Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակմամբ սկսված պատերազմի նախօրեին Ռուսաստանը հայտնեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։
Պատերազմի շուրջ կես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների միակ պաշտոնական արձագանքը եղել է ԴԺՀ և ԼԺՀ-ի Ռուսաստանի կողմից ճանաչված անկախության չճանաչումը։
Չնայած պաշտոնական Երևանի և հասարակության լայն շրջանակների համեմատաբար լուռ արձագանքին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին տարբեր շրջանակներ Հայաստանի դեմ քարոզչություն էին իրականացնում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե երկիրը և նրա բնակչությունը աջակցում են Ռուսաստանին իր պատերազմում։
Կեղծ լուրերին և դավադրության տեսություններին զուգահեռ տարածվում էին քարոզչական մի շարք թեզեր, որոնք կա՛մ հին էին և ադապտացվում էին նոր իրադրություններին, կա՛մ ստեղծվել էին հենց պատերազմի համատեքստում։
Քարոզչական թեզեր
«Ռուսական բանակը» Կիևյան կամրջից
Փետրվարի 27-ին՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ընդամենը երեք օր անց համացանցում տարածվեց քարոզչական առաջին տեսանյութը, որը կարճ ժամանակում հարյուր հազարավոր դիտումներ ունեցավ։ Տեսանյութում Армия России գրությամբ հսկայական պաստառը կախված էր Երևանի Կիևյան կամրջից։
Սոցիալական ցանցերում առաջին մեկնաբանությունները տեսանյութի կեղծ լինելու մասին էին։ Սակայն ինչպես ավելի ուշ media.am-ը գրեց՝ տեսանյութն արվել էր մի քանի րոպեի ընթացքում՝ մարդկանց մի խումբ կախել էր պաստառը և տեսանկարահանել այն։ Ամբողջ պրոցեսը տևել էր ոչ ավելի քան տասը րոպե։
Տեսանյութը հատկապես մեծ տարածում էր ունեցել սոցցանցերի մի քանի օգտատերերի, այդ թվում հայտնի Middle East Eye-ի Թուրքիայի բյուրոյի ղեկավար Ռաջիբ Սոյլուի և բելառուսական Нехта-ի էջերում։ Սոյլուն որոշ ժամանակ անց ջնջել էր գրառումը։
Ինչ վերաբերում է Нехта-ին, ապա համեմատաբար երիտասարդ այս լրատվամիջոցը հայտնի դարձավ Բելառուսում հակաիշխանական շարժման ընթացքում, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ոչ մեկ անգամ է աչքի ընկել քարոզչական նյութերի տարածմամբ։
Տեսանյութի սկզբնաղբյուրը այդպես էլ անհայտ մնաց, սակայն այն ամենայն հավանականությամբ տարածել էին հայկական ռուսալեզու տելեգրամյան ալիքները, որոնք պատերազմի սկզբից մինչև օրս ռուսամետ ակտիվ քարոզչություն են իրականացնում։
«Օպերացիա Z»
Շիրակի մարզի մի գյուղում ֆերմերները Z էին գրել դաշտերում՝ ի աջակցություն Ռուսաստանի պատերազմի։ Տեսանյութը նկարել էր ռուսական Սպուտնիկ Արմենիա լրատվականը։
Չնայած մեդիան և սոցիալական ցանցերի օգտատերերը փորձում էին նմանատիպ ակցիաները ներկայացնել որպես Հայաստանի՝ Ռուսաստանին աջակցության ապացույց, իսկ այդ տեսանյութերը համացանցում ակտիվ տարածվում և հարյուր հազարավոր դիտումներ էին հավաքում, այս ակցիաներից որևէ մեկը հանրային մեծ աջակցություն չի ստացել։
Նման դեպքերից մյուսը Գյումրիի թիվ 19 դպրոցում էր, որտեղ աշակերտներին, ինչպես ավելի ուշ պարզվեց ստիպել էին շարվել և նկարվել՝ կազմելով Z տառը՝ ի աջակցություն Ռուսաստանի։ Դպրոցը գործում է Գյումրու ռուսական ռազմաբազային կից և այստեղ սովորում են ռազմաբազայի աշխատակիցների, զինվորականների և ռուս դիվանագետների երեխաներ, ինչպես նաև տեղի հայազգի երեխաներ։ Դպրոցը ֆինանսավորում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, այն առաջնորդվում է ՌԴ օրենսդրությամբ։
Նմանատիպ ակցիա-տեսանյութ էր տարածվել նաև Երևանի Հաղթանակ զբոսայգուց (այգին խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը)։ Համենայն դեպս այն ներկայացվում էր որպես Հաղթանակ զբոսայգում արված տեսանյութ։ Տեսանյութը նկարահանված էր գիշերային ժամի և մոնտաժված էր. Z և V տառերը և քաղաքի շրջակայքը տեսանյութում հաջորդում են իրար և կադրերում միաժամանակ Մայր Հայաստանի արձանը կամ Երևանի համայնապատերը չեն երևում։ Սա հնարավորություն չի տալիս պնդելու, թե տեսանյութը կեղծ է կամ հաստատելու, որ տեսանյութը իսկապես Երևանի Հաղթանակ զբոսայգում է նկարահանվել։ Սակայն պարզ է, որ ինչպես Կիևյան կամուրջի դեպքում, այնպես էլ այս տեսանյութը նկարահանվել էր քարոզչական նպատակներով՝ Երևանում, թե մեկ այլ վայրում։
Այս տեսանյութերը, որպես կանոն առաջին հերթին տարածում էին սոցիալական ցանցերով, մասնավորապես դրանք տարածում էին ռուսամետ տելեգրամյան ալիքները, և շատ չանցած հայտնվում ռուսական քարոզիչների՝ Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև ռուսական պետական հեռուստաալիքների և կայքերի ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանին սատարող ցույցեր
Հայաստանում պատերազմի մեկնարկից ի վեր մի քանի հավաքներ և ակցիաներ էին կազմակերպվել՝ ի աջակցություն և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի։
Ռուսաստանին աջակցող ամենամեծամասշտաբ ցույցը կազմակերպվել էր «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով։ Ուրիխանյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ ընդհանուր պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին։
Այս ցույցերը որպես կանոն տարածում էին հենց այս՝ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիայի նարատիվը և աջակցություն հայտնում Պուտինին՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս ցույցերի մասնակիցները տարածում էին Ուկրաինայի վերաբերյալ ռուսական քարոզչական թեզերը ուկրաինական նացիզմի մասին և ծածանում ռուսական Z և V տառերով պաստառներ։ Նման ակցիաներ կազմակերպվում էին հիմնականում մարտ-ապրիլ ամիսներին։
Այս ակցիաները ակտիվորեն լուսաբանում էին ռուսական պետական լրատվամիջոցները և հայկական մի շարք կայքեր ու հեռուստաալիքները։
Ուկրաինային աջակցող ցույցերը աննկատ էին մնում
Չնայած ռուսամետ և պատերազմի դեմ կամ Ուկրաինային աջակցող ակցիաները ունենում էին գրեթե հավասար թվով մասնակիցներ, առաջինն, ի տարբերություն երկրորդի, մեծ արագությամբ տարածվում էր սոցիալական ցանցերում և ռուսական պետական լրատվամիջոցներում։ Մինչդեռ Ուկրաինային աջակցող ակցիաները մնում էին ստվերում։
Ուկրաինային աջակցող նմանատիպ ակցիաներ կազմակերպել էին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը, Հայաստանի Եվրոպական կուսակցություն և մի խումբ երիտասարդներ։
Ապատեղեկատվություն
Հայկական ՍՈՒ-30-ները Ուկրաինայում չէին
Մարտի վերջին Թուրքիայում գործող ադրբեջանական Haber Global-ը, հղում անելով Թուրքիական հետախուզության տվյալներին պնդեց, թե Հայաստանի՝ վերջերին տարիներին ձեռք բերված SU-30 կործանիչները ուղարկվել են Ռուսաստան, այնտեղից՝ Ուկրաինա։
Չհաստատված այս տեղեկությունը տարածել էին նաև ուկրաինական մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները, ինչպես նաև մի շարք մեծ թվով հետևորդներ ունեցող օգտատերերի կողմից։ Չնայած ՊՆ և ԱԳՆ արագ հերքումներին՝ լուրը ադրբեջանական, թուրքական և միջազգային մամուլում տարածվեց այնքան, մինչև Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին հրավիրեց ՀՀ ՊՆ Ν ռազմաբազա, որտեղ տեղակայված էին կործանիչները։
ՊՆ-ն հրապարակեց նաև լուսանկարներ կործանիչների «առկայությունը» ստուգող ռազմական կցորդների այցից։ Անգամ հերքումից հետո, սակայն, պնդումները, թե Հայաստանը ՍՈՒ-երը ուղարկել է Ուկրաինա, շարունակվում էին։
Ռուս խաղաղապահները «մեկնել են» Ուկրաինա կամ Հայաստանը՝ «տրանզիտ» վարձկանների համար
Կրկին ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվեց տեղեկություն, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները ևս տեղափոխվել են Ուկրաինա՝ կռվելու։ Որպես ապացույց ցուցադրվում էր Լաչինի միջանցքով անցնող ռուսական ռազմական մեքենաների շարասյունը։
Տեսանյութը թեպետ իրական է, սակայն որևէ կերպ ապացույց չէ ռուսական զորքերի տեղաշարժի կամ Հայաստանից դուրս բերվելու մասին։ Հայաստանից Ռուսաստան ռազմական ինքնաթիռները ևս պարբերական կամ մեծ թվով թռիչքներ չեն իրականացնում՝ ի տարբերություն, օրինակ, 2020 թվականին Թուրքիայից կամ Իսրայելից դեպի Ադրբեջան թռիչքները, որոնք, ըստ տարբեր աղբյուրների մի կողմից զենք և զինամթերք էին տեղափոխում, մյուս կողմից՝ վարձկաններ։
Գրեթե նույն կերպ, հետևելով Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Սիրիայից Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին տեղեկություններին, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները Հայաստանը ներկայացնում էին որպես «տրանզիտ» երկիր՝ Սիրիայից Ռուսաստան և ապա Ուկրաինա տեղափոխվող վարձկանների համար։
Ի տարբերություն սիրիացի վարձկանների մասին տեղեկությունների՝ Հայաստանի վարձկանների թեզը չգտավ որևէ հիմնավորում՝ Լաթաքիայից Էրեբունի ռազմաբազա, այնտեղից էլ՝ Ռուսաստան իրականացված երկու թռիչքներից բացի։
Ադրբեջանի դեպքում, սակայն, ապացույցները վերջիններիս ճանապարհորդության և պատերազմին մասնակցելու մասին գտել էին մի շարք միջազգային լրատվականներ՝ ընդհուպ մինչև հարցազրույցներ անելով զինվորագրված սիրիացիների հետ։
Այս համատեքստում տարբեր առիթներով սոցիալական ցանցերի օգտատերերը վերհիշում էին նաև Արցախյան պատերազմում տարածված մեկ այլ քարոզչական թեզ՝ Իրաքի Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկների՝ հայ զինվորների հետ կռվելու մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում, ըստ տարածված թեզերի, PKK-ի զորքերը կռվում են ռուսական զորքի կողմից։
Նշենք, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Ռուսաստանում քրդական զորքերի ներկայության մասին որևէ ապացույց չկա, իսկ 2020 թվականին որպես ապացույց տարածվում էին հիմնականում Հայաստանի եզդիական բնակչության և եզդի զինծառայողների կամ կամավորների լուսանկարներ։
Ովքեր են տարածում քարոզչական թեզերը
Սոցցանցերի ինֆլյուենսերներ և ադրբեջանական լոբբիստներ
Լյուք Քոֆին, որը հայտնի ադրբեջանակն լոբբիստ է, Թվիթեր սոցիալական ցանցում պատերազմի մեկնարկից ի վեր առաջ է տանում Հայաստանի՝ Ռուսաստանի աջակիցը լինելու և, ըստ այդմ՝ սանկցիաների արժանի լինելու թեզը։ Քոֆին նման թեմայով գրառումներ էր տարածում հատկապես Հայաստանի կողմից ռուսական ՏՏ ընկերություններին և անհատներին տեղափոխման հնարավորություն տալու մասին նորությունների ֆոնին։ Ուկրաինական պատերազմին առնչվող թեմաներով Հայաստանի դեմ քարոզչություն էր անում նաև մեկ այլ հայտնի ադրբեջանական լոբբիստ Մայք Դորանը։
Մեկ այլ թեզ, որ պարբերաբար տարածում են սոցիալական ցանցերի «ինֆլյուենսերները»՝ Ուկրաինա-Ռուսաստան և Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտների նույնականացումն է։ Այսպես՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար պայքարին զուգահեռ, Ադրբեջանի լոբբիստ Բրենդա Շաֆերը պնդում էր, թե Արևմուտքը պետք է նույնկերպ աջակցի Ադրբջանին։
Այս թեզերը, բացի Բրենդա Շաֆերից, տարածում էին նաև քաղաքագետ Տարաս Կուզիոն և ուրիշներ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հետ։
«Պաշտոնական» և ոչ պաշտոնական Ուկրաինան
Հայաստանի դեմ քարոզչության մի շարք օրինակներ կան նաև ուկրաինական մամուլում, սակայն ժամանակ առ ժամանակ այս թեմային միանում են նաև ուկրաինացի պաշտոնյաները։ Նրանց դեպքում հիմնական թեման Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղում հնարավոր սրացումն է՝ Ռուսաստանի համար «երկրորդ ճակատ» բացելու համար։
Այսպես, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Օլեկսիյ Դանիլովը մարտի վերջին հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս թեզերը տարբեր մեկնաբանություններով տարածվում էին նաև սոցիալական ցանցերով։
Արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջը ևս կարծես «հավանություն էր տվել» հնարավոր բախմանը։ Արձագանքներից և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության միջամտությունից հետո թվիթը հեռացվել էր։
Ավստրիայում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Շերբան թվիթերյան իր միկրոբլոգում տարածել էր Երևանում անցկացված ցույցը՝ ի աջակցություն Ռուսաստանի։ Մինչև հայ օգտատերերի կողմից քննադատության ենթարկվելուց հետո թվիթը հեռացնելը տեսանյութն արդեն հարյուր հազարին մոտ դիտում ուներ։ Շատ չանցած Երևանում հակապատերազմական ակցիայից հետո Շերբան կրկին տեսանյութ էր տարածել, շնորհակալություն հայտնելով և գրելով, որ «ամբողջ Հայաստանը չէ, որ Պուտինի կողմից է»։ Այս տեսանյութն անհամեմատ ավելի քիչ դիտում էր ստացել ու տարածվել, քան առաջինը։
Ռուսական ալիքներ
Հայաստանի՝ Ռուսաստանի աջակիցը լինելու թեզը առաջինը տարածում են ռուսական հեռուստատեսային ալիքները՝ լուսաբանելով Հայաստանի բնակչության մեծամասնությանը անհայտ մնացած ակցիաները։ Ռուսական լրատվամիջոցները բավական ակտիվ են նաև «բիոլաբորատորիաների» վերաբերյալ Հայաստանում տարածվող թեզերը և այդ թեմաներով կազմակերպված ակցիաները լուսաբանելիս։ Միաժամանակ, այս թեման ևս նրբորեն կապվում էր Ուկրաինայի հետ, որին ևս Ռուսաստանը մեղադրում է բիոլաբորատորիաներում կենսաբանական զենքեր պատրաստելու մեջ։
Ռուսական առաջին ալիքի եթերում են հայտնվել երեկոյան Z-երով ակցիան, կոմունիստական կուսակցության ցույցերը և այլն։ Պետական առցանց լրատվամիջոցները ևս ակտիվորեն տարածում էին այս նորությունները։
Տելեգրամ
Հայկական տելեգրամում բավական տարածված են ռուսալեզու ալիքները, որոնց մի մասը հայկական են։ Այս ալիքներից շատերը՝ մի քանի տասնյակ հազար կամ մի քանի հազար հետևորդներով, լրջորեն զբաղված են ռուսական քարոզչական թեզերի տարածմամբ։
Որոշ դեպքերում անանուն ալիքների կողքին, կան, օրինակ հայտնի ռուսաստանցի ակտիվիստ Միկա Բադալյանի և լրագրող Արամ Գապրելյանովի անձնական ալիքները, որոնցում վերջիններս ակտիվորեն տարածում են ռուսական քարոզչական թեզերը։
Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլին՝ «ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու» համար այն բանից հետո, երբ տելեգրամյան իր ալիքում գրել էր, թե Հայաստանում հնարավոր են ահաբեկչություններ՝ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար։ Բադալյանը որպես իր բերման ենթարկվելու և մոտ երկու ամիս կալանքի տակ մնալու պատճառ էր ներկայացնում «հակառուսական ցույցեր ճնշելը»։ Բադալյանը նույն մեկնաբանությունն էր տվել նաև հուլիսի 29-ին բերման ենթարկվելուց հետո։
Բադալյանը նաև Հայաստանում բիոլաբորատորիաների թեման ակտիվորեն տարածողներից է։ Նա նաև կեղծ տեղեկություն էր տարածել, նշելով թե այդ լաբորատորիաների պատճառով Հայաստանում արդեն մի քանի հարյուր հոգի վարակվել է կապկի ծաղիկով։
Արամ Գաբրելյանովը ևս պատերազմից հետո հաճախ է տարածում Հայաստանի՝ ցանկացած պատերազմում Ռուսաստանի կողքին կանգնելու և ուկրաինացի «նացիստների» մասին գրառումներ։
Սրանց զուգահեռ բազմաթիվ՝ ավելի փոքր լսարան ունեցող ալիքներ տարածում են այդ գրառումները կամ ստեղծում սեփական՝ նույնաբովանդակ բովանդակություն Ռուսաստանին աջակցելու մասին։
Նմանատիպ ալիքներից է Армянский_Z_Дворик-ը, որը ստեղծվել է նախորդ տարվա գարնանը ունի շուրջ 7500 հետևորդ և զբաղվում է հիմնականում ռուսական քարոզչությամբ։ Ուսումնասիրելով այս ալիքի հրապարակումների վիճակագրությունը, երևում է, որ այն հիմնականում տարածում է Միկա Բադալյանի, Армения Сенсации-Reconquista և МИГ ИНФО, ArmLine -Новости Z ալիքների հրապարակումները։ Միաժամանակ այս ալիքները ակտիվորեն տարածում են Армянский_Z_Дворик-ի հրապարակումները։
Նույն պատկերն է նաև նույնաբովանդակ ալիքների դեպքում։ Չնայած որևէ ապացույց այս ալիքների՝ միևնույն վայրից կամ միևնույն խմբի կողմից կառավարվելու մասին չկա, սակայն միմյանց գրառումները տարածելուց զատ, այս ալիքները տարածում են նաև նույնաբովանդակ կամ քարոզչական նույն թեզերը տարածող գրառումներ։
Անի Ավետիսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: