2021.08.23,

Ստուգված է

Որքանով են Դելտա շտամի դեմ պատվաստանյութերն արդյունավետ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Կորոնավիրուսի նոր՝ Դելտա շտամը, խիստ փոխեց համավարակի հունը՝ բերելով վարակակիրների թվի աճի։ Համավարակային վիճակի մասին շաբաթական վերջին ամփոփման մեջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգիչ ցուցանիշներ հրապարակեց՝ վերջին երկու ամսվա ընթացքում վարակման դեպքերը կազմել են 4,4 մլն, որի հետևանքով աշխարհում վարակման ընդհանուր թիվը հասել է 206 մլնի։ Մահացութան դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույնն են՝ 66000 մահ։

Վերջերս համաճարակային վիճակի մասին խոսեց նաև ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ 

Դելտա շտամի մասին լրագրողի հարցին  ի պատասխան՝ նա ասաց, որ բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են բոլոր շտամների նկատմամբ, որովհետև ստեղծվել են կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի դեմ պայքարելու համար` անկախ շտամի տեսակից։ Ռոմելլա Աբովյանը չմանրամասնեց, որ ի տարբերություն նախորդ շտամների, Դելտայի դեպքում պատվաստանյութի արդյունավետությունն ընկել է։ Նա նաև չանդրադարձավ պատվաստանյութերի էֆեկտիվության տարբերություններին։

Media.am-ը ուսումնասիրեց Դելտա շտամի վերաբերյալ գիտական աշխարհի վերջին հետազոտությունները, և այս հոդվածում կներկայացնի, թե պատվաստանյութերը որքանով են արդյունավետ վերջին՝ Դելտա շտամի դեմ։ 

Դելտայի դեմ պատվաստանյութերի էֆեկտիվությունն իջել է

Ապրիլյան ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ պատվաստված մարդիկ շատ հազվադեպ կարող են վարակի տարածման պատճառ դառնալ, ինչը նշանակում էր, որ նրանց հետ և առավել ևս նրանց միջև շփումը չէր կարող վտանգ ներկայացնել։ Սակայն Դելտայի գալստով իրավիճակը փոխվեց։ Նոր շտամը տարբերվում էր ոչ միայն տարածման առավել մեծ թափով, այլև պատվաստանյութի էֆեկտիվության իջեցմամբ։ Այդ մասին են փաստում տարբեր հետազոտություններ․

?Բրիտանացիների REACT-1 հետազոտությունը ցույց տվեց, որ Դելտա շտամի դեմ պատվաստանյութի ազդեցությունը 59% է։ Ուսումնասիրությանը խոչընդոտել էր այն, որ պատվաստանյութի կոնկրետ տեսակի մասին տեղեկություն հետազոտողները չունեին, թեև հայտնի է՝ բրիտանացիները մեծամասամբ ստացել են AstraZeneca և Pfizer։ Իսկ ստացված արդյունքները միջինացվել են այս երկու պատվաստանյութերի համար։

?Նմանատիպ արդյունք է ցույց տվել նաև ամերիկյան հետազոտությունը՝ անցկացված Մաոյի կլինիկայում։ Այն անցկացվել է առանձին Pfizer և Moderna պատվաստանյութերի համար։ Moderna-ի դեպքում էֆեկտիվությունը կազմել է 76%, Pfizer-ի դեպքում՝ 42%։ 

Չնայած պատվաստանյութերի տարբերություններին՝ կարելի է այժմ ասել, որ դրանց էֆեկտիվությունը վիրուսի դեմ կազմում է 40–60%, ինչը քիչ է կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար։ Ավելին, պատվաստված և չպատվաստված անձինք դելտա շտամի դեպքում վիրուսը տարածում են գրեթե նույն չափով։ Սա է պատճառը, որ դիմակների կրումը պարտադիր է նաև պատվաստվածների համար։ Սրա մասին են փաստում օրինակ վերջերս Վիսկոնսինում կատարված հետազոտությունը, կամ ավելի վաղ՝ Սինգապուրում արված մեկ այլ հետազոտություն։ Վերջինը նաև ցույց էր տվել, որ պատվաստվածները ավելի արագ են արձագանքում վարակին և ավելի արագ ապաքինվում։

Շոտլանդացի գիտնականների ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ ախտանշան ունեցողների շրջանում Pfizer-ի արդյունավետությունը 92%-ից (ալֆա շտամի դեպքում) իջել է 79%-ի, իսկ AstraZenec-ի համար 73%-ից՝ 60%-ի։

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում, որտեղ դելտա շտամի բռնկում կար, պատվաստանյութի էֆեկտիվությունը կազմել է 79%, մինչդեռ հարևան նահանգներում, որտեղ դելտան դեռ չէր հասել, էֆեկտիվությունը 89% էր։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է  Pfizer, Moderna և J&J պատվաստանյութերին։

Ինչ վերաբերում է Sputnik V-ին, ապա ռուսական «Գամալեա» ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը վերջերս ասաց, որ մշակվել է Sputnik V-ի նոր՝ մոդիֆիկացված տարբերակը՝ հատուկ Դելտա շտամի համար։ Գինցբուրգը նաև զգուշացրեց, որ վաղ է խոսել դրա արդյունավետության մասին։

Լավ նորությունը

Լավ նորությունն այն է, որ արտակարգ օգտագործման համար ԱՀԿ-ի կողմից թույլատրված բոլոր պատվաստանյութերը իսկապես պաշտպանում են Դելտա շտամի հնարավոր ծանր հետևանքներից՝ հոսպիտալացումից և մահվանից։ Ծանր հետևանքների կանխարգելման տեսանկյունից՝ բոլոր պատվաստանյութերն ունեն գրեթ 90% արդյունավետություն։ Որքան ավելի բարդ է բուժառուի վիճակը, պատվաստանյութն այդքան ավելի լավ է պաշտպանում։

ԱՀԿ-ն դեռևս հուլիսի սկզբին հայտարարել էր, որ Pfizer-BioNTech-ն ու AstraZeneca-ն գործում են նաև կորոնավիրուսի Դելդա շտամի դեմ՝ ըդգծելով, որ պատվաստանյութերը քիչ արդյունավետ են հիվանդության՝ թեթև ընթացքի դեպքում։

?Անգլիայի հանրային առողջապահության գործակալության (PHE) տվյալներով՝ սիմպտոմատիկ հիիվանդների դեպքում պատվաստանյութի էֆեկտիվությունն ընկել է 89%-ից 79%-ով։ Մինչդեռ հոսպիտալացվածների դեպքում էֆեկտիվությունը մնացել է գրեթե նույնը՝ 93%՝  96%-ի փոխարեն։ 

?Քաթարում կատարված հետազոտության համաձայն՝ հոսպիտալացվածների դեպքում Pfizer-ի արդյունավետությունը կազմել է 97,3%, իսկ Moderna-ի համար ֆորմալ 100% (հիվանդության ծանր ընթացք չի եղել)։

?Մայիսին հրապարակված հետազոտության մեջ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ցույց էր տվել, որ Pfizer-ի մեկ դեղաչափը իջեցնում է վիրուսից մահվան և ծանր ընթացքի հավանականությունը գրեթե նույնքան, որքան AstraZeneca-ի երկու դեղաչափը։ AstraZeneca-ի երկրորդ դեղաչափը բարձրացնում է պաշտպանությունը Դելտա շտամից մինչև 60%, մինչդեռ Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափը 88% արդյունավետություն ունի: Սա պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք պատվաստանյութը ստանում երկու դեղաչափով։

?Մեկ այլ ուսումնասիրությամբ՝ բրիտանացիները պարզել էին, որ պատվաստանյութի մեկ դոզա ստացած մարդիկ 75%-ով ավելի քիչ են հոսպիտալացվել, քան չպատվաստված մարդիկ:

Կրկնապատվաստումը՝ առաջարկվող լուծում

Թեև պատվաստանյութերը լավագույն տարբերակն են կորոնավիրուսից և դրա ծանր ընթացքից  պաշտպանվելու, այնուամենայնիվ Օքսֆորդի համալսարանի գիտնականների նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ Դելտա շտամի դեպքում դրանք պակաս արդյունավետ են և կորցնում են էֆեկտիվությունը պատվաստվելուց մի քանի ամիս հետո։ Գիտնականների թիմը համեմատել է AstraZeneca, Pfizer և Moderna պատվասստանյութերի արդյունավետությունը ալֆա և դելտա շտամների դեմ՝ օգտագործելով ավելի քան 750․000 անձանց տեստավորման արդյունքները։ Արդյունքում պարզվել է՝ չնայած պատվաստանյութերը ուժեղ պաշտպանություն են ապահովում Covid-19-ի դեմ, սակայն պակաս արդյունավետ են դելտայի դեպքում։

Լուծումը գիտնականները տեսնում են ռեվակցինացիայի (կրկնակի պատվաստման) մեջ։ 

Չնայած դելտա շտամի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը ակնկալածից ցածր է, այնուամենայնիվ գիտնականները նշում են, որ ամբողջական պատվաստումը (երկու դեղաչափով) շարունակում է մնալ առկա լավագույն միջոցը՝ դելտա շտամից պաշտպանվելու։ Pfizer և BioNTech ընկերությունները արդեն հայտարարել են, որ այժմ աշխատում են պատվաստանյութի 3-րդ դեղաչափի ուղղությամբ, որի գլխավոր խնդիրը Դելտա շտամն է։ Ի դեպ, Իսրայելում պատվաստանյութի երրորդ դեղաչափը արդեն իսկ ստանում են 40-ից բարձր բնակիչներն ու ուսումնական հաստատությունների աշխատակիցները: 9 միլիոն 300 հազար բնակիչներից ավելի քան մեկ միլիոնն արդեն ստացել է երրորդ դեղաչափը։

Այսպիսով, վերջին ամիսների հետազոտությունները փաստում են, որ պատվաստանյութերը նույն կերպ չեն ազդում կորոնավիրուսի շտամների վրա։ Դելտայի դեպքում գիտական միտքը եզրակացրել է, որ պատվաստանյութը որոշ չափով կորցրել է իր էֆեկտիվությունը։ Ազդեցությունը գնահատվում է 40-60%: Մյուս կողմից, պատվաստանյութերը շարունակում են բարձր արդյունավետություն ունենալ հիվանդության ծանր ընթացքի դեմ։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *