News.am լրատվականը հուլիսի 27-ին «Մեքսիկական բուրգի տակ սնդիկի մի ամբողջ լիճ է հայտնաբերվել» վերնագրով նորություն է հրապարակել։ Այն պատմում է, թե ինչպես են մեքսիկացի հետազոտողները սնդիկի մի ամբողջ լիճ հայտնաբերել «Փետրավոր օձի» ընդերքն ուսումնասիրելիս։ Բուրգը, որի մասին պատմում է հոդվածը, կառուցվել է հնագույն ժամանակներում, Կետցալկոատլի պաշտամունքի հետևորդների կողմից։ Արշավախումբը ղեկավարող հնագետ Սերխիո Գոմեսն ասել է, որ սնդիկի հայտնաբերմանը նախորդող պեղումները տևել են վեց տարի և որ այժմ ստիպված են թունավոր նյութից պաշտպանվելու համար անվտանգության լրացուցիչ միջոցներ օգտագործել։ Սնդիկը գտել են 1800 տարի առաջ ստեղծված թունելով առաջ շարժվելիս, որտեղ կային խցեր, դրանցում էլ՝ բազմաթիվ հազվագյուտ արտեֆակտներ։
Հնագիտական բացահայտման մասին նորությունը «News.am»-ի հայերեն բաժնում «Planet Today»-ի հուլիսի 26-ին հրապարակածի նույնությամբ թարգմանությունն է, իսկ հայկական կայքի ռուսերեն բաժնում, ուղղակի, կրկնօրինակը։ Ի դեպ, «քոփի-փեյստի» շղթան շարունակել է «Slaq.am»-ը, որը պատճենել է News.am-ի թարգմանությունն ու տեղադրել իր մոտ։
Առաջին հայացքից որևէ ակտուալություն և կարևորություն չունեցող նորության խնդիրն այն է, որ այն ամենևին նորություն չէ և ունի ավելի քան 6 տարվա հնություն։ Մեքսիկական բուրգի տակ հեղուկ սնդիկի հայտնաբերման մասին պատմել է բրիտանական հեղինակավոր «The Guardian» օնլայն պարբերականը։ Ալան Յուհասի հեղինակած բավական ծավալուն անդրադարձը հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 24-ին։
Անկախ վերնագրից, որը հեղուկ սնդիկ հայտնաբերելու մասին է, «Guardian»-ի նյութում հիմնական շեշտն ամենևին դրա վրա չէ, ինչպես հայտնում է «Planet-Today»-ն ու թարգմանում «News.am»-ը։ Այստեղ պատմում են, թե ինչպես է մեքսիկացի հետազոտող Սերխիո Գոմեսն ուսումնասիրությունների ժամանակ մեքսիկական հնագույն բուրգի տակ թունել գտել, որի վերջում մեծ քանակությամբ հեղուկ սնդիկ կար, և ինչն ամենակարևորն է՝ բացահայտումը կարող էր ուղորդել դեպի Կետցալկոատլի պաշտամունքի առաջնորդներից մեկի գերեզման կամ ծիսակատարությունների սենյակ, ինչը թույլ կտար նրանց գոյության ժամանակների (100-700թթ․) մասին ավելի ճիշտ պատկերացում կազմել ու լրացնել տեղեկատվության բացակայությունը։ Այդ ամենակարևորի մասին չի գրել «Planet Today»-ը։
Իրական փաստերը ձևափոխած ռուսական կայքի նորություն-հնությունը ստացվել է իբրև թե ցնցող ու բացառիկ, այն ինչ նման շեշտադրումները անտեղի են ու անհիմն։ Բնօրինակ նյութում նման մտքեր չկան։
«Որտեղի՞ց են մայաները վերցրել սնդիկը, որը մեծ քանակությամբ պահպանվել է բուրգի տակ: Այս հարցին պատասխանելը հեշտ չէ․․․»։ Հենց այս նախադասությամբ էլ հեղինակները հակասում են իրենց այն մտքին, որը տվել էին նյութի սկզբում, որտեղ ասվում է՝ «Զարմանալի է, որ սնդիկը բավականին հաճախ է հանդիպում հնագույն գերեզմանոցների տակ, ուստի Կետցալկոատլի բուրգի տակ գտնվող սնդիկի լիճը առանձնապես չի զարմացրել գիտնականներին»։
2015-ին բուրգի տակ սնդիկի հայտնաբերման մասին գրել են ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական հեղինակավոր պարբերականները։
«Guardian»-ը թեմային կրկին անդրադարձել է 2017 թվականի սեպտեմբերի 24-ին՝ հնէաբան Գոմեսի բացահայտումն անվանելով «սնդիկի լճեր, գետեր», սակայն ոչ թե դրանց չափի ու մեծության, այլ գաղափարի համար ու, թե ինչ հնարավոր նշանակություն է ունեցել այն մեքսիկական քաղաքակրթության ժողովուրդների համար։
Ստացվում է՝ ռուսական «Planet Today»-ը հին լուր է թարգմանել՝ առանց դրա մասին նշելու, չնայած՝ «Guardian»-ը հոդվածի սկզբում մեծ դեղինով հատուկ զգուշացնում է նյութի հնության մասին, իսկ հայկական կայքն էլ իր հերթին, առանց սկզբնաղբյուրը ճշտելու, թարգմանել է հայերեն։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: