Պատվաստումների մասին կեղծ կամ մանիպուլյատիվ լուրերը հայկական մեդիա օրակարգի մաս են դարձել։ Լինում են դեպքեր, երբ նման լուրերի աղբյուրը հենց բժիշկներն են, որոնք նաև քաղաքականությամբ են զբաղվում։
Անցյալ տարի Media.am-ը պատմեց այդպիսի չորս բժշկի մասին (որոնցից երեքը 2021թ․ արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու էին)։ Սակայն այն ժամանակ մեր հոդվածի հերոսներից ոչ մեկը համաճարակաբան չէր՝ այսինքն համավարակը և պատվաստումները նրանց մասնագիտացումը չէին։
Վերջին ամիսներին ի հայտ են եկել հակապատվասումային արշավ վարող նոր գործիչներ, այս անգամ՝ համաճարակաբանության հետ ավելի ուղիղ առնչություն ունեցող։
Media.am-ը պատմում է համաճարակաբանության հետ կապ ունեցող երեք բժշկի մասին, որոնք հաճախ մեդիայում մանիպուլացնում կամ սխալ են ներկայացնում համաճարակաբանության մեջ գոյություն ունեցող գիտական տվյալները։
Սամվել Գրիգորյան, ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն
Սամվել Գրիգորյանը սեքսապաթոլոգ է։ Նա երկար տարիներ զբաղեցրել է ԶԻԱՀ կենտրոնի տնօրենի պաշտոնը, այսինքն՝ առնչություն է ունեցել համաճարակաբան ոլորտի հետ։
2020 թ․ սկզբին Առողջապահության նախարարությունը որոշեց ՁԻԱՀ կենտրոնը միավորել Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի հետ։ Սամվել Գրիգորյանը հրաժարվեց կատարել միավորման մասին նախարարության պահանջը, ինչի պատճառով ազատվեց աշխատանքից։ Միաժամանակ կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույցեր սկսեցին նախարարության որոշման դեմ, նրանց մեծ մասը աշխատանքից ազատման դիմում գրեց։
ՁԻԱՀ կենտրոնի սկանդալից հետո Սամվել Գրիգորյանը բազմիցս քննադատել է Առողջապահության նախարարությանը։ 2021-ի սեպտեմբերին նա միացավ «Զարթոնք» կուսակցության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանի «Ազատ կամք» նախաձեռնությանը, որի ստեղծման ժամանակ Զոհրաբյանը օգտագործել էր պատվաստումների մասին բազմաթիվ կեղծ կամ մանիպուլյատիվ տվյալներ։
Գրիգորյանը նույնպես չի խուսափում պատվաստումների մասին մանիպուլյատիվ տեղեկություն հնչեցնելուց։ Այդպես՝ «Ազատ կամք» նախաձեռնության՝ խորհրդարանում Առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ նա պնդում էր, թե կորոնավիրուսի պատվաստումների մեծ մասը ստեղծվել են գենային ինժեներիայի տեխնոլոգիայով։ Սա մանիպուլյատիվ պնդում է․ այդ տեխնոլոգիայով ստեղծվել են միայն Moderna և Pfizer պատվաստանյութերը, որոնցից ոչ մեկը Գրիգորյանի ելույթի պահին Հայաստանում չէր կիրառվում։ Հարկ է նշել, որ այս տեխնոլոգիան համարվում է անվտանգ և արդյունավետ․ չնայած որ նշված երկու պատվաստանյութերը նոր են, դրանց մշակման տեխնոլոգիան գիտնականները հետազոտել են տարիներով։ Ի տարբերություն դասական պատվաստանյութերի, դրանք չեն պարունակում թուլացված կամ ապաակտիվացված վիրուս։ Փոխարենը դրանք օրգանիզմին փոխանցում են հակամարմիններ ստեղծելու հրահանգներն ու ցուցումը՝ օգտագործելով հատուկ մոլեկուլ՝ ինֆորմացիոն ՌՆԹ (messenger RNA, mRNA):
Գրիգորյանը նաև պնդում էր, թե պատվաստումները կարող են վերարտադրողական առողջությունը վտանգել․ «Ընդամենը մեկ-երկու օր առաջ բրիտանական պառլամենտում հայտարարվում էր, որ պատվաստումների արդյունքում եղել է, թվարկում են մահվան դեպքեր և այլ բարդություններ, բարդությունների թվում նշվում է 35,000 դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարման, այդ թվում՝ վիժումներ»։
Media.am-ին չհաջողվեց գտնել Գրիգորյանի պնդումների մասին որևէ հիշատակում մամուլում կամ այլ աղբյուրներում։ Հավանական է, որ Գրիգորյանը շփոթել է տվյալները․ Մեծ Բրիտանիայում անց էր կացվում հետազորություն ավելի քան 30,000 դեպքերի մասին, երբ պատվաստումներից հետո նկատվել է կանանց մոտ դաշտանային ցիկլի փոփոխություն, որը սակայն եղել է կարճատև և անցողիկ։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ Բրիտանիայում հաղորդվել էր 30,715 նման դեպքի, մինչդեռ կանայք այդ երկրում ստացել էին ավելի քան 48.5 միլիոն դեղաչափ պատվաստում։ Վիժման որևէ դեպքի մասին տեղեկություն չկա։ ՄԲ կառավարությունը շեշտում է, որ մանրամասն ուսումնասիրությունները ցույց չեն տվել որևէ կապ պատվաստումների և դաշտանային ցիկլի փոփոխությունների միջև։ Կառավարությունը նաև նշում է, որ ցիկլի կարճատև փոփոխությունները առհասարակ հաճախ են պատահում, այդ թվում՝ Covid-19-ի վարակից հետո։
Պատվաստւմների՝ վերարտադրողական առողջությանը վնասելը տարածված միֆ է։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) նշում են, որ որևէ հիմք չկա պնդելու, թե պատվաստումն ազդում է կանանց կամ տղամարդկանց երեխա ունենալու կարողության վրա։ CDC-ն (որին հղում էր անում Սամվել Գրիգորյանը, տես ստորև) խորհուրդ է տալիս պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձանց՝ ներառյալ նրանց, ովքեր պլանավորում է երեխա ունենալ։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն պատվաստվել են տասնյակ հազարավոր հղի կանայք։
Գրիգորյանը նաև ասում էր, որ պատվաստված մարդիկ նույն կերպ են տարածում վարակը ինչ չպատվաստվածները։ Նա հղում էր անում ամերիկյան CDC-ին։ Սակայն այս պնդումը կիսատ է․ հենց CDC-ի կայքը հայտնում է, որ պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում (ինչը ենթադրում է, որ նաև քիչ են վարակում, քանի որ եթե մարդ հիվանդ չէ, ապա չի կարող և փոխանցել վիրուսը)։ CDC-ին նաև նշում է, որ ըստ նախնական տվյալների, պատվաստված և վարակված մարդիկ ավելի քիչ են փոխանցում վիրուսը, քան չպատվաստվածները, սակայն սա ճշտելու համար դեռ ուսումնասիրություններ են անցկացվում։
Գրիգորյանը հաճախ է հղում անում գիտական տվյալներին և հեղինակավոր միջազգային կառույցներին։ Սակայն, ինչպես CDC-ի դեպքում, նրա հղումները ծաղկաքաղ արված են և կտրված կոնտեքստից։
Էդուարդ Հովհաննիսյան, ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի նախկին համաճարակաբան
Էդուարդ Հովհաննիսյանը համաճարակաբան է։ Նա աշխատել է ՁԻԱՀ կենրոնում։ Նա նույնպես դեմ էր Առողջապահության նախարարության՝ ՁԻԱՀ կենտրոնը Նորք հիվանդանոցի հետ միավորելու ծրագրին և հեռացել էր կենտրոնում աշխատանքից։ Հեռանալուց հետո նա դարձավ նախարարության խիստ քննադատ։ Հովհաննիսյանը նույնպես հաճախ է մանիպուլյատիվ տվյալներ հնչեցնում թե՛ վարակի, թե՛ պատվաստումների մասին։
Օրինակ, 2020 թ․ մայիսին, երբ կորոնավիրուսը նոր էր թափ հավաքում Հայաստանում, նա իր Ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի ռուս տնտեսագետի հայտարարություն այն մասին, որ համավարակ գոյություն չունի․ «թույլիկ համաճարակ է, սովորական սեզոնային գրիպից վտանգավոր չէ», ասված էր հոդվածում։
Հովհաննիսյանը նույնպես սիրում է հղում անել միջազգային առողջապահական կառույցներին՝ ստեղծելով տպավորությունը, թե իր պնդումները գիտահեն են։ Սակայն դրա հետ մեկտեղ նա անում է պնդումներ, որ հակասում են նույն կառույցների տվյալներին։ Այդպես, Հովհաննիսյանը ասում է, որ հիվանդացած և լավացած մարդիկ կարիք չունեն պատվաստվելու։ Սակայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս պատվաստվել նույնիսկ եթե մարդը հիվանդացել և լավացել է, քանի որ չկան գիտական տվյալներ այն մասին, որ բնական իմունիտետը բավարար պաշտպանություն է ապահովում։ Նույնը խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ լավանալուց հետո պատվաստված մարդը ավելի երկարատև պաշտպանություն է ձեռք բերում։
Ինչպես և Սամվել Գրիգորյանը՝ Հոդհաննիսյանը կիսատ է ներկայացնում միջազգային կառույցների տվյալները։ Նա պնդում է որ պատվաստված և վարակված մարդը նույն կերպ է տարածում վիրուսը, սակայն մոռանում է նշել, որ պատվաստվածները ավելի հազվադեպ են վարակվում։ Մեկ այլ դեպքում էլ նշում է, որ պատվաստված մարդը նույնպես կարող է վարակվել, բայց չի ասում, որ նույնիսկ վարակվելու դեպքում պատվաստվածները ավելի թեթև են տանում հիվանդությունը։
Դմիտրի Հարությունյան, հեռացել է բժշկությունից
Դմիտրի Հարությունյանը բժշկական կրթություն ունի, համաճարակաբան է։ Իր իսկ խոսքերով՝ նա «բացարձակորեն թողել» է բժշկությունը։ Հարությունյանը տարիներով զբաղվել է քաղաքական գործունեությամբ, «հեղափոխական պայքարով»։ Նա եղել է «Նախախորհրդարան» քաղաքական շարժման անդամ։
Չնայած Հարությունյանը հեռացել է բժշկությունից, նա չի վարանում օգտագործել համաճարակաբանի հեղինակությունը պատվաստումների մասին կեղծ պնդումներ տարածելու համար։
Նա Change.org հարթակում ստորագրոհավաք էր սկսել՝ պնդելով, թե Հայաստանի բնակչությունը ենթարկվում է վտանգի, քանի որ պատվաստանյութերը չեն անցել լուրջ փորձարկումներ։ Այս պնդումը սխալ է՝ պատվաստանյութերը անցնում են բազմափուլ փորձարկումներ մինչև առողջապահական կառույցների կողմից հաստատումն ու բնակչության շրջանում կիրառումը։ Change.org կայքը հեռացրեց Հարությունյանի՝ կեղծ պնդում պարունակող ստորագրահավաքը։
Հարությունյանը նույնպես միացել է Արա Զոհրաբյանի «Ազատ կամք» շարժմանը։
Այսպիսով, եթե նախկինում Հայաստանի մեդիա դաշտում հակապատվաստումային պնդումներով հայտնի բուժաշխատողները կապ չունեին համաճարակաբանության հետ, ապա այժմ մեդիայում հաճախ են հայտնվում նաև այս ոլորտի հետ կապված անձիք։ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենն ու նախկին համաճարակաբանը սխալ կամ մանիպուլյատիվ տեղեկություն են տարածում պատվաստումների մասին։ Իսկ բժշկական կրթություն ունեցող, բայց, իր խոսքով, բժշկությունից հեռացած Դմիտրի Հարությունյանը բաց տեքստով կոչ է անում մարդկանց չպատվաստվել՝ իր կոչը հիմնավորելով պատվաստումների մասին կեղծ պնդումներով։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: