2021.08.21,

Ստուգված է

Աֆղանստանում հայ խաղաղապահներ չկան, ՊՆ հայտարարությունը կիսատ էր

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Աֆղանստանում թալիբանների իշխանության գալուց հետո այդ երկրում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների կացության հարցը առաջ եկավ։ Սակայն, օգոստոսի 17-ի Ազգային ժողովի նիստում պարզվեց, որ հայ խաղաղապահները դեռ մարտի սկզբում էին դուրս եկել Աֆղանստանից։ Այս հանգամանքին տեղյակ չէր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Տեղեկացնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր։ Վերջինիս պնդումը՝ խաղաղապահների դուրս բերման հայտարարության մասին, սակայն, մասամբ է ճիշտ։

Աֆղանստանում հայ խաղաղապահներ չկան, իսկ ո՞ւր է հայտարարությունը

Չնայած օգոստոսի 17-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Սևանա լճից հավելյալ ջրառի հարցն էր, բայց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների մասին նորության պակասի հարցը։

Ինչին արձագանքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսվա սկզբին: Այնպես որ, անհանգստանալու խնդիր չկա: Այդպիսի պաշտոնական հայտարարություն եղել է, պարզապես ուշադիր եղեք», – հայտարարեց նա։

Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել։ «ՊՆ պաշտոնական կայքում մինչև հիմա նշված է, որ մեր զորախումբն Աֆղանստանում է։ Ահա հղումը։ Իսկ մարտի 5-ին զորախմբի վերադարձի մասին լուրում ոչինչ չկա, ողջ զորախմբի դուրսբերման մասին, սա էլ մյուս հղումը», – գրել է նա։

ՊՆ-ն հայտարարություն տարածել է, բայց ոչ ամբողջական 

Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների մասին 2020-ի փետրվար-մարտ ամիսներին մի քանի հրապարակում է եղել։

Նախ փետրվարի 22-ին ռուսական ՌԻԱ նովոստի գործակալությանը տված հարցազրուցում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ն կրճատել է խաղաղապահների թիվը Աֆղանստանում և Կոսովոյում։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք համաձայնության ենք եկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորակազմի (121-ից 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից 2 զինծառայողի) զգալի կրճատման մասին»,- նշել է Հարությունյանը:

Media.am-ն ուսումնասիրել է Պաշտպանության նախարարության կայքի «Լուրեր» բաժնի մարտ ամսվա բոլոր հրապարակումները։ Մարտի 1-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:

Իսկ օրեր անց՝ մարտի 5-ին գերատեսչությունը տեղեկացնում էր, որ Հայաստան են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները։ 

Այս հաղորդագրության մեջ հստակ չէ, որ խաղաղապահները այլևս ծառայություն չեն իրականացնելու Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում։ Միայն ի պատասխան hetq.am-ի հարցման, ՊՆ-ից 2021-ի հուլիսին հստակեցրել են, որ Աֆղանստանում հայ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն ավարտել է և Հայաստան վերադարձել 2021 թվականի մարտի 4-ին։ 

Ստացվում է, որ Քոչարյանի պնդումը, թե հայտարարություն եղել է, մասամբ է ճիշտ։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Հայաստան վերադարձած խաղաղապահների մասին, սական հստակեցված չի եղել, որ ավարտվել է նաև Հայաստանի խաղաղապահ զորախմբի առաքելությունը Աֆղանստանում։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *