2021.11.08,

Ստուգված է

Երեխաների պատվաստումներ․ ինչ լուրեր տարածվեցին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի 29-ին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարվել է փոփոխություն, և 12 տարեկանից բարձր երեխաները, ծնողների համաձայնության դեպքում, արդեն կարող են պատվաստվել։

Սոցցանցերում քննարկումներ սկսեցին այն մասին, որ նախարարն իրավունք չունի ուղեցույցում փոփոխություն կատարել, շատերը հրապարակեցին Moderna-ի ուղեցույցը, որտում կիրառման տարիքը սկսում էր 18-ից։

«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը սոցցանցերում հրապարակեց օտարերկրացի վիրուսաբանների խոսքեր, որոնք խոսում են երեխաների շրջանում պատվաստման վտանգների մասին։ Օրինակ ռուս վիրուսաբան Վիտալի Զվերևի հարցազրույցը մի հատված, որում նա ասում է՝ «Ես ձեռք չէի տա երեխաներին: Այժմ սկսում են փորձարկումների 2-րդ փուլը երեխաների վրա։ Ես կարծում եմ, որ, դեռևս, դա բացարձակ պետք չէ անել։ Երեխաները թեթև են տանում հիվանդությունը»։ Այս լուրը տարածեց Pastark.am-ը։

Հոկտեմբերի 26-ին նույն նախաձեռնությունը տարածեց պատվաստանյութերի փորձագետ Գերտ Վանդեն Բոսխե խոսքերը, թե «վատագույն բանը, որը մենք երբևէ կարող ենք անել, դա երեխաների և երիտասարդների Քովիդի դեմ մասսայական պատվաստումն է»։

Իսկ ով է Գերտ Վանդեն Բոսխեն իրականում

Հեղինակավոր լրատվամիջոցներն ու փաստեր ստուգող լրագրողները վաղուց արդեն ուսումնասիրել են նրա գործունեությունը։ Բոսխեն բելգիացի անասնաբույժ է և պատվաստանյութեր հետազոտող, ակտիվորեն զբաղվում է COVID19 պատվաստանյութերի հակաքարոզով և մի շարք դավադրության տեսությունների հեղինակ է։ Ամիսներ առաջ նա բաց նամակ էր գրել, որում զգուշացնում էր պատվաստանյութերի վտանգի մասին։ Ըստ նրա՝ պատվաստանյութերը կարող են առաջացնել կորոնավիրուսի նոր և առավել վտանգավոր տեսակներ, ինչն էլ կհանգեցնի գլոբալա աղետի։ Նրա այս նամակն ու դրան հետևած հարցազրույցը տասնյակ հազարավոր անգամներ հրապարակվեցին Facebook-ում և instagram-ում:

Բոսխեի մտահոգությունները տեղին չէին, անասնաբույժի խոսքերը ստուգել են մի շարք փաստեր ստուգող լրագրողներ և ոլորտի մասնագետներ և ճանաչել՝ որպես կեղծ լուր կամ սպեկուլյացիա (հղում 1, հղում 2, հղում 3)։ Նշենք, որ կորոնավիրուսի շտամները շրջանառվում էին նախքան մասսայական պատվաստումների մեկնարկը, բացի դրանից մասնագետները Իսրայելի օրինակով ցույց են տվել, որ չի հայտնաբերվել նոր շտամի տարածման որևէ դեպք պատվաստվելուց հետո։

Գերտ Վանդեն Բոսխեն ունի նաև բժշկական կոչում վիրուսաբանության ոլորտում։ Նրա LinkedIn-ի էջում նշվում է, որ 3 տարի եղել է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամում պատվաստանյութերի հայտնաբերման ծրագրի ավագ մասնագետ: Գործնականում նրա գիտական հրապարակումները դադարել են 1995-ին, բացառությամբ 2017-ի մի հոդվածի, որը հրապարակվել է OMICS Group Inc. հրատարակչական խմբին պատկանող ամսագրում և որի դեմ ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հայց էր ներկայացրել՝ խարդախության համար։

Moderna-ն միայն 18-ից բարձրերի համար չէ

Չնայած Moderna-ի ուղեցույցում իսկապես նշվում է, որ կիրառման տարիքը սկսում է 18-ից, սակայն 2021-ի հոկտեմբերի 25-ին ընկերությունը նոր հետազոտության արդյունքները հրապարակեց, որում նշվում էր 6-11 տարեկանների շրջանում պատվաստանյութի արդյունավետության մասին։ Հետազոտությանը մասնակցել էր ավելի քան 4700 երեխա։ Գրեթե բոլոր երեխաների մոտ պատվաստանյութը իմունային արձագանք էր առաջացրել, բոլոր պատվաստավածների մոտ ձևավորվել էին հակամարմիններ։ Կողմնակի ազդեցությունները նույնն էին, ինչ մեծահասակների դեպքում՝ ջերմություն, թուլություն, մկանացավ ներարկման հատվածում, գլխացավ։

Moderna և Pfizer պատվաստանյութերով արդեն իսկ տարբեր երկրներ պատվաստում են 12-17 երեխաներին: Իսրայելը, օրինակ, այս պրակտիկան սկսել էր դեռևս ամռանը։ Հոկտեմբերի 13-ին նման որոշում էր կայացրել Ուկրաինայի կառավարությունը, հոկտեմբերի 26-ի դրությամբ այնտեղ պատվաստվել էր 13,5 հազար երեխա։ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, ԵՄ անդամ շատ երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում և այլուր (ցանկը՝ այստեղ) ևս երեխաների պատվաստումը թույլատրված է։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *