2022.05.11,

Ստուգված է

Իշխանությունների հակասական հայտարարությունները անկլավների մասին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր – խմբ․) և Քյարքիի (Տիգրանաշեն – խմբ․) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ դրանք Ադրբեջանի տարածքները չեն, դրանք Ադրբեջանինն են»,- ասել էր Խալաֆովը ու հավելել՝ «այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում»:

Ի պատասխան փոխնախարար Խալաֆովի՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր, որ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել։

«Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին»,- շեշտել էր Մարուքյանը։

Այս դրվագը չէր գրավի media.am-ի փաստերի ստուգման թիմի ուշադրությունը, եթե չլինեին անկլավների պատկանելիության վերաբերյալ իշխանությունների նախկին հայտարարությունները, որոնք այժմ հակասում են պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։

Անկլավների հարցը բարձրացվեց 2021-ի մայիսին, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամ ալիքում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել Հայաստանի տարածքում գտնվող 6 գյուղեր։ Ավելի ուշ մեկ այլ տելեգրամ ալիքում հրապարակվեց փաստաթուղթ, որն իբրև հաստատում էր Մինասյանի խոսքերը։ Նույն օրը Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրապարակվածն իրոք քննարկումների սեղանին դրված փաստաթղթի նախագիծ է, և իր կարծիքով՝ դրա ստորագրումը բխում է Հայաստանի շահերից։

Մայիսի 24-ին այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հարցազրույցում ասաց, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական անկլավներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ ու թվարկեց դրանք․

«Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար։ Դա քարտեզով ադրբեջանական տարածք է նշված»։

Մայիսի 30-ին Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդաշարում ցուցադրվեց ռեպորտաժ, որտեղ խոսվում էր Հայաստանի 2 մարզերում՝ Արարատում և Տավուշում գտնվող ադրբեջանական անկլավների և Ադրբեջանում գտնվող հայկական անկլավների մասին։ 



Շաբաթներ անց՝ հունիսի 11-ին, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսեց անկլավների մասին՝ ընդգծելով իրենց մոտեցումը․ «Մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն ա, որ էդ անկլավը փոխանակվի անկլավի հետ»։ 

Փաշինյանը շեշտեց, որ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծումներ կան․ «Ուղղակի թողնում ենք. այն, ինչ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։

 

  

2021-ի նոյեմբերի 7-ին վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին խոսեց Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական տարածքների մասին։

«Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»։

 

  

Այս տարի՝ 2022-ի ապրիլի 7-ին վարչապետը կրկին խոսեց Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական հողերի մասին․

«Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության  ներքո, կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են։ Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով»։

 

Միևնույն ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021-ի դեկտեմբերին «Ազատության» եթերում ասաց, որ այդ պահին իրենց ձեռքի տակ գտնվող տեղեկություններով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։

«Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի (советское хозяйство – խմբ․) ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», – ասաց ԱԽ քարտուղարը։

Ստացվում է՝ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը և Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Բարխուդարլու, Սոֆուլու տարածքները սովետական տարբեր քարտեզներով Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն մաս են։ Սակայն այդ քարտեզները, ըստ Մարուքյանի և Արմեն Գրիգորյանի, իրավական հիմք չունեն։

Այսպիսով, պետական պաշտոնյաները փաստացի հակասում են իրար․ Էդմոն Մարուքյանն ու Արմեն Գրիգորյանը պնդում են, որ չկա որևէ իրավական հիմք, թե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում թեզը, թե Հայաստանի տարածքում կան ադրբեջանական հողեր, իսկ նրա թիմակից Վահե Ղալումյանը նշում այդ հողերի (անկլավների) կոնկրետ անունները։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *