2022.01.17,

Ստուգված է

Կորոնամիֆեր. հունվարի 1-16

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունվարի առաջին կեսին հակապատվաստումային ակտիվիստները զբաղվում էին պաշտոնական վիճակագրության պարզ մանիպուլյացիայով, սունկ էջերը տարածում էին հին լուսանկարներ՝ սենսացիոն վերնագրերով, իսկ ամեն ինչը կասկածի տակ առնող օգտատերը շտապում էր հավատալ կեղծ լուրեր տարածող ռուս վիրաբույժին։ 

Սունկ էջերում և խմբերում տարածվեցին հին կամ հերքված լուրեր

Համացանցում և սոցիալական ցանցերում ակտիվ են բազմաթիվ էջեր և կայքեր, որոնք դիրքավորվում են որպես լրատվականներ, սակայն իրական լրագրությամբ չեն զբաղվում։ Դրանք չեն ստեղծում սեփական բովանդակություն, այլ հրապարակում են սենսացիոն, խայծ վերնագրերով նյութեր՝ օգտատերերի «քլիքերը» որսալու և գումար աշխատելու համար։ Media.am-ը նման հարթակները անվանում է սունկ կայքեր և սունկ էջեր։

Հունվարի սկզբին սունկ էջերում մի շարք հին կամ հերքված լուրեր տարածվեցին։

? Մի քանի հարթակներում հրապարակվեց թաղման մի լուսանկար, որում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին հատուկ հանդերձանքով մարդիկ տանում էին փակ դագաղ (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3)։ Լուսանկարը տարածվեց «Օրվա կադր. «ԿՈՐՈՆԱ-ՖՈԿՈՒՍ» Դատարկ դագաղներ կամ զառամյալ պառվի աճյուն» մակագրությունով։ 

Չնայած «Օրվա կադր» վերնագրին, լուսանկարը նոր չէ, իսկ «դատարկ դագաղների» մասին պնդումը որևէ կերպ հիմնավորված չէ։ Լուսանկարը արվել է դեռ 2020 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Կոլպինո քաղաքի գերեզմանատանը։ Դրա հեղինակը հայտնի Associated Press գործակալության ռուսաստանյան գրասենյակի լուսանկարիչ Դմիտրի Լովեցկին է։ Լովեցկին արել է Ռուսաստանում կորոնավիրուսի մահացության ալիքի մասին լուսանկարների մի ամբողջ շարք։ Շարքի լուսանկարները հրապարակվել են մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներում (օրինակ 1, օրինակ 2

? Սունկ էջերում տարածվեց նաև ամերիկյան Newstarget կայքի պնդումներն այն մասին, որ Covid-19-ի դեմ պատվաստումները վնասում են երեխաներին (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3)։ Newstarget կայքը նախկինում հայտվել էր փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում՝ առողջապահական թեմաներով սխալ լուրեր տարածելու պատճառով։ 

Հրապարակման մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անվանվում է «մարդասպան»՝ երեխաներին պատվաստել կոչ անելու համար։ Ավելին՝ ԱՄՆ-ում մեկ միլիոն օրական վարակման դեպքի մասին տեղեկությունը համարվում էր «սուտ»։ 

Չնայած այս էմոցիոնալ պիտակներին, ԱՄՆ-ում մեկ միլիոն վարակման մասին տվյալը իրական է։ Այս տեղեկության աղբյուրը երկրի պաշտոնական կառույցներն են և այնպիսի գիտական հաստատությունները, ինչպիսին է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը համավարակի սկզբից արդեն դարձավ տեղեկության վստահելի աղբյուր ոչ միայն ԱՄՆ-ում այլև բազմաթիվ այլ երկրներում։

Ինչ վերաբերվում է երեխաների պատվաստմանը, ապա այս թեման շահարկվեց ոչ միայն սունկ էջերում, այլև «Հակահամաճարակային ալյանս» էջում, որն իրեն ներկայացնում էր որպես առողջապահության ոլորտի մասնագիտացված էջ։ Չնայած մեդիա շահարկումներին, անչափահասներին պատվաստումն են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ջոն Հոփքինսի համալսարանը, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները և այլ միջազգային կառույցներ պատվաստումները անվտանգ են համարում երեխաների համար։ 

Հակապատվաստումային ակտիվիստները օգտագործում են սոցցանցերն ու սեփական լրատվականները միֆեր տարածելու համար

Երևանի ավագանու նախկին անդամ և հակապատվաստումային ակտիվիստ Մարինա Խաչատրյանը մի շարք սխալ տեղեկություններ տարածեց իր Ֆեյսբուքյան էջում և իր հետ փոխկապակցված լրատվական կայքում։ 

? Խաչատրյանը պնդեց, թե ՀՀ Առողջապահության նախարարությունը «խաբում է» ասելով, որ Հայաստանում պատվաստվել է «1.660.256 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 57.25%-ը», քանի որ «միջազգային կառույցների» տվյալներով Հայաստանում պատվաստված է բնակչության 31%-ը միայն։

Խաչատրյանի այս պնդումը սխալ է․ ԱՆ-ը հրապարակած 1.660.256 թիվը ոչ թե պատվաստված մարդկանց քանակն է, այլ պատվաստման դեղաչափերի քանակը, այսինքն՝ երկրում իրականացված առաջին և երկրորդ դեղաչափերի ընդհանուր թիվը։ ԱՆ-ն առանձին ներայացնում է նաև առաջին և երկրորդ դեղաչափը ստացած մարդկանց թիվը: Առաջին դեղաչափ ստացած մարդիկ հունվարի սկզբին կազմում էին բնակչության մոտ 31%-ը։ 

? Մարինա Խաչատրյանին պարբերաբար հարթակ տրամադրող pastark.am-ը հրապարակեց Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերն այն մասին, թե ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդների մեծ մասը պատվաստված է միայն երկու դոզայով։ Ըստ լրատվականի՝ վարչապետի այդ խոսքերն ապացուցում են, որ պատվաստումների՝ մահից և հոսպիտալացումից պաշտպանելու մասին տեղեկությունը «պարզապես ՄԻՖ Է»։

Այս ենթադրություն-պնդումը, սակայն, հիմնված էր կիսատ տեղեկության վրա։ Այդպես, pastark.am-ը չէր նշում, որ Մեծ Բրիտանիայի՝ 12 տարեկանը լրացած բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 90%-ը, ստացել է պատվաստման առնվազն առաջին դեղաչափը։ Պատվաստման նման բարձր ցուցանիշը նշանակում է, որ վիճակագրորեն մեծ է հավանականությունը, որ հիվանդացողների և հոսպիտալացվողների թվի մեծ մասը կկազմեն պատվաստվածները։ Կայքը չի նշում նաև, որ Մեծ Բրիտանիայում ըդհանուր առմամբ նվազել է հոսպիտալացումների ցուցանիշը։ 

? Մեկ այլ հակապատվաստումային ակտիվիստ՝ Դմիտրի Հարությունյանը, պնդեց, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում ավելացել են սրտի կաթվածի դեպքերը։ Ըստ Հարությունյանի՝ դրանք կապված են պատվաստումների հետ, քանի որ տեղի են ունեցել նույն ժամանակ, ինչ բնակչության պատվաստումը։ 

Որևէ գիտական հետազոտություն, սակայն, նման կապ չի գտել։ Ավելին՝ Հարությունյանի ենթադրությունը հիմնված է կորելացիայի վրա։ Ըստ նրա՝ եթե երկու երևույթ տեղի են ունեցել միևնույն ժամանակ, ապա դրանք կապված են միմյանց հետ։ Սակայն ժամանակային համընկնումը որևէ կերպ պատճառահետևանքային կապ ցույց չի տալին․ երկու երևույթ կարող են տեղին ունենալ միևնույն ժամանակ, բայց կապ չունենալ միմյանց հետ։  

Մի կողմից՝ միֆեր, մյուս կողմից՝ բիզնես

Դավադրության տեսությունների ջատագով ֆեյսբուքյան օգտատեր Հրայր Կոստանյանը հրապարակեց ռուս վիրաբույժ Վլադիսլավ Շաֆալինովի տեսանյութը, որտեղ վերջինս պնդում էր, թե պատվաստումները առաջացնում են անպտղություն տղամարդկանց մոտ։ Անպտղության մասին պնդումը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մասին ամենատարածված միֆերից է։ Գիտնականները համարում են, որ պատվաստանյութերը չեն ազդում տղամարդկանց (և կանանց) վերարտադրողական առողջության վրա։ Իսկ բուն հիվանդությունը կարող է հետևանքներ թողնել տղամարդկանց սեռական առողջության վրա։  

Բժիշկ Շաֆալինովը ակտիվ է սոցցանցերում և մամուլում․ նա դեմ է պատվաստումներին, իսկ կորոնավիրուսի համավարակը համարում է «համաշխարհային խաբեություն»։ 

Չնայած այս ամենին, BBC-ն պարզել է, որ Շաֆալինովին է պատկանում Մոսկվայում գործող բժշկական ծառայություն, որը վճարովի հոսպիտալացում է առաջարկում կորոնավիրուսով հիվանդներին։ Ռուսաստանում կորոնավիրուսի բուժումը պաշտոնապես անվճար է։ Շաֆալինովին պատկանող ծառայության մինիմալ արժեքը 450,000 ռուբլի է (շուրջ $6,000): 

Փաստեր ստուգող լրագրողները անդրադարձել են Շաֆալինովի մանիպուլյատիվ պնդումներին։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *