2021.10.12,

Ստուգված է

Հայաստանում պատվաստումը ևս հարկադիր չէ. FIP.am-ը չի սխալվել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի 11-ին ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) սեղմ ժամկետում կխմբագրի իր մասին հոդվածը, քանի որ այն համարում էր սխալ։

«Ես նկատեցի, որ (Փաստերի ստուգման հարթակ էր, եթե չեմ սխալվում կոչվում), պնդում են արել, որ իմ այդ հայտարարությունը սխալ է։ Ես, իհարկե, ակնկալում եմ, որ շատ սեղմ ժամկետներում իրենց այդ հայտարարությունը կխմբագրեն, որովհետև այնտեղ բերում են եվրոպական երկրների օրինակներ, որտեղ և ոչ մեկում այն հարկադիր չէ։ Այն, օրինակ, ասում է, որ կա՛մ պատվաստվում ես, կա՛մ` թեստի արդյունք ներկայացնում։ Դա չնշանակեց, որ դա հարկադիր է»,- ասաց Վարդևանյանը։

 

Ինչ նկատի ունի Վարդևանյանը, և ինչ հոդված է գրել FIP.am-ը

Հոկտեմբերի 7-ին, FIP.am-ը անդրադարձել էր «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ նույն օրվա ֆեյսբուքյան գրառմանը։ Պատգամավորի պնդումը, թե եվրոպական ոչ մի երկրում պարտադիր պատվաստում չկա, FIP.am-ը սխալ էր որակել՝ բերելով Իտալիայի, Հունաստանի, Ֆրանսիայի օրինակները։

Արամ Վարդևանյանն էլ հոկտեմբերի 11-ին սխալ անվանեց FIP.am-ի հոդվածը, քանի որ նշված երկներում կա պատվաստման այլընտրանք՝ թեստավորումը։ Պատգամավորը, սակայն, մոռացավ նշել, որ Հայաստանում ևս պատվաստումը հարկադիր չէ, այստեղ, ինչպես նշված երկրներում, աշխատակիցները կա՛մ երկու շաբաթը մեկ ներկայացնում են թեստի բացասական արդյունք, կա՛մ պատվաստման վկայական։ 

Ավելի ուշ Վարդևանյանը նաև հյուրընկալվել էր «5-րդ ալիքի» տաղավարում, որտեղ հայտարարեց, թե եվրոպական երկրներում թեստավորումը անվճար է՝ «․․․Դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուղիղ հարցեր էի տալիս, հարցնում էի՝ լավ, ինչպիսի՞ն է միջազգային փորձը։ Ասում էին, որ միջազգային փորձում կա՛մ պետք է լինես պատվաստված, կա՛մ պետք է PCR (ՊՇՌ) հետազոտման թեստի արդյունքը բերես։ Հարցին, թե ով է վճարում թեստի համար, պատասխանը եղել է միանշանակ՝ իհարկե պետությունը»։  

Վարդևանյանի պնդումը, թե Եվրոպայում թեստավորման ծախսը հոգում է պետությունը, ժամանակավրեպ է: 

Ճիշտ է, այս տարվա ապրիլին ԵՄ-ն որդեգրել էր անվճար թեստավորման քաղաքականությունը, և անդամ շատ երկրներում թեստերն անվճար էին, սակայն կորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով քաղաքականությունը փոխվեց։ Նույն FIP.am-ի հիշատակած երկրներից երեքում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում, թեստավորումը եղել է անվճար, սակայն շուտով ուժի մեջ մտնող փոփոխություններով՝ այնտեղ ևս թեստավորումը կդառնա վճարովի։ Պետություններն այդպիսով ցանկանում են խթանել պատվաստումների աճը։

Իտալիա

Իտալիայում հակահամաճարակային կանոնները կխստացվեն հոկտեմբերի 15-ից: Բոլոր աշխատակիցները, որոնք չեն ներկայացնի պատվաստման կամ առողջական վիճակի մասին վկայական, իրավունք չեն ունենա հաճախելու աշխատանքի և չեն վճարվի։ Գործատուն նրանց աշխատանքից հեռացնել չի կարող: Ովքեր այս որոշումը կանտեսեն և ամեն դեպքում առանց վկայականի կգնան աշխատանքի, կտուգանվեն 600-1500 եվրո: 

Իտալիայում վճարովի թեստավորման դեմ բողոքի ալիք կար։ Մարդիկ կառավարությանից պահանջում էին  աշխատողների համար թեստավորումն անվճար դարձնել։ Իտալիայի կառավարությունն այդ պահանջը չբավարարեց: Փոխարենը հայտարարեց, որ աշխատողների համար թեստավորման գինը կսահմանափակվի 15 եվրոյով: 

Հունաստան

2021-ի մարտին Հունաստանի կառավարությունը հայտարարեց, որ ապրիլին քաղաքացիներին կտրամադրվեն COVID-19-ի թեստի անվճար փաթեթներ: Հաճախորդները կարող էին շաբաթական մեկ անգամ դեղատներից ստանալ ռապիդ թեստ՝ ներկայացնելով  ազգային անվտանգության իրենց համարը (AMKA): Անվճար թեստավորումից հրաժարվելու մասին Հունաստանը հայտարարեց օգոստոսի 24-ին: Կանոնը սկսեց գործել սեպտեմբերի 13-ից: 

Ֆրանսիա

Սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարեց, որ COVID-19-ի թեստերն այլևս անվճար չեն լինի: Կանոնը վերաբերում է նաև զբոսաշրջիկներին: 

Խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ անձն ունի հիվանդության ախտանշաններ: Թեստերը կշարունակեն անվճար մնալ 18-ից ցածր քաղաքացիների և նրանց համար, ովքեր ունեն ախտանիշներ։ Բոլոր այլ դեպքերում դրանք կդառնան վճարովի։ Օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից։ Ֆրանսիայի կառավարության տվյալներով՝ երկրում ՊՇՌ թեստերի արժեքը 49 եվրո է: 

Գերմանիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսին հայտարարեց, որ COVID-19-ի թեստերը երկրում դառնալու են վճարովի: Գերմանիայում ռապիդ թեստն անվճար էր այս տարվա մարտից՝ ընդ որում և՛ զբոսաշրջիկների, և՛ Գերմանիայի քաղաքացիների համար: Իշխանությունների կարծիքով այս քայլը կօգնի արագացնել պատվաստման գործընթացը: 

Անվճար թեստավորումը չպատվաստվածների համար դադարեցնելու մասին այս տարվա օգոստոսին հայտարարեց նաև Շվեյցարիան։ Հեղինակավոր լրատվականների փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ևս հաջորդ տարի թեստերը կդառնան վճարովի, չնայած այս պահին կոնկրետ խմբերի մարդկանց համար դեռևս գործում է անվճար թեստավորվելու ընթացակարգը։  

Ամփոփելով, Հայաստանում՝ ինչպես ԵՄ շատ երկրներում, պատվաստումը պարտադիր չէ, այստեղ ևս 2 շաբաթը մեկ կարելի է ներկայացնել թեստավորման բացասական պատասխան և գնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է անվճար թեստերին՝ եվրոպական շատ երկրներում դրանք իսկապես անվճար էին, սակայն համաճարակային՝ օրեցօր վատացող իրավիճակում կանոները սկսեցին փոխվել և կառավարությունները հայտարարեցին դրանք կրկին վճարովի դարձնելու մասին։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *