2022.05.19,

Ստուգված է

ՊՆ-ն գաղտնի է համարում տեղեկությունը, որը հրապարակել է ՄԻՊ-ը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 22-ին media.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել զինված ուժերում կին զինծառայողների ներգրավածության թիվը։ Կանխատեսելով, որ կոնկրետ թվի հրապարակումը կարող է խնդրահարույց լինել, նաև նշել էինք, որ այդ տվյալը տրամադրելու անհնարինության դեպքում գերատեսչությունը պարզապես ասի, թե կանայք հայկական ԶՈւ-ի քանի տոկոսն են կազմում։

Ապրիլի 7-ին նախարարությունը պատասխանել էր, որ մեր հայցած տեղեկությունը գաղտնի է, հետևաբար չի կարող այն տրամադրել։ Փոխարենը նշել էր, որ 2020-ի համեմատ 2021-ին պայմանագրային ծառայողների ընդհանուր թվաքանակում կանանց տոկոսային հարաբերակցությունն աճել է 0,8%-ով:

Հատկանշական է, սակայն, որ ՊՆ-ի կողմից գաղտնի պահվող տեղեկատվությունը այս տարի հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2021-ի տարեկան զեկույցում։ Այնտեղ մասնավորապես նշված է, որ 2021 թվականի դրությամբ կանայք կազմում են պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակի o,5%-ը։

«Ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկությունների՝ 2021 թվականի դրությամբ ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակի o,5%-ը կազմում են կին զինծառայողները։ Կին զինծառայողների ընդհանուր թվաքանակում, ըստ պաշտոնային խմբերի դասակարգման, կին զինծառայողների քանակական բաշխվածությունը հետևյալն է․

?սպայական կազմ՝ 14.3%
?ավագ սպայական կազմ՝ 4.7%
?կրտսեր սպայական կազմ՝ 9.6%
?ավագ ենթասպայական կազմ՝ 34.9%
?պայմանագրային կրտսեր ենթասպայական և շարքային կազմերը՝ 50.8%

Կին զինծառայողների թվաքանակը Երևանում տեղաբաշխված զորամասերում կազմում է 34.6%, իսկ մարզերում՝ 65.4%»,- նշված է զեկույցում։

ՄԻՊ-ը տեղեկություններ էր հրապարակել նաև 2019 թվականի մասին՝
«2019 թվականին Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակը 9.1%-ը կազմել են կին զինծառայողները, իսկ 2020 թվականին կին զինծառայողները կազմել են 8.5%-ը»։

Այսպիսով, պաշտպանական գերատեսչությունը հրաժարվել է հրապարակել և գաղտնի է որակում մի տեղեկատվություն, որն արդեն իսկ տրամադրել է ՄԻՊ-ին, կառույցն էլ այն հրապարակել է տարեկան զեկույցում։ Media.am-ը իրավիճակի պարզաբանման համար շաբաթներ առաջ դիմել էր ՊՆ, սակայն կառույցը լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանի համար և մինչ օրս չի արձագանքել։

Նման դեպքեր էլի են եղել

Սա առաջին դեպքը չէ, երբ պետական կառույցները անհիմն պատճառաբանություններով հրաժարվում են տրամադրել տեղեկատվություն լրատվամիջոցներին։ 

Նախորդ ամիս մենք հարցրել էինք ոստիկանությանը՝ քաղաքացիական անձանց շրջանում զենք կրելու իրավունք ունեցող քա՞նի մարդ կա և նրանցից քա՞նիսն է այդ զենքը կիրառել անօրինական նպատակով: Առաջին հարցին ոստիկանությունը հրաժարվեց պատասխանել՝ որակելով այն «հույժ գաղտնի»: Երկրորդ հարցին չպատասխանեց՝ հիմնավորելով, թե կառույցում նման «հաշվառում չի կատարվում»: 

Պատասխանից մոտ 25 օր անց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցազրույցում հրապարակեց վիճակագրություն՝ օրինական զենքի անօրինական կիրառման քանակի մասին։ Նրա խոսքով՝ օրինական զենքի միջոցով տարեկան 2-3 հանցագործություն է տեղի ունենում։ Մեզ հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանը տեղեկության աղբյուր նշեց ոստիկանությանը և տրամադրեց վերջինիս պատասխան գրությունը: Փաստացի, ոստիկանությունը հրաժարվել էր մեզ տրամադրել մի տեղեկություն, որն ամիսներ առաջ տրամադրել էր Վիլեն Գաբրիելյանին։ 

Մեկ այլ դրվագով էլ Ոստիկանությունը հրաժարվել էր «Փաստերի ստուգման հարթակին» (FIP.am) տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին մահացած քաղաքացու մահվան հանգամանքների մասին: Մերժումը հիմնավորել էր անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության օրենքին հղում անելով: Հատկանշական է, սակայն, որ 2 օր առաջ քաղաքացու մահվան պատճառների մասին տեղեկությունը արդեն իսկ հայտնվել էր գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններում:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “ՊՆ-ն գաղտնի է համարում տեղեկությունը, որը հրապարակել է ՄԻՊ-ը”
  1. բարի մարդ says:

    Մայիսի 22 չէ, մարտի 22

  2. Gegham says:

    շնորհակալություն վրիպակը նկատելու ու զգուշացնելու համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *