2022.06.20,

Ստուգված է

Խաչատուրյանի ենթադրյալ հայտարարությունը չի հակասում Փաշինյանի խոսքերին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը առաջին անգամ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայաստանի նախագահի և Կրեմլի պաշտոնական կայքերում Խաչատուրյանի պետերբուրգյան հայտարարությունների տարբեր հատվածներ են մեջբերվել։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ Խաչատուրյանը Պուտինին նաև ասել է, թե Հայաստանը ցանկանում էր ավելի վաղ դադարեցնել 44-օրյա պատերազմը.

«Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը։ Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ մենք այդ մասին զրուցել ենք նաև Սերգեյ Վիկորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարևորը, որ պատերազմը կանգնեց»,- նշված է Կրեմլի տարարծած հաղորդագրությունում։

Հայաստանի նախագահականում այս հատվածը բացակայում է թե՛ տեքսային հաղորդագրությունում, թե՛ տեսանյութում։ 

Նախագահականի հասարակայնության հետ կապերի վաչությունից հետաքրքրվեցինք՝ Խաչատուրյանն իսկապե՞ս ասել է այդ խոսքերը, և եթե այո, ապա ինչո՞ւ դրանք տեղ չեն գտել հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Ի պատասխան՝ հորդորեցին դիմել գրավոր հարցմամաբ։

Մամուլը Խաչատուրյանի այդ հայտարարությունը սկանդալային և խոստովանական որակեց։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարեց, որ Խաչատուրյանն այդ քայլով «ծանր վիճակում դրեց վարչապետ Փաշինյանին»։ Ըստ նրանց՝ «Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմպիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ»։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդեց, թե նախագահը ակամա խոստովանել է՝ Փաշինյանը մեղավոր է.
«… Փաստենք, որ Խաչատուրյանն ուղղակի հերքեց Փաշինյանի հիմնական թեզերը ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգեց»,- գրել էր պատգամավորը։

Թեմային մի քանի անգամ անդրադարձավ նաև 5-րդ ալիքը՝ «Հայլուր» լրատվական հաղորդման եթերում (1, 2): Լրագրող Լարա Առաքելյանը, մասնավորապես, ասաց.
«Սկանդալային հայտարարություն արեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանը նա ընդունեց, որ 44-օրյա պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու հնարավորություն է եղել»։

Հետաքրքիր է, որ Կրեմլի հաղորդագրության համաձայն Խաչատուրյանը, դիմելով Վլադիմիր Պուտինին, ասել է, թե հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորություն ուներ հենց ՌԴ նախագահը, սակայն մեդիադաշտում շեշտադրվում է, որ պաատերազմը կանգնեցնելու հնարավորություն ուներ հայկական կողմը՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի։

Իսկ ինչ է ասել Փաշինյանը հոկտեմբերի 19-ի մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերին 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մասին, և ոչ մեկ անգամ։ Անդրադառնանք այդ հայտարարություններին՝ ըստ ժամանակագրական հերթականության։

29 նոյեմբեր, 2020
Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մասին Փաշինյանը խոսեց պատերազմի ավարտից ավելի քան մեկ ամիս անց՝ նոյեմբերի 29-ին։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրեց, որ այդ օրը զրուցել է ՌԴ նախագահի հետ, վերջինս ասել է, որ պատերազմը պետք է կանգնեցնել «ռուսական առաջարկների տրամաբանությամբ, այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում»: Ըստ Փաշինյանի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեին նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով:

Հաջորդ օրը, Փաշինյանի խոսքով, Վլադիմիր Պուտինը փոխանցել է, որ Ալիևը համաձայնել է առաջարկին, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ ըստ փաստացի շփման գծի։ Հայկական կողմը նաև պարտավորություն պետք է ստանձներ, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի:

«Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի»,- գրել էր ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով հրադադարը դարձավ անհնարին։

Ստացվում է՝ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եղել է, սակայն, ըստ Փաշինյանի, այն Հայաստանի համար ձեռնտու կամ ընդունելի տարբերակ չի եղել։

14 ապրիլ, 2021
Խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020-ի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հոկտեմբերի 19-ի հրադադարի հնարավորությանը։ Նա կրկնեց գրեթե նույն մտքերը, միակ նորությունը թերևս այն էր, որ նա ՌԴ նախագահին ասել է, թե Հայաստանը ադրբեջանցիների՝ Շուշի վերադարձի հետ կապված առարկություն չի ունենա, «եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտնման պրոցեսի հետ»։ Ադրբեջանը, ըստ վարչապետի, պահանջել է, որպեսզի տեղահանվածների վերադարձը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի հետ։

14 ապրիլ, 2022
Հաջորդ տարի նույն օրը, նույն ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով քննադատություններին, թե ինչո՞ւ չկանխեցին, կամ չկանգնեցրին պատերազմը, պատասխանեց՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել, կամ կանխել։

Ամփոփելով, Նիկոլ Փաշինյանն ինքը խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մասին՝ շեշտելով, որ այդ հնարավորությունը հայկական կողմի համար անընդունելի էր։ Այս առումով Վահագն Խաչատուրյանի հնարավոր հայտարարությունը հակասության մեջ չէ վարչապետի խոսքերի հետ։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *