2022.02.21,

Ստուգված է

ԱԺ-ն և ԱԳՆ-ն 2010-ին չեն դատապարտել թուրք-ադրբեջանական պայմանագիրը, բայց…

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չընդունեց Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» նախագծին չմիանալը հիմնավորեց նրանով, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է հռչակագրին։ Ըստ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ անտրամաբանական կլինի, եթե խորհրդարանը նույնաբովանդակ նախագիծ ընդունի, քանի որ «Խորհրդարանն ու Արտգործնախարարությունը վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»։

Գուրգեն Արսենյանը նշեց նաև, որ Շուշիի հռչակագրում հղում է արված 2010-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագրին, որի հետ կապված նախկին իշխանությունները դատապարտող որևէ հայտարարություն չեն արել։

Այս պնդուն իր ելույթում հաստատեց նաև Մարիա Կարապետյանը։




Media.am-ը ստուգեց պատգամավորների խոսքերը և պարզեց, որ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին» համաձայնագիրը (Հայաստանի տարածքից դիտել VPN-ով, քանի որ այս հարթակ մուտքը Հայաստանի տարածքից արգելափակված է) դատապարտող նախագիծ ԱԺ չի բերվել, ՀՀ ԱԳՆ-ն ևս համաձայնագիրը դատապարտող որևէ հայտարարություն այդ ժամանակ չի արել։ Սակայն կարևոր է հասկանալ 2010-ին ստորագրված համաձայնագրի և 2021-ին ստորագրված, ապա՝ վավերացված Շուշիի հռչակագրի  տարբերությունները։

Ռազմավարական համագործակցության և փոխգործակցության համաձայնագիր

2010 թվականը մեր տարածաշրջանում նշանավոր­վեց կարևոր քաղաքական զարգացումներով․ օգոս­տոսի 16-ին ստորագրվեց թուրք-ադրբե­ջանական ռազ­մավարական համաձայնագիրը, իսկ մի քանի օր անց՝ օգոս­տոսի 20-ին, հայ-ռուսաստանյան արձանա­գրութ­յունը, որով ընդլայնվում էր մեր երկրում ռուսական ռազմակայանի առջև դրված խնդիրների ցանկը, երկարում էր դրա մնալու ժամկետը և կատարվում էին այլ փոփոխություններ:

Oգոստոսի 16-ի պայմանագրի իրավական հիմքերն են 1921թ,-ին ստորագրված Կարսի, 1994 թ.-ին ստորա­գրված «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարե­կա­մության և բազմակողմանի համագործակցության զարգացման մասին» պայ­­մա­­նա­գրերը և «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրա­պե­տութ­յան միջև հա­մագործակցության և փոխօգնության մասին» արձանագրութ­յունը: Նոր պայմանա­գի­րը դարձավ նախկինում ստորագրված փաստաթղթերի տրամաբանա­կան շարունակութ­յու­նը:

Պայմանագիրն ունի 23 հոդված, որոնք խմբավորված են 5 բաժիններում` «Ռազմաքաղաքական և անվտանգության հարցեր», «Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր», «Տնտեսական համա­գոր­ծակցության հարցեր», «Հումանիտար ոլորտում համագործակցության հար­ցեր», «Ընդհանուր և ամփոփիչ դրույթներ»։

Առավել կարևորվում էին «Ռազմաքաղաքական և անվտանգության» և «Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության» մասին հարցերը:

Ռազմաքաղաքական և անվտանգության հարցերի շրջանակում կողմերը պարտավորվում էին սերտ համագործակցել միմյանց անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովման համար, իսկ վտանգների դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Փոխօգնությունը կարող էր լինել թե՛ անհետաձգելի խորհրդատվության, թե՛ ռազմական աջակցության տեսքով: 

Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ենթադրում էր պաշտ­պանական ոլորտում ծառայությունների մատուցում, համատեղ զորավարժութ­յուն­ների և պաշտպա­նական պատրաս­տութ­յանն ուղղված աշխատանքներ, զին­ված ուժերի համար մասնագետների պատրաստում, զինված ուժերի նյու­թատեխնիկական ապահո­վում, ռազմա­բժշկա­կան օգնություն:

«Շուշիի հռչակագիր»

«Շուշիի հռչակագրում» ևս կարևորվում է ռազմական համագործակցությունը, երրորդ երկրից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում անհրաժեշտ խորհրդատվական և ռազմական փոխօգնությունը, համատեղ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման ուղղությամբ և այլն:

Սակայն այստեղ, ի տարբերություն նախորդ համաձայնագրի, կան մի քանի կարևոր կետեր, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ազգային շահին: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է.

«Ադրբեջանն ու Թուրքիան միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցք) բացումն ու որպես այդ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը կարևոր նպաստ են ունենալու երկու երկրների միջև տրանսպորտային-կոմունիկացիոն կապերի ակտիվացման գործում»,- նշված է հռչակագրում:

Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության հարցին.

«Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները, պատմության խեղաթյուրումը և փաստերի խեղաթյուրմամբ պատմությունը քաղաքականացնելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, վճռականորեն աջակցում են այս համատեքստում 1915 թ․ դեպքերի հետ կապված սեփական արխիվները բացող Թուրքիայի ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում և այլ երկրներում գտնվող արխիվների բացմանն ու այդ թեմայով պատմաբանների կողմից քննությունների իրականացմանը»։

Խոսվում է նաև «հայկական բռնագրավումից ազատագրված տարածքների» մասին.

«Կողմերը, հիմք ընդունելով ականապատ տարածքների ականազերծումը, աջակցելու են հայկական բռնագրավումից ազատագրված տարածքներում բնականոն կյանք ապահովելուն ուղղված գործողություններին»: 

Հատկանշական է, որ այս հռչակագիրը ստորագրվել է Շուշիում, որը 1991-ին ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի կազմում երբեք չէր եղել:

Այսպիսով, իշխանական պատգամավորների պնդումը, որ 2010 թվականի համաձայնագիրը դատապարտող հայտարարություն ԱԺ չի տարվել, ճիշտ է: Սակայն, «Շուշիի հռչակագիրը», թեև շարունակությունն է «Ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին» համաձայնագրի, այնուամենայնիվ զգալիորեն տարբերվում է այդ համաձայնագրի բովադակությունից և շատ ավելի խնդրահարույց է հայկական կողմի համար:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *