2021.09.16,

Ստուգված է

Ինչի՞ համար է ԵՄ-ից 2․6 միլիարդ եվրոն գալիս Հայաստան

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Եվրամիությունը Հայաստանին 2,6 միլիարդ եվրո է տրամադրում: Գումարի մի մասը տրվում է որպես վարկ, մյուս մասը՝ օգնություն։ Պատերազմից և արտահերթ ընտրություններից հետո եկող այս խոշոր ֆինանսավորումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Իշխանությունն այստեղ տեսնում էր իրենց բերած դեմոկրատիայի լուման, ընդդիմությունը՝ ոչ ի նպաստ հայկական օրակարգի ներդրում։ 

Ինչի՞ համար է ԵՄ-ն Հայաստանին խոշոր գումար հատկանցում

Արևելյան գործընկերների հետ Եվրոպական միությունն այս տարվանից սկսում է համագործակցության հնգամյա փուլ։ Այս ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին պարզվեց, որ Հայաստանին ԵՄ-ն 1,6 միլիարդ եվրո է հատկացնում առաջնահերթ հատուկ ծրագրերի համար և այլ աղբյուրներով մոբիլիզացնում հավելյալ 1 մլրդ եվրո։ 

ՀՀ կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթությունները հետևյալն են՝

  1. պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, 
  2. «Հյուսիս-հարավ» մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցում, 
  3. Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, 
  4. թվային կառավարման և նորարարության խթանում, 
  5. Երևանի զարգացում՝ որպես կանաչ և խելացի քաղաք:  

Պատերազմից և կորոնավիրուսի համավարակից հետո Հայաստանին տրամադրվող այս մեծ ծավալով գումարը հարցեր առաջացրեց։ Ոմանք փորձում էին տրամաբանական բացատրություններ գտնել, որոշները գտնում էին դավադրության տեսություններ։ Այս նյութում media.am-ն ամփոփել է ԵՄ ֆինանսավորման մասին տարածված մանիպուլյացիաները և վարկածները։

Վտանգ հայ-ռուսական հարաբերությանը

Hayeli.am-ում հրապարակված նյութում կանխատեսվեց հայ-ադրբեջանական նոր պատերազմ։ Նյութի հեղինակ Հայկ Դավթյանը գրեց՝ «Բայց մի տեսակ դժվար է պատկերացնել, որ ռուսական բանակը կպաշտպանի այն պետության սահմանները, որին Եվրոպական միությունը 2,6 մլրդ եվրո աջակցություն է տրամադրելու»։ Այս պնդումը հակադրվում է Հայաստանի՝ 1992թ. մայիսից անդամակցած Հավաքական անվտանգության պայմանագրին։ Դրա 4-րդ հոդվածում նշվում է, որ անդամ պետությունների դեմ ագրեսին «կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Իսկ պայմանագրի մյուս անդամները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը ներդրումների մասին խոսակցությունները և Արմեն Գրիգորյանի՝ Արտաքին գործերի փոխնախարար նշանակվելը կապեց իրար և եզրակացրեց՝ «Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության» նշան է։ Արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցը ԱրմՆյուզ հ/ը-ի եթերում օրակարգ բերեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, այժմ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը (տեսանյութում 24։24 րոպեից)։ 

Այս եզրակացությունները հակադրվում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության կառավարության 2021-2026 ծրագրին։ Դրանում առանձին կետով կա անդրադարձ հայ-ռուսական ռազմավարական դաշինքին և ՀԱՊԿ անդամակցությանը։ Փաստաթղթում հստակ նշված է, որ նախատեսվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների հագեցում, մեծացվելու է ռուս սահմանապահների թիվը։

Գումարը «իրենց Նիկոլի» համար է

Բացի հայ-ռուսական հարաբերություններից քայքայումից այս ներդրումը դիտարկվեց որպես կաշառք՝ տրված հայ ժողովրդին։ Մասնավորապես, քաղաքագետ Գագիկ Համբարյանն հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանն ուղղվելիք գումարը համարեց «կաշառք» տրված հայ ժողովրդին ԵՄ-ի կողմից «իրենց Նիկոլի» խնդիրները լուծելու համար։ Նրա գրառումը տարածել են մի շարք կայքեր՝ hraparak.am, livenews.am և այլն։ 

Այս պնդումը մաս է կազմում տարածված դավադրության տեսության, թե հետհեղափոխական իշխանությունները դրսի ուժերի, ավելի կոնկրետ՝ արևմուտքի դրածոներն են։ Իսկ արևմուտքից եկող ֆինանսավորումն «իրենց» օրակարգի համար է։ 

Ստամբուլյան և այլ փաստաթղթերի համար գաղտնի պայմանավորվածության գինն է

Ազգային ժողովում օրակարգ բերվեց գումարի դիմաց գաղտնի պայմանավորվածության հարցը։ Հարց հնչեցնողը Հայաստանում տարբեր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էր։ Նա իր փորձի և մինչև հիմա եղած պրակտիկայի հիման վրա հարցրեց՝ «․․․ պարտավորություններից մեկը կաող է լինել այս կամ այն պայմանագրին միանալը։ Մասնավորապես, նույն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված»։

Արման Եղոյանը, որը գլխավորում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց, որ այս գումարի դիմաց որևէ հանձնառություն չկա։ «Մենք որ հաստատ որևէ միջազգային պայմանգիր որևէ գումարի դիմաց չի, որ պետք է վավերացնենք», – ասաց նա ու հիշեցրեց՝ 2,6 միլիարդ եվրոյի ծախսային կետերը հստակ նշված են։

Գևորգյանի բերած օրինակը՝ Ստամբուլյան կոնվենցիան, հանրության մոտ ոչ միանշանակ ընկալում ունի։ Կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանող կոնվենցիան վերջին տարիներին դարձել է ապատեղեկատվության արշավների թիրախ։ Սա առաջին անգամը չէ, երբ կոնվենցիայի վավերացման թեման պայմանավորում են արևմուտքի հետ մութ պայմանավորվածություններով։ 

Նվե՞ր, թե՞ վարկ

Թե ԵՄ ֆինանսավորման քանի տոկոսն է վարկ, քանիսը՝ ներդրում, հստակ չէ։ Եթե ընդդիմութունը բարձրաձայնում է պետական պարտքի մեծացման և հարկային բեռը մասին, ապա իշխանությունը հակառակի մասին է պնդում անում։ 

Մասնավորապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ կա պետական պարտքի խնդիր կամ իմաստ կա այս փուլում քննարկել։ Ըստ նրա «չի բացառվում, որ դրամաշնորհային և անհատույց գործիքների բաղադրիչը շատ մեծ լինի, և երկրորդը՝ արդեն երբ որ կոնկրետ ծրագրեր կհամաձայնեցնենք, յուրաքանչյուր ծրագիր իր մասով այդ տեղեկատվությունը հստակ կպարունակի»: 

Քանի որ հստակ չէ վարկ-ներդրում համամասնությունը, այն առիթ դարձավ տարատեսակ մեկնաբանությունների և վարկի չափաբաժնի մասին տեղեկության։ Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրեց՝ «․․․ այդ գումարի շատ քիչ չափաբաժինն է, այսպես կոչված ձրի փող՝ մոտ 200 միլիոնը»: Նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Վահե Դավթյանն ու պնդեց՝ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»։

Ժողովրդավարության և ընտրությունների համար է գումարի չափն այսքան մեծ

Հուլիսի 9-ին, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ԵՄ-ի տրամադրված գումարը պայմանավորեց 2021-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր», – հայտարարեց նա: 

Այս մեկնաբանությունն այնուհետ հայտնվեց իշխանական շրջանակների հրապարակած նյութերում։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծ «Օրբելի» կենտրոնի փորձագետն իր վերլուծության մեջ գրեց․ «ԵՄ կողմից տարածաշրջանային քաղաքականության վերանայման համատեքստում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար կանխորոշիչ կարևորություն ունեին Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները»։ 

Նման ձևակերպում տվեց նաև ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելիս։ «Գումարի այս ծավալը մեծապես պայմանավորված էր վերջին ընտրությունների որակով։ Ես համոզված եմ, որ եթե այս ընտրությունները անցկացնեինք ինչպես վերջին 25, թե քանի տարին ընտրություններ էին լինում, նույնիսկ 260 միլիոնի մասին խոսք չէր կարող լինել, ես դա բացառում եմ», – ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:

Գումարը Ռուսաստանից Հայաստանին «պոկելու» գինն է

ԵՄ-ից եկող խոշոր ֆինանսավորումը ռուսական կայքերը մեկնաբանեցին որպես Հայաստանին Ռուսաստանից պոկելու գին։ Օրինակ, հայկական մամուլին հաճախ մեկնաբանություն տվող Ստանիսլավ Տարասովը Regnum-ի իր վերլուծականում ներառեց որոշ փորձագետների մեկնաբանությանը։ «Արևմտյան ժողովրդավարական երկրները փորձում են գնել Հայաստան պետության բաժնետոմսերը՝ այն վերածելով  Ռուսաստանի ստորին հատվածում իրենց շահերի իրականացման հարթակի», – գրել է նա։ Իսկ Gazeta.ru-ին հարցազրույց տված փորձագետները կարծում էին, որ Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ`պայմանական արևմտյան աշխարհին ինտեգրվելու նպատակով: Այս նյութը թարգմանել է livenews.am-ը, panorama.am-ը և այլն։

Այս տեսակետը շրջանառվեց նաև Հայաստանում։ «Եվրոպան փորձում է գնել Հայաստանը և նրան պարտադրել իր օրակարգը»,  – հայտարարում էին ՀՅԴ ներկայացուցիչները Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Հայստանում լինելու օրը կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։ Իսկ 168․am-ի տաղավարում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այս ֆինանսավորումն համարեց «ռուսաստանի ճանկերից ազատվելու»  և «արևմուտքի գիրկը նետվելու համար» համար  գին ու «դրամական խրախուսանք» (տեսանյութում 16։30 րոպեից)։

Արևելյան գործընկերների հետ Եվրոպական միությունն այս տարվանից սկսում է համագործակցության հնգամյա փուլ՝ «Վերականգնում, կայունություն և բարեփոխումներ» ծրագիրը։ 

ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանը սկսել է համագործակցել 2009 թվականից։ Այս տարիների ընթացքում Հայաստանին ուղղված ֆինանսական միջոցների մասին տվյալները երևում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամփոփաթերում։ Օրինակ, 2014 թ.-ից ի վեր խառը վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության ու տրանսպորտի հատվածներում:

Հոդվածի ստեղծման համար օգտագործված աղբյուրներն ու մեթոդները

  • Այս թեմայով մոնիթորինգի համար կիրառվել են են որոնողական համակարգի խորացված որոնման գործիքակազմը:
  • Ավելի օգտակար որոնման համար ֆիլտրվել է ժամանակահատվածը որոնման համակարգի գործիքների միջոցով։
  • Կատարվել է որոնում սոցիալական ցանցերում
  • Օգտվել ենք gov.am կայքից 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *