2022.04.22,

Ստուգված է

Պետքարտուղարության քննադատությունն այդպես էլ չհայտնվեց «Առաջին ալիքում»

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 18-ին Հանրային հեռուստատեսության «Լուրերի» եթերում անդրադարձ եղավ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցին։ Ինչպես Amnesty International-ի դեպքում, այս անգամ ևս ռեպորտաժում որևէ խոսք չկար զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածից։ Նյութի հեղինակը խոսեց փաստաթղթի՝ բացառապես Ադրբեջանին նվիրված հատվածից՝ ներկայացնելով այդ երկրին ուղղված քննադատությունները։

«ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ կա այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին։ Ազգային ժողովի նախագահի ընտրություններում արձանագրված խնդիրներից, մինչև իշխանությունից կախված դատական համակարգ, մամուլի ազատության սահմանափակումներ, հայ գերիների հանդեպ ապօրինություններ։ Այս խնդիրների ցանկը երկար է»,- նշվում է «Լուրերի» ռեպորտաժում։

Իրականում այս զեկույցի՝ Հայաստանին նվիրված գլխում ևս կա շատ կոշտ քննադատություն։ Ծավալուն փաստաթղթում ամերիկյան Պետքարտուղարությունն անդրադառնում է անցած տարվա իրավախախտումներին՝ բանակում, խորհրդարանում, ընտրություններում, կալանավայրերում և այլուր, որի մասին «Լուրերում» որևէ խոսք այդպես էլ չեղավ։

Զեկույցը դասակարգված է՝ ըստ թեմաների։

Զոհեր բանակում՝ ոչ մարտական պայմաններում

Զեկույցում ասվում է, որ իրավապաշտպան համայնքը մտահոգված է, քանի որ բանակում՝ ոչ մարտական պայմաններում, մահվան դեպքերի վերաբերյալ արժանահավատ հետաքննություն իրավապահ մարմինները չեն անցկացնում, բազմաթիվ դեպքերը որակվում են իբրև ինքնասպանություն, ինչն էլ նվազեցնում է չարաշահումների բացահայտման և հետաքննության հավանականությունը:

Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության, այնպես էլ քննչական մարմնի կողմից:

«Իշխանությունները տարվա ընթացքում որևէ քայլ չձեռնարկեցին փաստահավաք հանձնաժողով ստեղծելու համար, որը կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում մահերը, մարդու իրավունքների այլ խախտումները. հանձնաժողովը նախատեսվում էր ստեղծել մինչև 2020 թվականը», – ասված է զեկույցում։

Բանտերի և կալանավայրերի պայմանները

Զեկույցի հեղինակները մտահոգություն էին հայտնել նաև կալանավայրերում տիրող պայմանների վերաբերյալ։ Ճիշտ է, կար նկատառում, որ կալանավորների թիվը կրճատվել է՝ այդ թվում վաղաժամ ազատումների բարելավված համակարգի շնորհիվ, բայց որոշ բանտերում պայմանները դաժան էին և բնութագրվում էին սանիտարական վատ պայմաններով, անբավարար բժշկական ծառայություններով։ Թեև կա նշում, որ դիտորդները բանտային պայմանները կյանքի համար վտանգավոր այլևս չեն համարում, սակայն բանտերում 2019-ից իրականացվող վերանորոգումը բանտարկյալների համար լուրջ բարելավումների չի հանգեցրել:

Նշվում է, որ եղել են հաղորդումներ կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին, ինչպես նաև տեղեկություններ 2020 թվականին ապօրինաբար մահապատժի ենթարկված որոշ ադրբեջանցի կալանավորների մասին:

Դատական համակարգ և կոռուպցիա

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Պետքարտուղարությունը նշում է, որ Հայաստանը համակարգային կոռուպցիայի ժառանգություն ուներ բազմաթիվ ոլորտներում, մեղադրանքներ են հնչել պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մեջ պետական պաշտոնյաների ներգրավման մասին։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ Փաշինյանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ շրջանակն ամրապնդելու համար՝ ներառյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը:

«Դատական համակարգը հիմնականում անկախություն և անաչառություն չի ցուցաբերել: Դատավորների անաչառության նկատմամբ ժողովրդական վստահությունը մնացել է ցածր: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ընդգծել են, որ արդարադատության սեկտորը պահպանում է բազմաթիվ պաշտոնյաների, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և հետևողականորեն ձեռնտու վճիռներ են կայացրել նրանց համար: Դատավորների կոռուպցիան շարունակում է մտահոգիչ մնալ», – ասվում է զեկույցում։

Բռնություններ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ

Ըստ զեկույցի՝ մեկ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 18 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ պետական պաշտոնյաների կողմից։ Հարձակման զոհ դարձած լրագրողների գործերով իրավապահները գնահատականներ չեն տվել՝ որպես պատճառ բերելով իրավական հիմքերի բացակայությունը։ Նույն պատճառաբանությամբ դատարան չի հասել նախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը։ Փոխարենը, ինչպես նկատում են զեկույցի հեղինակները, իշխանություները խստացրել են զրպարտության, ծանր վիրավորանքի մասին օրենսդրությունը՝ կտրուկ բարձրացնելով որպես պատիժ նախատեսված առավելագույն տուգանքը, զգալիորեն սահմանափակել են խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքը։

Պետքարտուղարկության զեկույցքում Խորհրդարանական ընտրությունները որակվել են ազատ, բայց անհանդուրժողական հռետորաբանությամբ, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործը՝ ձախողված: 

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Այսպիսով, Հանրային հեռուսատատեսության նորությունների թողարկման մեջ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ որևէ անդրադարձ չեղավ հեղինակավոր կառույցի զեկույցի՝ Հայաստանին նվիրված գլխին, որը լի էր քննադատություններով: Առաջին դեպքը մարտին էր, երբ «Լուրերը» չէին ներկայացրել Հայաստանին ուղղված քննադատությունները Amnesty International-ի զեկույցում:

Օֆելյա Սիմոնյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *