2021.09.03,

Ստուգված է

Ջրածնի պերօքսիդը չի կարելի խմել կամ ներարկել․ Ֆեյսբուքում տարածվող տեղեկությունը սխալ է

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Համացանցում տարածվում է տեղեկություն այն մասին, թե պատվաստվելուց հետո պետք է ջրածնի պերօքսիդ խմել կամ ներարկել՝ երակները պատվաստանյութից «լվանալու» համար։ Այս տեղեկությունը ոչ միայն սխալ է․ ջրածնի պերօքսիդի ներքին օգտագործումը թույլատրված չէ և կարող է վտանգավոր լինել։ 

Անհայտ օգտատերը հորդորում էր խմել ջրածնի պերօքսիդ

Ֆեյսբուքյան օգտատեր Աստա Արիայի՝ 120 կիսում ունեցող գրառումը պնդում էր, թե ջրածնի պերօքսիդը «կարելի է ընդունել ոչ միայն պերօրալ, այլև ներերակային` խառնված  ֆիզռաստվորի հետ»։ 

Ըստ օգտատիրոջ՝ դա պետք է անել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, քանի որ պատվաստումը մարդկանց վերածում է «կառավարելի ռոբոտների» և հարկավոր է դրանից «լվանալ» երակները։ Աստա Արիան նույնիսկ խորհուրդ էր տալիս ջրածնի պերօքսիդը խմել պրոֆիլակտիկայի համար՝ մեկ էլ տեսար ապագայում պատվաստվեցիք։ 

Պատվաստումների՝ մարդկանց ռոբոտներ դարձնելու մասին դավադրության տեսությունը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Media.am-ը արդեն մանրամասն անդրադարձել է այս ապատեղեկատվությանը։ 

Աստա Արիան ծպտյալ օգտահաշիվ է՝ հայտնի չէ, թե ով է այն վարող օգտատերը, նրանից չկան լուսանկարներ, չկա նաև որևէ տեղեկություն նրա մասնագիտություն մասին։ Նա նախկինում էլ տարածել է ապատեղեկատվություն այն մասին, թե հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն պատվաստումների վնասի մասին «արգելված» ֆիլմ է նկարահանել։ Այս տեղեկությունը ստուգվել է անկախ փաստեր ստուգողների կողմից և Ֆեյսբուքի կողմից ճանաչվել սխալ։

Ջրածնի պերօքսիդը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար

Ջրածնի պերօքսիդը ախտահանիչ միջոց է։ Այն հաճախ է կիրառվում տնային պայմաններում վերքերի ախտահանման համար։ Սակայն թեև այս պրակտիկան տարածված է, այն այդքան էլ անվտանգ չէ․ ջրածնի պերօքսիդը կարող է քայքայել և ոչնչացնել ոչ միայն մաշկի վրայի վնասակար օրգանիզմներին, այլև հենց առողջ մաշկի բջջիջները։ Ավելին՝ որոշ արտադրողներ նշում են, որ վնասակար միկրոօրգանիզմները ոչնչացնելու դրա կարողությունը կրում է միայն ժամանակավոր բնույթ։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) ջրածնի պերօքսիդը համարում է անվտանգ ոչ կենդանի մակերեսների վրա կիրառման դեպքում։ Առողջապահական կառույցը նշում է, որ ջրածնի պերօքսիդը կարող է քայքայել կենդանի բջջի մեմբրանը (թաղանթը), դրա ԴՆԹ-ն, ինչպես նաև բջջի կենսական կարևորության այլ բաղադրիչները։  

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ջրածնի պերօքսիդը Covid-19 համավարակի կոնտեքստում դիտարկում էր որպես ախտահանիչ միջոց տարատեսակ ոչ կենդանի մակերեսների համար (հանրային սննդի օբյեկտներում, հանրային տրանսպորտում և այլն)։

❗ Կարևոր է դեղորայքները օգտագործել հենց այնպես, ինչպես նշված է դրանց օգտագործման կանոններում։ Ջրածնի պերօքսիդի օգտագործման ցուցումը արտաքին, տեղային կիրառումն է։ 

👩‍⚕️Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ խմելու կամ ներարակման միջոցով  ջրածնի պերօքսիդի կիրառումը հակասում է բժշկության բոլոր կանոններին։ «Ես հասկանում եմ, որ դա անտիվաքս շարժումն է և օգտատերերը կարող են շատ նմանատիպ հայտարարություններով հանդես գալ, բայց որևիցե լուրջ բժիշկ կամ կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ նման խորհրդով հանդես գալ», նշեց Ստեփանյանը։ «Իհարկե ես գիտեմ, որ շատ դեպքերում, նույնիսկ մինչև քովիդը, որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ պացիենտը գալիս է, ասում է՝ ինձ ներերակային ջրածնի պերօքսիդ են նշանակել և ես ստացել եմ։ Դա շատ կոպիտ սխալ է»։

Նույնիսկ թույլ լուծույթի դեպքում, ըստ Ստեփանյանի, չենք կարող ասել, որ  ջրածնի պերօքսիդը վտանգ չի ներկայացնի․ «Դա տեղային մշակման համար նախատեսված լուծույթ է։ Որևիցե մեկը չի կարող ասել թե, օրինակ, ստամոքսաաղիքային տրակտի լորձաթաղանթի վրա ինչպիսի փոփոխությունների կարող է բերել խմելու ձևով՝ ուր մնաց ներերկային կիրառման ձևով»։  

Ռուս պրոֆեսորի ապատեղեկատվությունը՝ հայկական սոցցանցերում

Ջրածնի պերօքսիդի՝ հրաշքներ գործելու կարողության մասին ակտիվ նյութեր էր տարածում ռուս բժիշկ Իվան Նեումիվակինը։ Հենց նրա տեսանյութերին էր իր գրառման մեկնաբանություններում հղում անում Աստա Արիա օգտատերը։ 

ԽՍՀՄ տարիներին Նեումիվակինը եղել է գիտաշխատող, սակայն կյանքի վերջին տարիներին սկսել է հետաքրքրվել «այլընտրանքային» բժշկությամբ՝ տարածելով տարատեսակ չապացուցված կամ սխալ տեղեկություններ։ Նա խորհուրդ էր տալիս ջրածնի պերօքսիդի թույլ լուծույթ խմել, պնդում էր, թե կարելի է ջրածնի պերօքսիդը քսել վզին և հինգ րոպեից կանցի ցանկացած տեսակի ցավ՝ սրտի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և այլն։ Ավելին՝ Նեումիվակինը հայտարարում էր, որ այս ախտահանիչը կօգնի ազատվել ոտքերի սնկային հիվանդությունից։ Այս բոլոր պնդումները հակասում է ջրածնի պերօքսիդի ապացուցված ազդեցության մասին տվյալներին և օգտագործման ցուցումներին։ 

Այսպիսով՝ տեղեկությունն այն մասին, թե պատվաստումից հետո պետք է ջրածնի պերօքսիդ խմել կամ ներարկել չի համապատասխանում իրականությունը։ Այս պնդումը հակասում է ջրածնի պերօքսիդի՝ գիտական ապացույցների վրա հիմնված ցուցումներին և կարող է վնաս հասցնել առողջությանը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *