2022.04.28,

Ստուգված է

Իրար հակասող հայտարարություններ՝ ողբերգական վթարի մասին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Ողբերգական վթարից 2 օր անց էլ նոր վարկածներ են առաջ քաշվում միջադեպի հետ կապված։ Դրանք հաճախ միմյանց հակասող կամ բացառող պնդումներ են։

Պաշտոնապես միջադեպին առաջինն արձագանքեց ՀՀ ոստիկանությունը, նշելով` «ժամը 18:24-ին օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ»։ Ոստիկանության տվյալներով՝ կնոջը վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը գտնվել է ծառայության մեջ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։ Իրավապահ կառույցի փոխանցմամաբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով։ Սա նշանակում է, որ վարորդին մեղադրում են երթևեկության կանոնները խախտելով՝ անզգուշությամբ մահվան հասցնելու և պատահարի վայրից հեռանալու համար (թեև մեղադրանք դեռևս առաջադրված չէ)։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ վրաերթը տեղի է ունեցել ժամը 18:05-ի սահմաններում։ Վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Մեկ օր անց՝ ապրիլի 27-ին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրեց, թե ՃՈ աշխատողները չեն կանգնել կնոջն օգնություն ցույց տալու, քանի որ գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը։ Ըստ նրա՝ դա լրացուցիչ խցանումներ կառաջացներ հարակից փողոցներում և կխոչընդոտեր շտապօգնության մեքենայի աշխատանքը:

Քննչական կոմիտեի և Տարոն Չախոյանի հայտարարությունները, սակայն, հակասում են վարչապետի ավտոշարասյուն ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար, ձերբակալված Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությանը։ «Հետքի» հետ զրույցում Բալոյանն ասել է, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Նրա խոսքով՝ կնոջն արագ տեղափոխել են շտապօգնության մեքենա, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: 

Եթե գումարտակի մեքենաներից մեկի կանգ առնելու դեպքում պետք է կանգներ ողջ շարասյունը, ապա պարզ չէ, թե ինչպես է կանգնել միայն հրամանատարի մեքենան, իսկ վարչապետը, առանց մանրամասների մասին իրազեկվելու, շարունակել ճանապարհը։ Պաշտպանի պնդումը նաև հակասում է Քննչական կոմիտեի հայտարարությանը, թե վարորդը լքել է վայրը և վերադարձել մոտ երկու ժամ անց՝ 20:05-ին։ 

Համացանցում տարածված տեսանյութերից որևէ մեկում Media.am-ին չհաջողվեց ֆիքսել ո՛չ ոստիկանական «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, ո՛չ Սոնա Մնացականյանին մոտեցող համազգեստով հրամանատար Արամ Նավասարդյանին (1 2 3): Սա, իհարկե, դեռևս չի նշանակում, որ ոստիկանը կանգ չի առել, սակայն այս պնդումը հաստատող փաստերն առայժմ հրապարակված չեն։

Վարչապետի շարասյան մեքենաները չե՞ն կարող կանգնել

Շրջանառվում է պնդում, թե վարչապետի շարասյունը իրավունք չունի կանգ առնել։ Տարոն Չախոյանից բացի, այս թեմայով խոսել է նաև ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով, մանրամասներին չտիրապետելով հանդերձ, այն կարծիքին է, որ նման դեպքում չի կարելի կանգնել. «Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում»։

Այս դաշտը կարգավորվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով և հատուկ իրավական ակտերով։ Օրենքում սահմանված չեն վարչապետին ուղեկցող ավտոշարասյան պրոտոկոլային մանրամասները, դրանք առանձին աշխատանքային փաստաթղթեր են։ Media.am-ը հարցմամաբ դիմել է ԱԱԾ-ին՝ խնդրելով տրամադրել դրանք։ 

Օրենքում, սակայն, կարդում ենք, որ Պետական պահպանության ծառայությունը, որը պետք է պահպանի վարչապետի անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում կարող է միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ։ Ծառայությանը վերապահված են նաև հատուկ միջոցներ ձեռնարկելու իրավունքներ, որոնք կարող են իրականացվել՝

  1. պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս
  2. ծառայության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս
  3. պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս

Եթե ավտոշարասյան կանգ չառնելը դիտարկենք որպես հատուկ միջոցառում, ապա այն կարող էր արդարացված լինել, եթե պահպանվող օբյեկտին՝ տվյալ դեպքում վարչապետին, վտանգ սպառնար։ Սակայն պարզաբանումներից որևէ մեկում սպառնացող վտանգի մասին խոսք չի եղել, ավելին՝ վարչապետն այդ ժամանակ շտապում էր Ազգային ժողով՝ մասնակցելու ՔՊ նիստին, ինչպես հարցազրույցում նշել է իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *