2022.03.26,

Ստուգված է

Հայաստանում ռուսական օդանավ չի կալանվել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 22-ին ռուսական «Ինտերֆաքսը», հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին, գրեց, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով արտերկրում կալանվել է ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ։

«Մենք երկրում ունեինք ընդհանուր առմամբ 1367 ինքնաթիռ, որոնցից 78-ը կորցրինք, դրանք կալանվեցին թռիչքների ժամանակ»,- ասել էր Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ օդանավերը կալանվել են այդ թվում Ռուսաստանի բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում։

Այս տեղեկությունը լայնորեն տարածվեց հայկական մեդիայում՝ շեշտադրումով, որ Հայաստանում կալանվել են ռուսական ինքնաթիռներ։ 

News.am-ը, մասնավորապես, գրել էր, թե «Հայաստանը երկների շարքում է, որոնք ռուսական ինքնաթիռներ են կալանել»։ Tert.am-ը, oragir.news-ը, mamul.am-ը, 5-րդ ալիքն ու այլ լրատավականներ նշեցին, թե «Հայաստանում կալանվել է ռուսական ավիաընկերության ինքնաթիռ»։

Media.am-ը փորձեց հասկանալ, թե որքանով է տարածվող տեղեկատվությունն իրական։

Լուրը կրկնվում է

Պնդումը, թե Հայաստանում կալանվել է ռուսական ինքնաթիռ, ճիշտ չէ։ Օդանավը, որի մասին խոսվում էր, ոչ թե ռուսական էր, այլ պարզապես վարձակալված էր ռուսական ավիաընկերության կողմից։ Տվյալ օդանավը օգտագործելու իրավունքից ռուսաստանցի վարձակալը զրկվել էր ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներից հետո։

Մոտ 3 շաբաթ առաջ՝ մարտի 3-ին, «Авиаторщина» տելեգրամ ալիքն էր գրել, թե Հայաստանում ինքնաթիռ է ձերբակալվել և հրապարակել էր լուսանկար, որում երևում էր Airbus А320 տիպի ինքնաթիռ։ Հայկական մեդիայում լուրը առաջինը տարածեց ռուսական «Սպուտնիկ Արմենիան»։ 

Նույն օրը օդանավի ձերբակալման լուրը հերքեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մեկ օր անց՝ Քաղաքացիական ավիացիան։ 

Ըստ պարզաբանման, խոսքը ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի մասին է, որը ոչ թե ձերբակալվել է, այլ ժամանակավորապես դադարեցվել է դրա թռիչքի թույլտվությունը: Ըստ քաղավիացիայի՝ խնդիրը կապված է եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանության, ինչպես նաև օդանավի վարձատուի հետ: 

Տելեգրամ ալիքի հրապարակած սքրիշոթում էլ (որն արվել է flightradar24-ից) երևում է, որ խոսքը ոչ թե ռուսական, այլ Բերմուդյա կղզիներում գրանցված օդանավի մասին է։ А320 օդանավը պատկանում է հեղինակավոր SMBC Aviation Capital լիզինգային ընկերությանը, որն էլ ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան մասնաճյուղերից է։

 

Օդանավի վերջին 7 օրերի թռիչքուղու մասին տվյալները այժմ flightradar24-ից բացակայում են, սա նշանակում է, որ առնվազն նախորդող մեկ շաբաթվա ընթացքում այն թռիչք չի ունեցել կամ դրանք համակարգում չեն գրանցվել։ 

Ինքնաթիռի մասին վերջին տվյալները flightradar24-ում երևացել են մարտի 16-ին, երբ А320-ը Երևանից թռչել է Հունաստանի «Հերակլիոն» օդակայան։ Սա նշանակում է, որ օդանավը մոտ երկու շաբաթ եղել է Հայաստանում, սակայն Վիտալի Սավելևի հայտարարության օրը՝ մարտի 22-ին, արդեն Հայաստանում չի եղել։

Ինչո՞ւ Հայաստանը չէր կարող թույլատրել թռիչքը

Խնդիրն այն է, որ մարտի 2-ից Ռուսաստանում շահագործվող օտարերկրյա ընկերություններից վարձակալված Airbus, Boeing և այլ տեսակի օդանավերը կասեցրել են համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ և դադարեցրել պահեստամասերի մատակարարումը և սպասարկումը։ Վարձատու ընկերություններից է կախված օդանավի պիտանելիության մասին տրվող փաստաթղթերը, թռիչքի թույլտվությունը, նրանք նաև կարող են հետ կանչել իրենց ռեեստրում գրանցված օդանավերը:

Ավելի ուշ Բրիտանիային պատկանող Բերմուդյան կղզիների քաղաքացիական ավիացիայի վարչությունը կասեցրեց Ռուսաստանում օգտագործվող օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրերը։ Ատլանտյան օվկիանոսի այդ կղզիներում է գրանցված Ռուսաստան թռչող ավելի քան 700 օդանավ։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության պաշտոնական տվյալներով՝ ռուսական ավիաընկերությունները շահագործում են 1367 օդանավ։ 

Առհասարակ Ռուսաստանի առևտրային ինքնաթիռների կեսից ավելին գործում են վարձակալությամբ, այսինքն ռուսական ընկերությունները ինքնաթիռների սեփականատերերը չեն և միայն ժամանակավորապես վարձակալել են դրանք, ընդ որում, շատ օդանավեր կառավարվում են Ռուսաստանից դուրս գտնվող ընկերությունների կողմից։

Բերմուդյան կղզիների և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1999 թվականին։ Համաձայնագրի կասեցման դեպքում բոլոր վերահսկողական գործառույթները պետք է վերադարձվեն Բերմուդներին, նրանք կարող են ետ կանչել իրենց ռեեստրում գրանցված օդանավերը, չեղարկել ռուս օդաչուների արտոնագրերը։ 

Դա էր պատճառը, որ մարտի 11-ին Վլադիմիր Պուտինի որոշեց դյուրինացնել դրսից լիզինգով վերցրած օդանավերի վերագրանցումը Ռուսաստանում։ Այդպիսով օդանավերն արդեն կարող են թռիչք կատարելու թույլտվություն ստանալ ռուսական ավիացիոն իշխանություններից, քանի որ արդեն գրանցած կլինեն ռուսական ռեեստրում։ Ստացվում է օդանավերի երկակի գրանցում, մեկը դրսում, մյուսը՝ Ռուսաստանում։ Մինչդեռ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) օդանավերի երկակի գրանցման օրինականությունը կասկածելի է համարում։ Իսկ Հայաստանը միջազգային այդ կազմակերպության անդամ է։ Թույլ տալով А320 օդանավի թռիչքը Ռուսաստան՝ Հայաստանը կխախտեր միջազգային իր պարտավորթյունները։ 

Ամփոփելով, պնդումը, թե Հայաստանում կալանվել է ռուսական ինքնաթիռ, ճիշտ չէ, քանի որ հիշատակվող Airbus А320-ը Բերմուդյան կղզիներում գրանցված օդանավ է, և Ռուսաստանում գործել է միայն վարձակալությամբ։ Հայաստան մուտքից հետո այն իսկապես հետ չի վերադարձել Ռուսաստան, քանի որ մարտի 2-ից Airbus-ը դադարեցրել է ռուս վարձատուների հետ համագործակցությունը և հետ պահանջել իր օդանավերը։ Հայաստանը, որպես ICAO անդամ պետություն, գործել է միջազգային պարտավորթյուններին համահունչ։ 

Պարզաբանման համար լուրի տարածման օրը դիմել էինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որտեղից հերքեցին, թե Հայաստանում ռուսական օդանավ է կալանվել։ Նախարարությունից հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել՝ առավել մանրամասն տեղեկատվության համար, որին խոստացան պատասխանել մեկ օրվա ընթացքում, սակայն մինչ օրս պատասխան չի եկել։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *