Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ Անգլիայում «Օքսֆորդ/ԱստրաԶենեկա» (AstraZeneca) պատվաստանյութ ստացած 50-ից բարձր տարիքի մարդկանցից 50,000-ից միայն 1-ի մոտ կարող է արյան թրոմբի ախտանիշեր նկատվել, իսկ 50-ից ցածր տարիքային խմբում՝ 100,000-ից 1-ի։ Սակայն կորոնավիրուսով վարակվածների դեպքում արյան թրոմբի զարգանալու վտանգները շատ ավելի մեծ են․ հետազոտության համաձայն՝ քովիդով հոսպիտալիզացված բուժառուների ⅕-ի մոտ նկատվել են թրոմբի ախտանիշեր։
Հետազոտությունը տեղի է ունեցել մարտի 22-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ներառելով Մեծ Բրիտանիայում 220 հաստատված ու հնարավոր հոսպիտալիզացված դեպքերի ախտանիշերն ու արդյունքները։
Այս թեման այնքան էլ արդիական չէր լինի, եթե Հայաստանում քովիդի դեմ առաջինը ներկրված «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի շուրջ մեծ աղմուկը չշարունակվեր։ Ընդ որում աղմուկն առկա է ինչպես մեր երկրում, այնպես էլ ողջ աշխարհում:
Հայաստանում «Աստրայի» առաջին խմբաքանակը մուտք է գործել 2021 թվականի մարտի 28-ին, սակայն մինչ այդ էլ տեղական մամուլում տարածվում էին նյութեր, որտեղ ասվում է, որ աշխարհը մերժում է այդ պատվաստանյութը՝ առողջապահական լուրջ խնդիրներից խուսափելու համար: Պատճառը մի քանի երկրներում գրեթե միաժամանակ այդ նյութով պատվաստվածների մոտ արյան թրոմբի ու մահացության դեպքերն էին: Դրան հաջորդեցին արդեն հայկական ֆեյսբուքի օգտատերերի մեկնաբանություններն այն մասին, իբրև «ողջ աշխարհը հրաժարվում է «ԱստրաԶենեկայից», իսկ մենք այն մեզ մոտ ենք բերում»:
Սկսենք ամենասկզբից
Պատմության արմատները տանում են դեպի այս տարվա մարտ ամիս, երբ տարբեր երկրներում արյան թրոմբի վտանգով հոսպիտալիզացված մարդկանց շրջանում գտնվեցին «ԱստրաԶենեկայով» պատվաստվածներ:
Բիրմինգհեմի Թագուհի Էլիզաբեթ հիվանդանոցի արյունաբանության մասնագետ Ֆիլիպ Նիկոլսոնը առաջիններից էր, որ նկատեց երիտասարդների մոտ անսովոր թրոմբի առաջանալը, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է՝ հատկապես թրոմբոցիտների (թրոմբոցիտները շատ փոքր թիթեղիկներ են, որոնք արյանն օգնում են մակարդվել) չափազանց քիչ քանակության առկայության դեպքում։
Պատկերը՝ gavi.org-ից
Նիկոլսոնի նկատած երևույթն այսօր փորձագետներն անվանում են «պատվաստանյութերով պայմանավորված իմունային թրոմբոցիտային թրոմբոցիտոպենիա» (անգլ․՝ vaccine-induced immune thrombotic thrombocytopenia, VITT)։
Չնայած ինտենսիվ հետազոտություններին՝ պատվաստանյութերն ու VITT-ն կապող մեխանիզմը դեռևս անորոշ է։ Դրանց միջև կապի բացահայտումն ու պատճառների նույնականացումը թույլ կտա կանխարգելել ու բուժել անցանկալի հետևանքները` միաժամանակ բարելավելով ապագա պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը։
«Դու կարող ես քո տեսություններն ունենալ, սակայն ինչպե՞ս կարող ես պարզել, թե դրանցից որն է դարձել ինչ-որ հետևանքի պատճառ, որը կարող է հանդիպել 100,000-ից 1 մարդու մոտ»,- ասել է Կանադայի ՄաքՄեյստեր համալսարանի արյունաբան Ջոն Քելթոնը։
«ԱստրաԶենեկայի» կիրառությունը ժամանակավորապես սառեցվել էր աշխարհի 21 երկրներում։
Իրականում, երկրները ոչ թե հրաժարվել ու կատարելապես մերժում էին «ԱստրաԶենեկան», այլ, հայտնի հանգամանքներով պայմանավորված, ժամանակավորապես դադարեցրել էին դրա կիրառությունը` նյութի անտանգությունն ապացուցելու միտումով:
Պատվաստանյութից ժամանակավորապես հրաժարվել էին Շվեդիան, Լատվիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Պորտուգալիան, Սլովենիան, Ինդոնեզիան, Նիդեռլանդները, Իռլանդիան, Բուլղարիան, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Թայլանդը, Ռումինիան, Իսլանդիան, Դանիան, Նորվեգիան, Ավստրիան։
Ցանկի երկրներից մեծ մասում սառեցումը տևել է մոտավորապես 2 շաբաթ, որոշների դեպքում՝ մի քանի օր։ Դրանց տարածած պաշտոնական հայտարարություններում նշված էր, որ պատվաստանյութը կրկին կգործի այն ժամանակ, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետաքննությունն ապացուցի դրա անվտանգությունը։ Արդյունքները հրապարակվեցին ապրիլի 7-ին, երբ առողջապահական կազմակերպությունները այդքան հազվադեպ հանդիպող դեպքերի ու պատվաստանյութի միջև որևէ հստակ ռիսկի գործոն ու պատճառ չգտան։
«ԱստրաԶենեկան» աշխարհում ամենաշատ երկրներում օգտագործվող պատվաստանյութն է
Համաձայն The New York Times-ի մշտապես թարմացվող տեղեկատվության՝ «ԱստրաԶենեկայով» պատվաստում է 184 երկիր, Pfizer-BioNTech-ով՝ 124, Moderna-ով՝ 71, Sputnik V-ով՝ 45 իսկ Sinovac-ով՝ 40:
Սքրինշոթ The New York Times-ի նյութից
Ի դեպ, դեռևս 2021 թվականի մարտի 25-ին ԱստրաԶենեկա պատվաստանյութի անվանումը պաշտոնապես փոխվել է «Վաքսզեվրիայի» (Vaxzevria), որը լայն գործածության մեջ այդպես էլ չմտավ։
Մեկ այլ հետազոտություն, որը դեռ չի անցել ստուգման երկրորդ փուլ, ենթադրում է, որ «ԱստրաԶենեկայով» պատվաստվելիս արյան թրոմբ ունենալու հավանականությունը նույնն է, որքան «Pfizer»-ով պատվաստվելու դեպքում: Հետազոտությանը մասնակցել են մասնագետներ Իսպանիայից, Նիդեռլանդներից ու Բրիտանիայից՝ ուսումնասիրելով Կատալոնիայի 1,372,213 պատվաստվածներիի փորձը։
Ի մի բերելով ամբողջը.
- Աշխարհը չի հրաժարվել «ԱստրաԶենեկայից»: Դրա գործածությունը կարճ ժամանակով սառեցվել էր աշխարհի 21 երկրներում:
- Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հետաքննության արդյունքում կապ չի գտել «ԱստրաԶենեկայի» և արյան թրոմբերի առաջացման միջև:
- Կորոնավիրուսով վարակվածների մոտ արյան թրոմբի առաջացման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան որևէ նյութով պատվաստվածների:
- «ԱստրաԶենեկայով» պատվաստվելիս նույնքան ռիսկ կա, որ բուժառուի մոտ կնկատվի արյան թրոմբ (100,000-ից 1-ի մոտ), որքան «Pfizer»-ով պատվաստվողի:
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: