Այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը վերջին տասնամյակների ամենախոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններից է։ Այն լայն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում։
Բացառություն չէ նաև Հայաստանը։ Հայաստանի իշխանությունները խոշոր հաշվով չեզոք են մնացել այս հարցում։ Դրա մասին են վկայում ինչպես պաշտոնական հայտարարությունները, այնպես էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ձեռնպահ քվեարկությունները հակամարտության վերաբերող հարցերում։
Պատկերն այլ է ոչ իշխանական դաշտի որոշ մասում, մասնավորապես ընդդիմադիր դաշտից հանդես եկող գործիչների և օգտահաշիվների քարոզչական բնույթի հայտարարություններում և հրապարակումներում։ Խոսքը ոչ միայն և ոչ այդքան խորհրդարանական ընդդիմության հայտնի գործիչների մասին է, այլ ընդդիմության հետ ինչ որ կերպ փոխկապակցված կամ նրանց հարող գործիչների և հարթակների։
Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությանն» անթաքույց աջակցություն նկատվում է միայն որոշ գործիչների մոտ։ Մասնավորապես, մարտի 14-ին ի աջակցություն Ռուսաստանի փոքր ցույց տեղի ունեցավ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանց շարքում էր նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։
Իսկ մարտի 19-ին ի աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, Երևանում իրականացվեց հանրահավաք, որի բանախոսների շարքում էին նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր և «Իրավունք» թերթի սեփականատեր Հայկ Բաբուխանյանը, երգիչ Մհեր Մեսրոպյանը («Մգեր Արմենիա») և այլոք։
Ավելի հաճախ ընդդիմադիր որոշ գործիչներ և հարթակներ առաջ են մղում երկու թեզ։ Առաջին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «նույնն են» և երկրորդ՝ պատերազմի մեկնարկը համար Ուկրաինան է մեղավոր։ Առաջինն ունի ներքաղաքական նշանակություն, բայց համաշխարհային համեմունքով, իսկ երկրորդի նպատակը Ռուսաստանի գործողությունները արդարացնել կամ հիմնավորելն է։
Զելենսկի-Փաշինյան. ընդդիմադիր գործիչներ
Առաջին թեզը, որը տարածում է ստացել ընդդիմադիր գործիչների, հարթակների և սոցիալական ցանցերում օգտահաշիվների շրջանում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նույնականացումն է։
Այսպես, օրինակ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, իր մի ֆեյսբուքյան գրառում (արխիվացված) ավարտում է հետևյալ տողով՝ «Կոմիկներին, պոպուլիստներին, փողոցային պառազիտներին և այլ անհավասարակշիռ դեգեներատներին՝ իշխանություն չի կարելի վստահել»։
Զաքարյանը մեկ այլ գրառումով (արխիվացված) առանց Փաշինյանի կամ Զելենսկիի անունը նշելու, նրանց անվանում է «բախտախնդիր ծաղրածուներ» և պնդում, թե երբ «թավիշները, գունավոր վարդերը, արաբական գարուններն ու նարնջագույն մայդանները դրսից փաթաթվում են ժողովուրդների գլխին», այն կարող է բերել միջուկային զենքի կիրառման։
Իսկ Ուկրաինա ներխուժման օրը Զաքարյանը գրել էր (արխիվացված), որ «Աշխարհաքաղաքական խաչմերուկներում գտնվող պետությունների ժողովուրդները, պետք է հասկանան վերջապես, որ պոպուլիզմը և արկածախնդիր իշխանությունը կործանարար է առաջին հերթին հենց իրենց համար: Մոլդովա (1992), Վրաստան (2008), Ուկրաինա (2014), Հայաստան (2018)…»։ Այստեղ համեմատությունը ոչ թե Փաշինյանի և Զելենսկիի միջև էր, այլ «Թավշյա հեղափոխության» և «Եվրոմայդանի», սակայն «պոպուլիզմը և արկածախնդիր իշխանությունը» բառակապացկությունը ակնհայտորեն ուղղված է նրանց։
Հաճախ Փաշինյան-Զելենսկի համեմատություններում նաև ավելանում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Փաստաբանների պալատի նախկին նախագահ և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ռուսական ներխուժման հաջորդ օրը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը անհաջողակ կառավարիչ է։ Նա, Զելենսկին և Սաակաշվիլին նույն արտադրամասի արդյունքն են»։
Զոհրաբյանը նաև «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ է, որը ստորագրահավաք էր կազմակերպել Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Գագիկ Համբարյանը հուլիսի 5-ին համեմատելով երեքին շատ ավելի խիստ բառապաշար էր օգտագործել։ Զելենսկիին պատկերող տեսանյութին կից նա գրել էր. «Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ։ Փողկապ ծամողի, գրիչ գողացողի ու սրա հայացքները նույնն են…» (արխիվացված)։
«Փողկապ ծամողը» անունը Սաակաշվիլին ստացել է 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ հեռուստատեսությամբ ուղիղ եթերում նյարդային վիճակում փողկապը ծամելու պատճառով։ Իսկ «գրիչ գողացող» պիտակը որոշ ընդդիմադիրներ տվել են Փաշինյանին վերջերս մի հանդիպման ժամանակ իր հասանելիք գրիչը պիջակի ծոցագրպանը դնելու համար։
Այս թեզի ամենանշանակալից օրինակներից է ռազմական փորձագետ և պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանի ասուլիսը մարտի 1-ին։ Նա հյուրընկալելով «Հայելի ակումբ» ՀԿ-ի տնօրեն և hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին, կրկնում է վերը նշված թեզերը։
Հատկանշական է, որ իր ոճին հետևելով, Թովմասյանն արդեն ուղղորդում է հյուրին և ասուլիսը բացում հետևյալ կերպ. «Այսպես ասած պոպուլիստներն ու ծաղրածուները երբ որ գալիս են իշխանության գլուխ, ի՞նչ է սպասվում։ Որովհետև կրկնվում է ինչ որ եղավ Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում։ Մենք տեսնում ենք, որ շատ նման է ամեն ինչ իրար»։
Ջամալյանը, որին Թովմասյանը ներկայացնում է որպես մասնագիտությամբ հոգեբան, պատասխանում է՝ ասես հաստատելով Թովմասյանի ներառական խոսքը։ «Երբ ծաղրածուները, պոպուլիստները, իրենցից ոչինչ չներկայացնողները բերվում են իշխանության գունավոր հեղափոխական սցենարով այս կամ այն երկրի իշխանության ղեկին, այդ երկիրը մի որոշ ժամանակ հետո իբրև սուբյեկտ դադարում է լինել։ Սրանք պետություն կործանող տեսակ են», – ասուլիսի հենց սկզբում ասում է Ջամալյանը։
Ջամալյանի այս ասուլիսը «Հայելի ակումբ»-ից բացի նաև հրապարակել են Asekose.am և Politik.am լրատվական կայքերը՝ յություբյան ալիքներով։
Այս գծի մեջ է նաև ընդդիմադիր դիրքից հանդես եկող մեկ այլ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Փաստինֆո» կայքի հետ զրույցում նա կրկնում է այս թեզերը։ Իսկ Թովմասյանի «Հայելի ակումբ»-ում կայացած ասուլիսում նա հանդես է գալիս ռուսական քարոզչական թեզերով։
Զելենսկի-Փաշինյան. ընդդիմադիր մեդիա և հարթակներ
Փաշինյան-Զելենսկի նույնականացումները նաև արել են ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցները։ Պատերազմի երկրորդ օրը Para TV առցանց ալիքը, որը փոխկապակցված է «Հայաստան» խմբկացության պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, պատրաստել է կարճ տեսանյութ «Վլադիմիր Զելենսկի և Նիկոլ Փաշինյան․ «ժողովրդի խոնարհ ծառաների» անալոգիան» վերտառությամբ։
Տեսանյութի հեղինակը վերը նշված օրինակների ոճին համահունչ ասում է. «Փաշինյանի ու Զելենսկու ելույթները, ուղերձները հիմնականում նույն տրամաբանության մեջ են։ Գրեթե նույն ոճով՝ պարզապես հայերին և ուկրաինացիներին բնորոշ ազգային հատուկ բառապաշարով»։ Այս տեսանյութը վերահրապարակել է «Yerevan Today»-ը։
«5-րդ ալիքը»* մարտի 22-ին կարճ ռեպորտաժով նույն թեզն է առաջ տանում։ Տեսանյութում բերվում են Փաշինյանի և Զելենսկիի ելույթներից նույնաբովանդակ հատվածներ, որ ժողովուրդը պետք է որոշի ամեն ինչ։ Իսկ լրագրողը ասում է. «Փաշինյան-Զելեսնկի՝ կարծես ջրի երկու կաթիլ։ Նմանեցնում են փորձագետները»։
Այս համեմատությունները նաև արվում են անանուն օգտահաշիվների միջոցով։ Դրանք որոշ տարածում են ստացել TikTok-ում։ Բացահայտ ընդդիմադիր ուղղվածությամբ մի քանի էջեր պատերազմի առաջին օրերին նմանատիպ զուգահեռներ են անցկացնում երկուսի միջև։
Ռուսական ներխուժման հենց առաջին օրը «patriotisch» անունով էջը Փաշինյանի, Սաակաշվիլիի և Զելենսկիի դիմանկարներն իրար հետևից թերթող տեսանյութում (արխիվացված) նրանց նկարագրում է որպես «պոպուլիստ հողատուներ»։
Իսկ փետրվարի 25-ին «hayermiasin» էջը Զելենսկիի ելույթի տեսանյութի (արխիվացված) տակ տեղադրել է Փաշինյանի 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում ելույթի ձայնագրությունից մի հատված՝ «Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու»։ Տեսանյութը փակվում է Պուտինի ծիծաղով։ Իսկ տեսանյութի վրա գրված է «Ուկրաինացի Նիկոլնա»։
Երրորդը էջը՝ «irakanutyun_»-ը կարճ հատված (արխիվացված) է տեղադրել փողոցում հարցումից, որում լրագրողը մի անցորդի հարցնում է՝ «նմանություն տեսնո՞ւմ եք Փաշինյանի և Զելենսկու միջև», որին նա պատասխանում է՝ «նույն բանն են, երկուսն էլ տխմար են»։
Նմանատիպ հրապարակումներ են հայտնվել նաև ֆեյսբուքում։ Մի էջի հրապարակում (արխիվացված) պատկերում է Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներին և հանրային դեմքերին Ուկրաինայի «համարժեք» անձանց հետ։ Իսկ կենտրոնում Փաշինյանի և Զելենսկիի դեմքերի միաձուլումն է։
Նույն գրառման մեջ ասվում է. «Վստահ եմ շատերն են նկատել Ուկրաինայի քաղաքական ղեկավարության ու Հայաստանի իշխող կուսակցության նմանությունը։ Փաստը այն է, որ դրանք արևմտյան՝ սորոսյան ինկուբատորում աճացրած վնասակար բացիլներ են։ Այն որ իրարից անգամ չեն տարբերվում արտաքին տեսքով դա փաստ է։ Նիկոլ-Զելենսկի ոճրագործ զույգերի ո’չ միայն խոսքն ու գործն է միանման…»։
Ուկրաինան է մեղավոր
Փաշինյան-Զելենսկի նույնականացման հեռահար նպատակը, ենթադրաբար, Ուկրաինային՝ ի դեմս նրա գործող Զելենսկի ղեկավարած իշխանությանը վարկաբեկելը և Ռուսաստանի գործողությունները մեղմացնելը, արդարացնելը կամ հինավորելն է։
Այս համատեքստում՝ ընդդիմադիր դաշտի որոշ գործիչներ առաջ են մղում նաև պատերազմի սկսվելու մեջ Ուկրաինային մեղադրելը։ Այսպես, օրինակ «Հայաստանի» խմբակցության պատգամավոր ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մարտին հայտարարել էր, որ Ուկրաինան իր անհեռատես քաղաքականության պատճառով հասավ այս իրավիճակին, և ՌԴ-ն «չուներ այլընտրանք»։
Իսկ «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կրկնում է ռուսական քարոզչական թեզեր։ Մայիսին ընդդիմադիր ցույցերի ժամանակ նա գրել էր (արխիվացված), որ Ուկրաինայում արևմուտքը պայքարում է «մինչև վերջին ուկրաինացի», իսկ Հայաստանում՝ «մինչև վերջին նիկոլ»։ Նա ավելացրել էր, կարծիք հայտնելով, որ «միաբևեռ աշխարհն այլևս չկա, ուղղակի արևմուտքում դեռ չեն ուզում հաշտվեն այս խայտառակ պարտության հետ։ Հայաստանը լինելու է առաջին երկիրն, ուր գունավոր հեղափոխությունից հետո իշխանության են գալու ազգային ուժերը»։
Հովհաննես Նազարեթյան
* Հոդվածի այս հատվածում սեպտեմբերի 2-ին կատարվել է փոփոխություն։ Հոդվածի նախնական տեքստում նշվում էր, որ «5-րդ ալիքը» փոխկապակցված է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ։ Պաշտոնական փաստաթղթերով նման փոխկապակցվածություն գոյություն չունի։ «5-րդ ալիքի» սեփականատերը Արմեն Թավադյանն է։ Թավադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: