2021.08.19,

Ստուգված է

Google Maps-ում անկլավներով անցնող ճանապարհի խնդիրը նոր չէ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

«Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը օգոստոսի 15-ին գրառում էր կատարել Գուգլի քարտեզներում Տավուշի ճանապարհի որոշ հատվածների երթուղին GPS-ով չառաջարկելու մասին։ Այս իրողությունը նա պայմանավորում էր Ադրբեջանի միջամտությամբ․ Նազարյանը սա համարել է Ադրբեջանի ու Գուգլի «համատեղ հանցագործություն», «որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք»։ Սակայն, որպես նորություն ներկայացվող խնդիրը հին է։

Ո՞րն է խնդիրը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը օգոստոսի կեսին գրառում է կատարել՝ «Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաև բազմաթիվ այլ պատճառներով» Ադրբեջանը «պայմանավորվել է Գուգլի հետ և համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ»։

Նա որպես օրինակ բերել է Տավուշի մարզից․ Աչաջուր գյուղից Բաղանիս հասնելու համար Գուգլի քարտեզն առաջարկում է գնալ Լոռիով։ Նույն խնդիրն առկա չէ Աչաջուրից Կիրանց գյուղ հատվածում։

Նազարյանը համարում է, որ սա «Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ», որը հնարավոր է դարձել քանի որ չունենք «իրական իշխանություն»։

Այս գրառումը տարածել են մի շարք կայքեր՝ hraparak.am, Azgonline.am, noravank.am և այլն։

Խնդիրը նոր չէ․ ճանապարհի խնդիրը կապված է անկլավների հետ

Գուգլ քարտեզների առաջացրած ճանապարհային խնդիրը պայմանավորված է հայկական և ադրբեջանական անկլավներով։ Առաջարկվող ճանապարհը շրջանցում է Տավուշի մարզում գտնվող ադրբեջանական անկլավները և առաջարկում ավելի երկար ճանապարհ։

Այս խնդիրը նոր չէ։ Ճանապարհի նույն հատվածի խնդրի մասին, օրինակ, 2020-ի հունվարին հրապարակվել է «Գուգլ Քարտեզներ Հայաստան» խմբում։ Օգտատեր Նարեկ Սարոյանը գրել է՝ «Գուգլ նավիգացիան լրիվ մոռացել ա Երևան-Դիլիջան-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհը, հավանաբար ճանապարհի մի մասը Ադրբեջանի տարածքով (ըստ իրանց քարտեզի) ա անցնում դրա համար»: 

Բացի այդ, նույն խնդիրն առկա է նաև Հայաստանի հարավում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում։ Երևանից Արենի հասնելու համար քարտեզը չի առաջարկում Տիգրանաշենով անցնող ճանապարհը։

Նույն կերպ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Արծվաշենով քարտեզը ճանապարհի տարբերակ չի առաջարկում։

Այս խնդրին տեղյակ է իշխանությունը

Երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերի 18-ին, այն ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանը փորձում է լուծել երկրի տարածքում Google Maps-ի, PayPal-ի և Youtube-ի օգտագործման ընթացքում առաջ եկող անճշտությունները և խնդիրները:  

«Երբ որ Google Maps-ում ճանապարհը գծվում է քարտեզի վրա, ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Նոյեմբերյանի հատվածում, ինչը լուրջ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական տեսանկյունից»,- հայտարարել է նա։

Ստացվում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի բարձրաձայնած խնդիրը՝ քարտեզներում ավելի կարճ ճանապարհի չերևալը, իրականում կա։ Սակայն, խնդիրը կապված չէ ո՛չ իշխանությունների անգործության, ո՛չ էլ Ադրբեջան-Գուգլ «համատեղ հանցագործություն» հետ։ Անկլավերով անցնող ճանապարհի խնդիրն առկա է ինչպես Տավուշում, այնպես էլ Արարատ-Վայոց ձոր հատվածում և Ադրբեջանում։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *