2021.06.16,

Ստուգված է

Կեղծ լուր. Ալիևն ասում է, որ պատրաստ է երկու ոչխար հանձնել Փաշինյանի որդու փոխարեն

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վճիռ․ կեղծ լուր

Hraparak.am կայքը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։* Կայքը հղում էր անում անանուն աղբյուրներից իրենց հասած «հավաստի տեղեկություններին»։ Միակ աղբյուրը, որի անունը կայքը հայտնում էր ՌԴ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանն էր։ Ավագյանը հետախուզվում է Ռուսաստանում, իսկ Հայաստանում հաճախ դառնում է մեդիա սկանդալների հերոս։

Պնդումներ առանց ապացույցների

Հունիսի 9-ին Hraparak.am-ը գրեց, թե «հավաստի տեղեկություններ» է ստացել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի խոսակցության մասին։ Ըստ Hraparak.am-ի՝ Ալիևը արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, թե վերջինս պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանին՝ բոլոր գերիների դիմաց։

Hraparak.am-ը պնդեց, թե Ալիևը հանձնարարել է հայկական կողմին փոխանցել, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։**

Աննա Հակոբյանը վարչապետ Փաշինյանի կինն է։ «Գարեջուր վաճառողը» մեջբերման մեջ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, որի՝ Երևանի սրճարաններից մեկում գարեջուր վաճառելու մասին տեսանյութը տարածվել էր հայկական մամուլում։

Թեև կայքը Ադրբեջանի նախագահի խոսքերը ուղիղ է մեջբերում, որևէ ապացույց այդ խոսքերի իրական լինելու մասին չի ներկայացվում։ Որևէ երկրի նախագահի և ԱԱԾ ղեկավարի երկխոսության մանրամասները ստանալու հնարավոր ճանապարհներից մեկը երկխոսության արտահոսքն է մամուլ։ Այդ դեպքում այս տեղեկությունը կհրապարակվեր նաև ադրբեջանական մամուլում։ Սակայն media.am-ին և factcheck.ge-ին չհաջողվեց գտնել նման հրապարակում ադրբեջանական մամուլում։

Ավելին՝ Hraparak.am-ը չի ներկայացնում իր պնդումների ապացույցներ, չի նշում տեղեկության աղբյուրը և վստահեցնում որ տեղեկությունը «հավաստի» է։ Թե ինչն է այս տեղեկությունը հավաստի դարձրել, առհասարակ չի նշվում: Երբ ԶԼՄ-ները չեն ուզում բացահայտել հրապարակվող տեղեկության աղբյուրները, նրանք սովորաբար հավելյալ տեղեկություն են ներկայացնում աղբյուրի (անանուն աղբյուրներ կառավարության շրջանակներից, անանուն աղբյուրներ լրատվամիջոցներից և այլն) կամ տեղեկության ձեռքբերման մեթոդների մասին։ Ո՛չ Hraparak.am-ը, ո՛չ էլ թերթի մեջբերած գնդապետ Բորիս Ավագյանը չեն հիմնավորում իրենց պնդումները որևէ հավաստի ու վստահելի փաստարկով այն մասին, թե ինչպես են ձեռք բերել Ադրբեջանի նախագահի խոսակցության մանրամասները այդ երկրի գլխավոր անվտանգային կառույցներից մեկի ղեկավարի հետ։

Միակ հայտնի աղբյուրը սկանդալների հեղինակ նախկին պաշտոնյան է

Միակ աղբյուրը, որի անունը Hraparak.am-ը տալիս է հոդվածում, Բորիս Ավագյանն է։ «Տեղեկությունը մեկնաբանելու համար կապվեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա ասաց, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա», գրել է կայքը։ Ինչպես նշել ենք վերևում, Ավագյանը նույնպես չէր նշել որևէ աղբյուր, այսինքն՝ նա արել էր պնդում առանց որևէ ապացույցի։

Բորիս Ավագյանը 2010-ականներին պետական պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում։ Նա նաև բիզնեսով է զբաղվել․ ղեկավարել է մաքսային միջնորդ կազմակերպություն Սանկտ Պետերբուրգում։ 2016-ին, սակայն, Ավագյանը զրկվել է պաշտոնից կարաոկե-ակումբում իր մասնակցությամբ ծեծկռտուքից հետո։ Նույն տարում ՌԴ իշխանությունները նրա դեմ քրեական գործ հարուցեցին մաքսանենգության մեղադրանքով։ Ավագյանը դիմել էր փախուստի և այժմ ՌԴ տարածքում հետախուզման մեջ է գտնվում։

Բորիս Ավագյանը արդեն մի քանի տարի է ապրում է Հայաստանում: Նա պաշտոններ է զբաղեցրել Արթիկի քաղաքապետարակում և Լեռնային Ղարաբաղում։ Նա հաճախ է հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին և հայտնում է սկանդալային, բայց չստուգված տեղեկություններ՝ առանց որևէ ապացույց բերելու (հերթական այդպիսի սկանդալից հետո նա ազատվեց ԼՂ-ում զբաղեցրած պաշտոնից)։ Օրինակ՝ նա պնդել էր, թե Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարող HALO Trust կազմակերպությունը լրտեսություն է անում Թուրքիայի օգտին։ Ավագյանի պնդումը, թեև չուներ որևէ ապացույց, տարածվեց հայկական մամուլում։ Փաստեր ստուգող լրագրողները անդրադարձան նրա խոսքին և սկանդալներով լի կենսագրությանը (օրինակ 1օրինակ 2օրինակ 3

Կարինե Ղազարյան

*, **  Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Նախորդ տարբերակում ասվում էր, որ ըստ Hraparak.am-ի Իլհամ Ալիևը խոսակցության ժամանակ եղել է կիսահարբած։ Սակայն Hraparak.am-ը «կիսահարբած» էր անվանել Նիկոլ Փաշինյանին և ոչ թե Իլհամ Ալիևին։ Փոփոխությունը կատարվել է 20.07.2021-ին։ 

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *