլասնոստի», այսինքն՝ գրաքննության թուլացման և խոսքի ավելի մեծ ազատության շրջանում, խորհրդային մամուլում և հայ մտավորականության շրջանում սկսեցին ակտիվորեն քննարկել Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) մեծամասնություն կազմող էթնիկ հայերի հանդեպ խտրականությունն ու ճնշումները տեղի ադրբեջանական կառավարության կողմից։ 

1988-ի փետրվարին Երևանում սկսվեց Ղարաբաղյան շարժումը՝ ԼՂ-ն Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու պահանջով։ Այս շարժումը միաժամանակ ազգայնական էր և ժողովրդավարական։ Երևանում և Ստեփանակերտում տեղի էին ունենում բազմահազարանոց ցույցեր՝ «միացում» կոչով։ Շուտով ցուցարարներին սկսեցին միանալ փոքր և մեծ ձեռնարկությունները․ աշխատողները հայտարարում էին գործադուլ, իսկ որոշ ձեռնարկություններում ստեղծվել էին գործադուլային հատուկ կոմիտեներ։ 

Սակայն այս ցույցերը չէին ողջունում ոչ միայն Մոսկվայի, այլև Երևանի իշխանությունները։ Այս օրերին Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ժողովրդին դիմելով անգամ ասաց, որ ԼՂ պահանջները հակասում են Հայաստանի և Ադրբեջանի շահերին։  

Ադրբեջանում ցույցերը ընկալվում են խիստ բացասաբար․ երկու ժողովուրդների միջև բախումներ են սկսվում։ Փետրվարի 27-ից մարտի 1-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացվում են տեղի հայերի մասսայական ջարդեր։ Իրադրությունը հանդարտվում է միայն ԽՍՀՄ բանակի միջամտությունից հետո։ 

Խորհրդային իշխանությունները փորձում էին հայերի ցույցերը հանդարտեցնել կոչերով, իսկ հետագայում նաև հավաքները արգելելով։ 1988-ի ամբողջ ընթացքում սակայն թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ցույցերը շարունակվում էին։ ԼՂ իշխանությունները վկայակոչում էին ԽՍՀՄ սահմանադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման սկզբունքը և պահանջում միացում Հայաստանի հետ։ 

Միևնույն  ժամանակ, հայերի և ադրբեջանցիների միջև բախումները նույնպես չդադարեցին։ 1988-ի վերջին հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ ստիպված եղան լքել իրենց տները Ադրբեջանում և Հայաստանում․ երկու երկրները «մաքրեցին» իրենց տարածքները անցանկալի էթնիկ փոքրամասնությունից։

 

2. Լեռնային Ղարաբաղի՝ Հայկական ԽՍՀ-ի հետ միացման պահանջը ոչ թե երկու սուվերեն պետությունների տարածքային վեճ էր, այլ մեկ սուբյեկտի՝ ԽՍՀՄ ներսում ինքնավար մարզի կարգավիճակի փոփոխման կոչ

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեծամասնություն կազմող հայ բնակչությունը մեկ անգամ չէ, որ Հայաստանի հետ միանալու հարց փորձել է բարձրացնել։ Սկսած 1940-ականներից տեղի հայերը մի քանի անգամ դիմել են Խորհրդային իշխանություններին՝ խնդրելով չթողնել նրանց Խորհրդային Ադրբեջանի կազմում։ 

1988-ի շարժումը այս գործընթացի գագաթնակետն էր։ ԽՍՀՄ կենտրոնական, ինչպես նաև Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունը չկարողացավ խնդիրը լուծել, և խաղաղ ցույցերին պատասխանեց բռնությամբ։ 

1991-ին ԽՍՀՄ փլուզման արդյունքում 15 պետությունները անկախացան, իսկ դրանց ինքնավար տարածքային միավորները ճանաչվեցին այդ պետությունների սուվերեն տարածք։ Այդպես Լեռնային Ղարաբաղը կորցրեց իր ինքնավար կարգավիճակը և միջազգայնորեն ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս։ 

1988-ին սկիզբ առած բռնությունը ԽՍՀՄ փլուզվելուց հետո կառավարումից դուրս եկավ և վերածվեց տարիներ ձգվող պատերազմի և արդեն տասնամյակներ տևող թշնամանքի։ 

3. Լեռնային Ղարաբաղը անեքսիայի չի ենթարկվել։ Ավելին՝ Հայաստանը երբեք չի ճանաչել դրա անկախությունը

Ռուս-ուկրաինայան ռազմական հակամարտության սկիզբը թերևս Ղրիմի անեքսիան էր Ռուսաստանի կողմից, որը ամրագրվում էր 2014-ի մարտին ստորագրված պայմանագրով։ Իսկ 2022-ին՝ հարձակվելուց օրեր առաջ, Ռուսաստանը նաև ճանաչեց այսպես կոչված Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները։ Այսինքն՝ Կրեմլը հա՛մ զավթել էր Ուկրաինայի տարածքներից Ղրիմը, հա՛մ ճանաչել դրա ներսում անջատվողական միավորումների անկախությունը։ 

Լեռնային Ղարաբաղի դեպքում Հայաստանը նման քայլ չարեց։ Ղարաբաղը ինքն իրեն հռչակեց անկախ հանրապետություն և ուներ փաստացի կառավարման ինստիտուտներ՝ նախագահ, խորհրդարան, նախարարություններ և այլն։ ՀՀ հետ կապը իհարկե ուժեր էր այստեղ․ Հայաստանը ռեսուրսներ էր տրամադրում Ղարաբաղին, այստեղի բնակիչները հայկական անձնագրեր ունեին։ Ե՛վ Ղարաբաղում, և՛ Հայաստանում չափազանց ուժեղ էր ազգայնական խոսույթը, ըստ որի ԼՂ-ն Հայաստանի մաս պետք է լինի։ 

Սակայն Ղարաբաղը իրավաբանորեն Հայաստանին չմիացվեց։ Այսինքն՝ ԼՂ-ն Հայաստանի կողմից անեքսիայի չէր ենթարկվել։

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Հայաստանը փորձում էր հասնել ԼՂ կարգավիճակի հստակեցման՝ լայն ինքնավարության և տեղի հայ բնակչության համար անվտանգության երաշխիքների։ Երևանում և Ստեփանակերտում պաշտոնյաները խոսում էին ԼՂ անկախության մասին, փորձում այս օրակարգը առաջ տանել միջազգային հարթակներում։ 

Սակայն փաստացի Հայաստանը այդպես էլ չընդունեց ԼՂ անկախությունը․ այսինքն՝ Հայաստանը չճանաչեց Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի գոյություն։  

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *