2022.01.19,

Ստուգված է

«Անռիվա տուրը» Ստամբուլ չվերթ չի ունեցել, բայց գովազդել է թռիչքը․ ով էր ճիշտ, ով՝ սխալ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի 19-ի նիստում Ազգային ժողովը քննարկում էր կառավարության՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով 13 տեսակի գործունեության համար հեշտացվում է օտարերկրյա տնտեսվարողների գործունեությունը ՀՀ-ում։

Խոսելով օրենքի նախագծի մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, թե փոփոխություներն իրականացվում են կոնկրետ երկրի համար՝ ակնարկելով Թուրքիային։ CivilNet-ը, սակայն, շուտով գրեց, որ արտոնություն ստացող երկրների ցանկում Թուրքիան ներառված չէ՝ հրապարակելով օրենքի նախագիծը։ 

Ի պատասխան Ստամբուլյանի ելույթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, որ Հռիփսիմե Ստամբուլյանը «Անռիվա տուր» տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրենն է, որն իրականացրել է Երևան-Ստամբուլ չվերթներ։

«Ակցիա՝ Երևան-Ստամբուլ-Երևան, 96000 դրամ․ սիրով սպասում ենք ձեզ՝ «Անռիվա տուր»․․․տեղեկացնեմ, որ այս տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրենն է Հռիփսիմե Ստամբուլյանը, որը մի քանի րոպե առաջ մեր վրա էր մատ թափ տալիս, որ Երևան-Ստամբուլ չվերթներ կան․․․ Ով-ով, գոնե Դուք այդ թեմայից չպետք է խոսեք, տիկին Ստամբուլյան, որովհետև տարիներ շարունակ գումար եք վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»,- նշեց Հասմիկ Հակոբյանը։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վաղարշակ Հակոբյանը, շարունակեց այս թեման՝ նշելով, որ 15 րոպեում փոքրիկ ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ Երևան-Ստամբուլ առաջին չվերթը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2003 թվականին:

«Առաջին չվերթը նախաձեռնվել է 2003թ–ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկերները արդեն եղել են իշխանության մեջ։ Չվերթը նախաձեռնվել է թուրքական ինչ–որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Media.am-ը որոշեց ստուգել պատգամավորների խոսքերի իսկությունը։ 

Ստամբուլյանը 2017-2021 թվականներին տնօրինել է «Անռիվա տուր» ՍՊԸ-ն, սակայն չի հանդիսանում հիմնադիր տնօրեն, ընկերությունը հիմնադրել է Վահագն Ստամբուլյանը՝ 2013-ին։

Հայտարարությունը, որը կարդում է Հասմիկ Հակոբյանը, 2017 թվականի է։ «Անռիվա տուր»-ը իսկապես գովազդել է Երևան-Ստամբուլ չվերթի տոմսեր, սակայն Ստամբուլանը հերքում է տեղեկությունը, թե ընկերությունն իրականացրել է այդ չվերթները, իր խոսքերով իրենք միայն գովազդել են ավիտոմսերը։

Տվյալ հայտարարությունում իսկապես չի նշվում, որ չվերթ իրականացնողը «Անռիվա տուր»-ն է, սակայն մեկ այլ հայտարարությունում ընկերությունը նշում է, որ իրականացնում է ուղևորափոխադրումներ՝ այդ թվում Թուրքիա։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Քաղաքացիական ավիացիայից՝ «Անռիվա տուր»-ը չի իրականացրել որևէ չվերթ Ստամբուլ, ավելին՝ ընկերությունը միայն պատվերներ է գրանցում, և չվերթներ չի ունենում։

Ինչ վերաբերում է Վաղարշակ Հակոբյանի հայտարարությանը, թե Երևան-Ստամբուլ առաջին չվերթը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2003 թվականին, ապա այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունը սկսել է 1990-ականներից, երբ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) փոխանցեց մեզ, որ պաշտոնապես հայկական ավիաուղիների չվերթը բացվել է 1995 թվականի մայիսին, հենց այդ ժամանակ էլ կազմակերպվել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։

«Մենք ապրիլին հայ-թուրքական պայմանագիրը ստորագրեցինք օդային շրջափակումը բացելու համար։ Անձամբ ես եմ մեկնել Անկարա և Թուրքիայի գործընկերոջս հետ այդ հարցը լուծեցինք, և վերջապես օդային շրջափակումը վերացավ։ Հայկական ավիաուղիներն այդպիսով շաբաթական երկու չվերթ էին իրականացնում»,- ասաց Պետրոսյանը։

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ մինչ այդ հայկական օդանավերը ևս թռչել են Ստամբուլ, բայց ռուսական կոդերով, այսինքն թռչում էին Սոչի, այնտեղ կոդը փոխվում էր, որից հետո գնում էին Ստամբուլ։

Ամփոփելով՝ Հռիփսիմե Ստամբուլյանը իսկապես տնօրինել է «Անռիվա տուր»-ը, որը առնվազն գովազդել է դեպի Ստամբուլ չվերթներն ու ուղևորափոխադրումները՝ Թուրքիա։ Իսկ Երևան-Ստամբուլ առաջին չվերթն իրականացվել է ոչ թե 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլ 1995-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *