2021.11.08,

Ստուգված է

COVID-19․ հակավաքսերը օգտագործում են նույն փաստարկներն, ինչ 135 տարի առաջ

The Conversation պարբերականի համաձայնությամբ՝ Media.am-ը հրապարակում է հակապատվաստումային արշավի պատմությունը ներկայացնող այս հոդվածը ամբողջությամբ՝ հայերեն թարգմանությամբ։ Հոդվածը հրապարակվել է 2020-ի հոկտեմբերի 4-ին, այն կարող եք կարդալ այստեղ։ 

Անցած տարվա ընթացքում անվերջ թվացող դավադրության տեսությունները և ապատեղեկատվական արշավները մեծ տարածում գտան առցանց տիրույթում՝ աշխարհում COVID-19-ի վարակվածության աճի ֆոնին: Այս շարժումների պատմությունը իմանալը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչպես են դրանք կարողանում այդքան արդյունավետ կերպով բազում հետևորդներ ձեռք բերել:

Որպես բժշկության պատմաբան՝ պատվաստանյութերի պատմությունը ուսումնասիրելիս, ինձ համար պարզ է դարձել, որ հակապատվաստումային դիրքորոշում քարոզողները հետևողականորեն օգտագործում են ռազմավարությունների ստանդարտ շարք: Թեև ժամանակակից համատեքստում կարող է դժվար լինի նկատել այս կրկնվող օրինաչափությունները, բայց համաճարակի և ապատեղեկատվության պատմական դեպքերին հետադարձ հայացք նետելը օգնում է բացահայտել այսօր էլ կրկնվող հակապատվաստումային ռազմավարությունները:

Հիանալի օրինակ է 1885 թվարակին՝ Մոնրեալում բնական ծաղիկի համավարակի ժամանակ հրատարակված մի պոպուլյար գրքույկ։ Ավելի քան մեկ դար անց մեզ բախտ է վիճակվել ապրել մի աշխարհում, որը պատվաստանյութի օգնությամբ արմատախիլ է արել բնական ծաղիկը։ Բայց նախկինում բնական ծաղիկի դեմ պատվաստումը բուռն բանավեճերի առիթ էր՝ չնայած դրա արդյունավետության մասին վկայող ապացույցներին: 

Հակապատվաստումային ակտիվիստ բժիշկ Ալեքսանդր Մ․ Ռոսի այս գրքույկը լայնորեն տարածվեց 1885 թվականի Մոնրեալի բնական ծաղիկի համավարակի ժամանակ, երբ հանրային առողջության պատասխանատուները ձգտում էին ավելացնել պատվաստումների ծածկույթը։ 

Ռոսի գրքույկի առաջին էջը։ Աղբյուր՝ HathiTrust Digital Library: Թարգմանությունը՝ «Ողորմելի տեսարան։ Մարդիկ համր անասունների նման քշվում են դեպի սպանդանոցներ։ Բժշկագիտության բռնապետություն»

Ռոսն առողջապահական միջոցառումների խստացման առիթն օգտագործեց՝ հեղինակություն, վատ համբավ և անձնական ճանաչվածություն ձեռք բերելու համար։ Նա ներկայանում էր որպես ինքն իր պատմության հերոս,  «միակ բժիշկը, որ համարձակվեց կասկածի տակ առնել [պատվաստումային] ֆետիշը»։ Չնայած դրան՝ պարզվեց, որ համաճարակի ժամանակ նա պատվաստվել էր, և այս փաստը հաճույքով հաղորդում էին ժամանակի խոշոր լրատվամիջոցները։ 

Նրա գրքույկը լավ ցույց է տալիս, թե ինչ ռազմավարություններ են օգտագործում հակապատվաստումային ակտիվիստները՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա: Նրանց փաստարկները նոր չեն և ժամանակի ընթացքում քիչ են փոխվել: Սովորելով ճանաչել հին խոսքը նոր, ժամանակակից փաթեթավորմամբ՝ կկարողանանք ավելի արդյունավետ հակազդել դրան։ 

Փոքրացնել հիվանդության վտանգը 

Ռոսն ու պատվաստումներին դեմ նրա գործընկերները շտապեցին բնական ծաղիկի սպառնալիքը անլուրջ հայտարարել: Չնայած 30%-40% մահացությանը և հիվանդության ծայրահեղ վարակիչ լինելուն, հակապատվաստումային ակտիվիստների շրջանում ընդունված էր պնդել, թե բնական ծաղիկը բնակչության համար աննշան սպառնալիք է:

Ռոսը դատապարտեց առողջապահական ոլորտի պաշտոնյաների ու բժիշկների առաջացրած «անիմաստ խուճապը»՝ պնդելով, որ բնական ծաղիկը, ըստ էության, համաճարակ չէ, և որ քաղաքը «շատ քիչ դեպքեր է ունեցել»։ 

Համաճարակի պաշտոնական թվերը, ի վերջո, հասան 9,600 գրանցված դեպքերի, որոնցից 3,234-ը՝ մահվան ելքով։ Դա այն ժամանակվա Մոնրեալի բնակչության գրեթե 2%-ն էր։ Եվս 10,000 դեպք գրանցվել էր Քվեբեկ նահանգում, սակայն պատմաբանները կարծում են, որ վարակվածների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ էր: Այս թվերի և համաճարակի մասին գրել է պատմաբան Մայքլ Բլիսը իր վավերագրական գրքում՝ «Ժանտախտ. բնական ծաղիկի պատմությունը Մոնրեալում»:

Հիվանդության սպառնալիքը փոքր ներկայացնելը տարածված մարտավարություն է նաև ժամանակակից բանավեճերում: Հակապատվաստումային քարոզ վարողներից շատերը պնդում են, թե պատվաստանյութերն ավելի վտանգավոր են, քան հիվանդությունը:

Պնդել, որ պատվաստանյութը առաջացնում է հիվանդություն, անարդյունավետ է, կամ երկուսը միասին 

Թեև ժամանակակից փաստարկները կենտրոնացած են այն կեղծ պնդման վրա, որ պատվաստանյութերն առաջացնում են աուտիզմ, ծաղիկի դեմ պատվաստանյութից վարակված լինելու պատմական փաստարկները շատ ավելի բազմազան էին: Անցյալի հակապատվաստումային ակտիվիստները պնդում էին, որ պատվաստումն առաջացնում է հիվանդությունների մի ամբողջ շարան՝ բուն բնական ծաղիկից մինչև սիֆիլիս, տիֆ, տուբերկուլյոզ, խոլերա և «արյան թունավորում»։

Այս պնդումները միշտ չէ, որ անհիմն էին, սակայն նման ռիսկերը մշտապես ուռճացվել են։ 

Հայտնի են հիվանդության երկրորդական փոխանցման դեպքեր՝ ոչ պատշաճ բժշկական պրակտիկայի պատճառով: Որոշ բժիշկներ անում էին ձեռքից ձեռք պատվաստում, այսինքն՝ օգտագործում էին նույն գործիքը մարդկանց մի ամբողջ շարք պատվաստելու համար, կամ օգտագործում էին որ թե կենդանական, այլ մարդկային ծագում ունեցող [վարակված մարդու մարմնի նյութերից պատրաստված – խմբ․] պատվաստանյութ։  

Պատվաստումների միջև ստերիլ մաքրման բացակայությունը կամ վարակված մարդուն օգտագործելով պատրաստված պատվաստանյութի օգտագործումը կարող էին հանգեցնել հիվանդության երկրորդական փոխանցման եզակի դեպքերի:

Նման փոխանցումների հայտնաբերումը (տարիներ անց) նպաստեց պատվաստանյութի պատրաստման և կիրառման վերաբերյալ առաջին կանոնակարգերի ձևավորմանը և հանգեցրեց նրան, որ բժշկական համայնքը լուրջ մտահոգվեց պատվաստանյութերի անվտանգության հարցով։ Այս մտահոգությունը մինչ օրս շարունակում է մնալ պատվաստանյութերի արտադրության հիմքը։ 

Պատվաստումը հայտարարել մեծ դավադրության մի մաս 

Ռոսի գրքույկը վստահ պնդում էր, որ թե՛ մամուլը, թե՛ բժշկական համայնքը բորբոքում են վարակի հետ կապված վախերը, քանի որ դա գումար վաստակելու «խելագար» արշավի մի մաս է: 

Ինչպես և այսօր, համաճարակը հնարավորություններ ստեղծեց բժշկական ոլորտում աշխատանքի և հետազոտությունների համար: Բայց այս աշխատանքը ներկայացվում էր որպես աղքատների ոչ էթիկական շահագործում, որը բժշկական ոլորտին բերում էր «մեկ միլիոն ֆունտ ստերլինգ», այլ ոչ թե հազարավոր մարդկանց տառապանքների և մահվան դեմ պայքարելու ջանքեր:

Հատված Ռոսի գրքույկից։ Աղբյուր՝ HathiTrust Digital Library

Բացի այդ, հանրային առողջապահական միջոցառումները ներկայացվում էին որպես անձնական իրավունքների վրա հարձակում և կառավարության չափից դուրս ուժեղացում: 

«Այլևս մի խոսեք ռուսական բռնակալության մասին», – հայտարարում էր Ռոսը, քանի որ չկար «այնքան սարսափելի» բռնակալություն, որքան քաղաքի առողջապահության պաշտոնյաներինն էր: 

Ավելի քան մեկ դար անց մենք լսում ենք նրա փաստարկների արձագանքը ներկայիս համաճարակի ժամանակ․ կենդանի է հավատը, որ գոյություն ունի ազատությունները սահմանափակելու դավադրություն (ի թիվս այլ, ավելի ծայրահեղ դավադրության տեսությունների):

Օգտագործել այլընտրանքային հեղինակություններ, որոնք լեգիտիմացնում են քո փաստարկները 

Վերջապես, ակտիվիստները վկայակոչում են հեղինակությունների, որոնք օգնում են լեգիտիմացնել հակապատվաստումային փաստարկները: 

Ժամանակակից հակավաքսերը նման հեղինակությունների պակաս չունեն՝ Էնդրյու Ուեյքֆիլդի գլխավորությամբ։ Այժմ վարկաբեկված նախկին բժիշկ Ուեյքֆիլդն էր  հրապարակել կեղծիք պարունակող ուսումնասիրությունը, որը կապում էր ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութը աուտիզմի հետ:

Սակայն հակապատվաստումային շարժումն ունի երկար տարիների ավանդույթ՝ տարածել այն «փորձագետների» խոսքը, որոնք հաստատում են նրանց նարատիվը: 

19-րդ դարում էլ պատվաստումների վերաբերյալ բանավեճերը հաճախ առաջ էր քաշում բժիշկների մի նեղ շրջանակ, որը դեմ էր պատվաստմանը` այն անվանելով «կեղտոտ» և «չարամիտ» պրակտիկա: Չնայած բժշկական համայնքում շատերը հերքեցին այդ փաստարկները, բայց այդ բժիշկները ձեռք բերեցին մեծ համբավ հակավաքսերի շրջանում որպես հեղինակավոր ձայներ, որոնք առաջարկում էին անհրաժեշտ «ապացույցները»:

Սա հակապատվաստման ռազմավարությունների սպառիչ ցանկ չէ՝ ո՛չ պատմական, ո՛չ էլ ժամանակակից: Միշտ էլ եղել են անհատներ, որոնք օգտագործում են բժշկական ճգնաժամերը անձնական օգուտ քաղելու համար, իսկ թվային մեդիայի այսօրվա դարում թյուր տեղեկատվության ռազմավարությունները զարգացել և ընդլայնվել են: Ճիշտ Ռոսի նման, այս շարժումների առաջնորդները հասարակությունում դառնում են ազդեցիկ՝ միայնակ խաչակիրներ ներկայանալով:

Աշխարհում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումների ժամանակ կարող ենք ակնկալել, որ ավելի ու ավելի շատ նման խաչակիրներ կհրապարակեն պատվաստումների դեմ փաստարկներ: Անցյալում տարածված օրինաչափությունները հասկանալը կարող է ապագայում դրանց դեմ պայքարելու օգտակար դաս լինել:

Հեղինակ՝ Պաուլա Լարսոն, Օքսֆորդի համալսարանի Գիտության, բժշկության և տեխնոլոգիայի պատմության կենտրոնի ասպիրանտ

Թարգմանությունը՝ Կարինե Ղազարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *