2021.06.20,

Ստուգված է

Մանիպուլյացիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վճիռ՝ մանիպուլյացիա

Հունիսի 17-ին մեդիադաշտում հայտնվեց միանգամից երկու լուսանկար՝ մանիպուլյատիվ նկարագրությամբ։ Առաջին դեպքում տարածվում էր Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի բազմամարդ հանրահավաքից լուսանկար և ներկայացվում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2021թ հունիսի 17-ի հանրահավաքից կադր։ Այս դեպքում ստեղծվել էր հանրային լայն աջակցության իմիտացիա։ Երկրորդ դեպքում հրապարակվել էր Հանրապետության հրապարակից լուսանկար՝ նախքան «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքի մեկնարկը, սակայն ներկայացվում էր՝ իբրև հանրահավաքի ընթացքում արված նկար։ Այս դեպքում հավաքը ներկայացվում էր առավել սակավամարդ՝ քան իրականում այն կար։

Հին լուսանկար՝ նորի փոխարեն

Հունիսի 17-ին կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքը, որը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչով, մեկնարկել էր 20։00-ին` Հանրապետության հրապարակում։

Հանրահավաքից ժամեր առաջ՝ 18։46-ին, ֆեյսբուքյան «Դուխով» էջը հրապարակել էր լեփ-լեցուն հրապարակով լուսանկար և կից գրել՝ «Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքը»։

Որպես ինֆորմացիայի աղբյուր՝ էջը նշել էր Փաշինյանի Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Լուսանկարն իրականում հին էր, արվել էր 2018 թվականի մայիսի 3-ին։ Չնայած գրառումը, հնարավոր է, հումորային բնույթի էր, այն շատերը տարածեցին՝ որպես կայացած փաստ։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ Հանրապետության հրապարակից՝ 20։00-ի դրությամբ, որում հունիսի 17-ի հանարահավաքի մարդկանց քանակն անհամամետ ավելի քիչ է, քան երևում է նախորդ նկարում։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի տվյալների համաձայն՝ ժամը 20:49-ին Հանրապետության հրապարակում մոտ 21 հազար մարդ կար:

Նկարներ՝ հանրահավաքից առաջ

PARA TV-ն ևս նկարներ էր հրապարակել «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած հանրահավաքից։ Լուսանկարները հրապարակվել էին 20։42-ին՝ կից գրառումով՝ «Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը՝ այս պահին»։

Հանրահավաքի այդ ժամին (20։42) հրապարակն ավելի բազմամարդ էր։ PARA TV-ի հրապարակած նկարներում բեմը դատարկ է, ինչը նշանակում է, որ հանրահավաքը դեռ չի մեկնարկել։ Լրատվամիջոցի հրապարակման ժամանակ բեմում արդեն ամբիոն կար, իսկ կուսակցության ներկայացուցիչները՝ բեմահարթակում էին։ Դրանում համոզվում ենք՝ դիտելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերը, որը մեկնարկել է 20։08-ին։

Բացի դրանից՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի՝ 20։00-ին արված տեսանյութից տեսնում ենք հրապարակի այլ պատկեր, քան ներկայացվում է PARA TV-ի նկարներում։ Այդ ժամին արդեն բեմում էին ՔՊ անդամները, իսկ հրապարակն առավել բազմամարդ էր։

Այսպիսով՝ 2021թ հունիսի 17-ին հրապարակվեցին «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած հավաքից լուսանկարներ, որոնք չէին արտացոլում հրապարակում հավաքաված մարդկանց իրական քանակը։ Հակառակը՝ մի դեպքում հրապարակը ներկայացվում էր ավելի բազմամարդ, քան այն կա, մյուս դեպքում՝ լուսանկարներն արվել էին նախքան հանրահավաքի մեկնարկը, երբ մարդկանց քանակը ավելի քիչ էր։

Օֆելյա Սիմոնյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *