2021.11.18,

Ստուգված է

Որ դեպքում է գերի ընկնելը քրեորեն պատժելի. իրավական հիմքեր

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ժամանակն է պատշաճ հետաքննելու գերեվարման յուրաքանչյուր դեպք։ Նա խոսեց զինվորական կանոնագրքի մասին, թե երբ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ 

«Ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք։ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե թե մենք սխալ ենք վարվել՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք ա քննել՝ ինչ ա նշանակում գերի ընկնել, ինչ հանագմանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են՝ որ դեպքում ա, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննել՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե՝ այդ դեպքի հետ գործ չուենք։ Օրինակ ակնհայտ է և ձևակերպված՝ երբ մարդը վիրավոր է կամ անգիտակից, նրան ոչ մի «պրիտենզիա» չի կարող լինել»,- ի պատասխան Տիգրան Աբրահամյանի հարցի՝ ասաց Փաշինյանը։ 

Այս հայտարարությանը հաջորդեց հանրային դիսկուրսը հարցի վերաբերյալ։ Ոմանք շտապեցին հայտարարել, որ «գերին հերոս չէ, գերին դավաճան է»: ԱԺ փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը անուղղակի ակնարկեց, որ գերի չընկնելը արժանապատիվ հայ զինվորականի քայլ է և այլն։ 

Media.am-ը, բաց թողնելով խնդրի էմոցիոնալ կողմը, ներկայացնում է, թե ինչ իրավական հիմքեր են ամրագրված նման իրավիճակների համար, երբ է գերի ընկնելը հանցագործություն, երբ՝ ոչ, և ինչ պարտավորություններ ունի պետությունը ռազմագերիների առաջ։ 

ԶՈՒ կանոնագիրք

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը,  սահմանում է զինծառայողների իրավունքներն ու պարտաականությունները։ Կանոնագրքում նշված է, որ զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է ինչպես մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն կատարելը, այդպես էլ  գերության մեջ, պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը՝ բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը։

20-րդ հոդվածը սահմանում է, որ «մարտական գործողությունների ընթացքում, նույնիսկ իր զորամասից կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս, զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը»: Եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն կամ ծանր վիրավորվածության հետևանքով գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար:

Կանոնագիրքը սահմանում է նաև, որ գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

Քրեական օրենսգիրք

Քրեական օրենսգիրքը սահմանում է Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 

381 հոդվածով ամրագրված է, որ վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:

Կարևոր է, սակայն, որ նույն ԶՈՒ կանոնագիրքը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքը  պարտավորեցնում է պետությանը՝ զինվորական հրամանատարությանը և նման լիազորություններ ունեցող պետական մարմիններին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձնելու համար: Այս միջոցառումը կախված չէ նրանից, թե ինչ հանգամանքներում է գերեվարվել զինծառայողը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը media.am-ին ներկայացրեց, թե որ դեպքերեում է գերի ընկնելը քրեորեն պատժելի արարք, որ դեպքում՝ ոչ։ 

«Եթե անձը հայտնվել է շրջափակման մեջ և զենք չունի և դիմադրելն անիմաստ է, ունի վիրավորում, որը թույլ չի տալիս հակառակորդին վնասել, սրանք գերեվարման իրավաչափ դեպքեր են։ Այս դեպքում գերուն չի կարելի հետապնդել։ Բայց կան նաև դեպքեր, երբ անձը կամովին հրաժարվում է հակառակորդի դեմ զենք կիրառելուց, որովհետև դա կարող է հանգեցնել  ակտիվ կռվի, կոնֆլիկտի, որի ընթացքում նա կարող է վիրավորվել կամ զոհվել, և նա նախընտրում է, որպես իր կյանքի ապահովագրման եղանակ, ոչ թե ձեռնամուխ լինեն հայրենիքի պաշտպանությանը, այլ կամովին գերի հանձնվել։ Սա զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն է, նույն տրամաբանությամբ՝ ինչպես հրաման չկատարելը, դասալքությունը և այլն»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Կամովին գերի ընկնելը, ասում է իրավապաշտպանը, քրեորեն պատժելի է և համարվում է շատ ծանր հանցագործություն, բայց և հավելում, որ միջազգային պարտավորությունների տեսանկյունից պետությունը, որի քաղաքացին գերեվարվել է, պետք է դրական գործողություններով ապահովի գերու հայրենադարձությունը։ Սա կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով։

Այսպիսով, ՀՀ ԶՈւ կանոնագիրքն ու Քրեական օրենսգիրքը սահմանում են, թե որ դեպքերում է գերի ընկնելը հանցագործություն, որ դեպքում՝ ոչ։ Սակայն անկախ գերեվարման հանգամանքից՝ պետությունն ունի պարտավորություն միջոցներ ձեռնարկել ռազմագերիներին ետ վերադարձնելու համար։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *