Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի՝ հուլիսի 23-ի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին հանրային նոր քննարկման առիթ դարձավ։ Դեսպանը, լրագրող Սարգիս Հարությունյանի հարցին ի պատասխան, ասաց, որ Ֆրանսիան պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված ռազմական հայտերը։ Այս միտքը, որպես գլխագիր, տարածվեց մի շարք լրատվականներում։ Օրակարգում հայտնվեց Ֆրանսիայի կողմից սպասվելիք ռազմական աջակցության հարցը։
Կարևոր է, սակայն, որ Հայաստանը դեռևս որևէ հայտը չի ներկայացրել, այլ կերպ ասած՝ չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Ավելին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ առայժմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու պատեհ ժամանակը չէ.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով։ Ես սա ասում եմ, քանի որ տեսնում եմ՝ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդտեղ գործընթացներ ծավալելու իմաստ ունի, երբ որոշակի տնային աշխատանք է կատարված։ Ընդհանրապես այդ գործընթացը պետք է լինի՝ ըստ պատեհության։ Եթե նման պատեհության կարիք լինի, գործողություններ կձեռնարկվեն»։
Հուլիսի 25-ին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, կրկին «Ազատության» եթերում, գնահատելով Լաքոթի հայտարարությանը, ասաց, որ «Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության համակարգերը և նրանց արբանյակային ծառայությունները կարող են պիտանի լինել, եթե հանկարծ Ադրբեջանը որոշի գնալ նոր արկածախնդրության»։
Հուլիսի 26-ին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստաում Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցին, ասաց․
«Ֆրանասիայի դեսպանն ասել է, որ մենք կարող ենք ձեզ օգնել ռազմական խնդիրներում, քայլն արած է, ինչո՞ւ չօգտվենք․․․․ Եթե կա ինչ-որ ռազմական տեխնոլոգիա, որը Ռուսաստանն ունի և դա բավարարում է այն չափանիշներին, ինչ մեզ պետք է, և որով մեր անվտանգությունը բարձրանում է, առաջին հերթին գնենք Ռուսաստանից։ Բայց, երբ որ Ռուսաստանը չունի… այսինքն հակաօդային համակարգեր ասածը, որը կարող է պայքարել բայրաքթարների դեմ, և որը պաշտպանողական զենք է, հարձակողական չէ, և ունի Ֆրանսիան, մեզ առաջարկում է և մենք դրան ընդառաջ քայլ չանենք․ դա ես համարում եմ կոպիտ սխալ»։
Արամ Սարգսյանը, այսպիսով, Ժոնաթան Լաքոթին վերագրեց խոսքեր, որոնք նա չի ասել։
Իսկ ինչ էր իրականում ասել Լաքոթը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքը շատ դեպքերում ներկայացվում էր կոնտեքստից կտրված։ Հիմք ընդունելով Լաքոթի խոսքը, որ Ֆրանսիան պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված ռազմական հայտերը, մեկնարկեցին քաղաքական և ռազմական վերլուծություններ այն մասին, թե Ֆրանսիան արդեն իսկ պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալու Հայաստանին։
Ուսումնասիրելով Լաքոթի հարցազրույցի այդ հատվածը՝ տեսնում ենք, որ այնտեղ որևէ խոսք չկա Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Ավելին, դեսպանը խոսքում տարբեր անգամներ շեշտում է, որ Ֆրանսիան պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտությունները ուժով չեն լուծվում, և որ ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է սկսեն քաղաքական գործընթացներ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությանը՝ մենք, բնականբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ՝ Հայաստանն ու Ֆրանսիան միևնույն ալեանսի անդամներ չեն․ մեր դերը ապագա պատերազմին պատրաստվելը չէ, մեր դերը նոր հակամարտություններից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելը, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»,- ասել է Լաքոթը։
Լաքոթը անդրադարձել է նաև տարածաշրջանում ռուսական կողմի դերակատարությանը.
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին․ ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի․․․․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց»։
Ինչպես տեսնում ենք, այս հայատարություններում խոսք չկա այն մասին, որ Արևմուտքը՝ ի դեմ Ֆրանսիայի, պատարստակամություն է հայտնել ռազմական օժանդակության տալու Հայաստանին։ Փոխարենը տեսնում ենք դեսպանի զգուշավոր պատասխանն այն մասին, որ Ֆրանսիան կքննի ռազմական հարցերում Հայաստանի դիմումները՝ ընդգծելով, որ մենք միևնույն ալեանսի անդամներ չենք և որ իրենց դերը ապագա պատերազմին պատրաստվելը չէ։
Ֆրանսիայի ռազմական աջակցության էպոպեան շարունակվում է
Չնայած դեսպանի հայտարարության մեջ չկա խոսք ռազմական աջակցություն տրամադրելու մասին, այնուամենայնիվ, հիմնվելով հենց այդ հարցազրույցի վրա, Ֆրանսիայի ռազմական աջակցության շուրջ էպոպեան շարունակվում է։
Ժիրայր Սեֆիլյանը հուլիսի 27-ի հարցազրույցում ասում է, թե այսօր քննարկվում է Ֆրանսիական զորքի ներկայության հարցը Սյունիքում և Արցախում.
«… եթե Ռուսաստանը չընդառաջի այդ առաջարկությանը, ապա նրանց կարող է ավելի վատ տարբերակի առաջ կանգնեցնեն. նկատի ունեմ Լեհաստանի զորքի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում և Արցախում»։
Հանրային այս քննարկումներին զուգահեռ՝ ակտիվացել էին նաև յություբյան ալիքները, սունկ կայքերն ու ֆեյսբուքյան քլիքբեյթ էջերը։
GoodTVArmenia յութուբյան ալիքը «Ֆրանսիան բացում է խաղաքարտերը և ձեռք մեկնում Հայաստանին․ Ադրբեջանում ողբ է» մանիպուլյատիվ բնույթի վերնագրով տեսանյութ է հրապարակում, որտեղ ընդամենը մեջբերվում է Լաքոթի հարցազրույցից այն հատվածը, որտեղ խոսվում է Հայաստանի հնարավոր հայտերի քննարկումը, և որևէ խոսք չկա Ֆրանսիայի կողմից «բացված խաղաքարտի» մասին։
Չնայած դրան՝ տեսանյութն ունի ավելի քան 20,861 դիտում, այն տարածել են ֆեյսբուքյան բազմաթիվ էջեր, տեսանյութն իրենց հարթակներում վրահրապարակել են սունկ կայքեր։
Յություբյան մեկ այլ ալիք՝ 8rd.am-ը, «Միշելի պլան Հայաստանի համար՝ Ֆրանսիական զորքը Արցախում» վերտառությամբ տեսանյութ է հրապարակում և խոսում ֆրանսիական զորքի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու հնարավորության մասին։
The Great Armenia ալիքը դեռևս 2021 թվականի մայիսին տարածում է «Ֆրանսիան հանեց զորքը։ Գալիս են Հայաստան» գլխագրով տեսանյութ։
Այստեղ ևս որևէ խոսք չկա ֆրանսիական բանակի՝ Հայաստան գալու մասին։ Հնչում է միայն կարծիք, որ դա կարող է հավանական սցենար լինել։ Այսինքն՝ օգտագործվել է վերնագիր՝ դիտումներ հավաքելու համար։
Այսօր՝ հուլիսի 28-ին, սահմանային լարվածության ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ մարտական գործողությունների հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող խոսքեր, իբրև նա ասել է՝ «Եթե ՌԴ-ն չմիջամտի, ես իմ զորքով խաղաղություն կբերեմ Հայաստանի համար»։
Ուսումնասիրելով նյութը՝ տեսնում ենք, որ վերնագիրն ու բովանդակությունն իրար չեն համապատասխանում։ Նյութում մեջբերված էին Ֆրանսիայի դեսպանի խոսքերը հուլիսի 28-ի ասուլիսից։ Ի պատասխան լրագրողների հարցերին՝ Լաքոթն ասում է, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում և կրկնում, որ Ֆրանսիան պատրաստ է քննելու Հայաստանի հայտերը։ Նյութում չկա խոսք Մակրոնի հայտարարության և նրան վերագրվող խոսքերի մասին։
Այսպիսով, Ֆրանսիայի դեսպանը հուլիս 23-ին որևէ հայտարարություն չի արել Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու մասին, այլ, պատասխանելով լրագրողի հարցին, ընդգծել է Հայաստանի հայտերը քննելու պատրաստակամությունը։ Մեդիայում տարածված տեսակետը, որ Ֆրանսիան իր ՀՕՊ համակարգերն է առաջարկել Հայաստանին, հիմնված է ոչ թե Լաքոթի, այլ քաղաքական որոշ գործիչների և քլիքբեյթ էջերի ենթադրությունների վրա։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: