2022.10.30,

Ստուգված է

ՊՆ-ն գաղտնի է համարում, Սուրեն Պապիկյանը՝ հրապարակում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի 27-ի կառավարության նիստին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պարտադիր զինծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգը՝ «Պաշտպան հայրենյաց» անվանումով։ 

Ծրագիրը ենթադրում է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կտրվի։ Ծառայության ժամկետը կսահմանվի 5 տարի:

Այս ծրագրի ներդրմամբ դադարեցվում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված «Ես եմ» պայմանագրային ծառայության ծրագիրը։ Նախարար Պապիկյանի խոսքով՝ «Ես եմ» ծրագրի շրջանակներում այժմ ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։ 

Media.am-ի փաստերի ստուգման թիմը դեռևս 2021 թվականի հուլիսին հարցում էր ուղարկել ՊՆ՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շահառուների քանակի մասին։ Խնդրել էինք նշել, թե ծրագրի մեկնարկից մինչև օրս յուրաքանչյուր տարի քանի անձ է զինծառայությունն անցնելու պայմանագիր կնքել։

Հղում անելով Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքին և կառավարության 1998թ. մարտի 13-ի N173 որոշմամբ հաստատված ցանկին՝ նախարարությունը մեր հայցած տեղեկությունը համարել էր գաղտնի և հրաժարվել այն տրամադրելուց։

ՊՆ-ն, այսպիսով, գաղտնի էր համարել մի տեղեկություն, որը հոկտեմբերի 27-ին հրապարեց Սուրեն Պապիկյանը։ Կարևոր է, սակայն, որ նախկինում երկու այս ծրագրերի շահառուների քանակը հրապարակել էր հենց պաշտպանական գերատեսչությունը։ Օրինակ 2020 թվականին «Հրապարակ» լրատվականի հարցմանն ի պատասխան նախարարությունը նշել էր, որ «Ես եմ» ծրագրի շրջանակներում «զինվորական ծառայություն անցնելու համար դիմել և ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 515 քաղաքացի։

«2017թ․ ձմռանը՝ 142, 2018 թ․ ամռանը՝ 117, 2018թ․ ձմռանը՝ 94, 2019 թ․ ամռանը՝ 89, իսկ 2019 թ․ ձմռանը՝ թվով 73 քաղաքացի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թ․ ամառային զորակոչի ընթացքում «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու համար դիմելիություն չի գրանցվել»,- «Հրապարակի» փոխանցմամաբ՝ տեղեկացրել էր պաշտպանության նախարարության աշխատակազմը։

Այսպիսով պարզ չէ՝ երկու այս ծրագրերին դիմած քաղաքացիների քանակը պետական գաղտնի՞ք է, թե՝ ոչ։ 

Սա նորություն կամ բացառիկ դեպք չէ հայաստանյան պետական ապարատի՝ մասնավորապես ՊՆ-ի համար։ 2022-ի մարտին media.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել զինված ուժերում կին զինծառայողների թիվը կամ տոկոսը։ Պետական գաղտնիքին հղումով նախարարությունը մերժել էր տրամադրել այս տեղեկությունը, սակայն ավելի վաղ այդ տվյալները տրամադրել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ տարեկան զեկույցում հրապարակելու համար։ 

Ոստիկանությունը ևս հրաժարվել էր տրամադրել տեղեկություն, որը հետո հրապարակվել էր

2022-ի ապրիլին հարցրել էինք ոստիկանությանը՝ քաղաքացիական անձանց շրջանում զենք կրելու իրավունք ունեցող քանի՞ մարդ կա և նրանցից քանի՞սն է այդ զենքը կիրառել անօրինական նպատակով: 

Առաջին հարցին ոստիկանությունը հրաժարվեց պատասխանել՝ որակելով այն «հույժ գաղտնի»: Երկրորդ հարցին չէր պատասխանել՝ հիմնավորելով, թե կառույցում նման «հաշվառում չի կատարվում»: 

Իրականում ոստիկանությունը տիրապետում էր այդ տեղեկությանը և դեռևս 2021 թվականին տրամադրել էր այն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, որն էլ իր հարցազրույցում հրապարակեց այդ վիճակագրությունը։ Փաստացի, ոստիկանությունը հրաժարվել էր մեզ տրամադրել մի տեղեկություն, որն ամիսներ առաջ տրամադրել էր պատգամավորին։

Media.am-ը միակ չէ և դա մեզ չի մխիթարում

Հոկտեմբերին մի շարք գերատեսչությունների «անպատասխանատու վարքագծի» մասին գրել էր նաև «Փաստերի ստուգման հարթակը» և սեփական օրինակով ցույց տվել, թե ինչպես են պետական գերատեսչությունները խախտում տեղեկատվության ազատության սկզբունքը։ Այդ մասին են ահազանգել են նաև այլ լրատվամիջոցներ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *