2022.09.12,

Ստուգված է

Զապորոժիեի ԱԷԿ–ում ռազմական տեխնիկա եղել է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստում անդրադարձավ Զապորոժիեի ԱԷԿ–ում իրավիճակի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն պարտաճանաչ կազմակերպություն է, իսկ նրանց ղեկավարը՝ շատ պրոֆեսիոնալ մարդ։ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընդգծեց, թե ատոմակայանի տարածքում ռուսական տեխնիկա չկա, ինչպես գրում են մասնագետները զեկույցում։ 

«Ես տեսել եմ, զեկույցում ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն անխուսափելի է համարում ռազմական տեխնիկայի դուրսբերումը ատոմակայանի տարածքից, բայց կայանի տարածքում զինտեխնիկա չկա։ ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները պետք է տեսնեին դա և հիմա էլ կարող են տեսնել, քանի որ նրանցից երկուսը մնացել են այնտեղ»,- ասել է Պուտինն ու հավելել, որ այնտեղ կանգնած է Ազգային գվարդիան, որը հսկում է պարագիծը և կայանի ներսի հատվածը։

Ռուսական և հայկական լրատվադաշտում, սակայն, ՌԴ նախագահի խոսքերն ամբողջությամբ չփոխանցվեցին։ Շատ դեպքերում մեջբերվում էր խոսքի այն հատվածը, թե Զապորոժիեի ԱԷԿ–ում առհասարակ զինտեխնիկա չկա, իսկ Ազգային գվարդիայի մասին Պուտինի դիտարկումը բացակայում էր։ 

Այսպիսով տպավորություն էր ստեղծվում, թե ՌԴ նախագահը ուղիղ հերքում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում տեղ գտած պնդումները ռազմական տեխնիկայի առկայության մասին, կասկածի տակ էին դրվում նաև ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների եզրակացությունները։ 

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերի 1-ին էին ժամանել Զապորոժիեի ԱԷԿ: Այցը տեղի ունեցավ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում հնարավոր միջուկային վթարի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին: Բացի ատոմակայանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելուց, վտանգները չեզոքացնելուց, միջազգային մասնագետները մտադիր էին նաև տեղում գնդակոծության փաստերը հետաքննել: Այժմ առաքելության հիմնական մասը լքել է Զապորոժիեի ԱԷԿ-ը, ատոմակայանում մնացել են երկու մասնագետներ, որոնք այնտեղ կլինեն մշտական հիմունքներով։

Վերջերս հրապարակված զեկույցում նրանք գրել էին, որ իրենց թիմը դիտարկել է ռուսական զինվորական անձնակազմի, մեքենաների և տեխնիկայի առկայությունը ԶԱԷԿ–ի տարբեր վայրերում՝ այդ թվում ռազմական մի քանի բեռնատարների: Կազմակերպությունը նաև լուսանկար էր հրապարակել, որի իսկությունը ՌԴ նախագահը կասկածի տակ չի դնում, այլ պնդում է, թե դա ռազմական տեխնիկա չէ։

Վերջինիս պնդումները, սակայն, ևս տարակուսելի են, քանի որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ Ազգային գվարդիան ռազմական կազմակերպություն է։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։ 

Ռեակտորների կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի: Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *