2021.05.10,

Ստուգված է

Բորիս Ավագյան․ սկանդալային լուրերի հեղինակ և հետախուզվող պաշտոնյա

Հայաստանում և Արցախում տարատեսակ պաշտոններ ստացող և կորցնող Բորիս Ավագյանը վերջին կես տարում հայտնվել է երեք տեղեկատավական աղմուկի կենտրոնում։ 

Նա նախ բրիտանական ականազերծող «HALO Trust» կազմակերպությանը  մեղադրեց լրտեսության մեջ, ինչից հետո լքեց Արցախի նախագահի աշխատակազմում հասարակական հիմունքներով զբաղեցրած պաշտոնը։ Այնուհետև Ավագյանը Ազգային ժողովում քննադատեց «Իմ քայլ»-ական պատգամավորի մոտեցումը գերիների հարցին և ազատվեց Արցախի ԱԻՊԾ-ի փոխտնօրենի պաշտոնից։ Իսկ մայիսին, երբ երեք գերի վերադարձավ Հայաստան, մամուլը գրեց, թե դա տեղի է ունեցել Ավագյանի ջանքերի շնորհիվ։

Բորիս Ավագյանի սենսացիոն պնդումներին media.am-ն արդեն անդրադարձել է։ Այս նյութում պատմում ենք, թե ով է շարունակաբար տեղեկատվական աղմուկների կենտրոնում հայտնվող և տարատեսակ քաղաքական պաշտոններ զբաղեցնող Բորիս Ավագյանը։

Բիզնես և պաշտոն՝ Սանկտ Պետերբուրգում

Բորիս Ավագյանը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։ Այնտեղ նա հայտնի էր որպես հաջողակ բիզնեսմեն։ Նա ղեկավարում էր «Росморавиа» մաքսային միջնորդ կազմակերպությունը։ Սակայն 2009-ին իրավապահ մարմիններն այս կազմակերպության հիմնադիրներին մեղադրեցին Չինաստանից մաքսանենգ ապրանք ներկրելու մեջ։ Բիզնեսը փլուզվեց։ 

Ավագյանը «Росморавиа»-ի քրեական գործով չէր անցնում։ Ըստ «Новая газета»-ի՝ նա համագործակցել էր քննիչների հետ և օգնել նրանց բացահայտել խախտումների սխեման։ «Росморавиа»-ն լքելուց հետո նա ամուսնացավ Լենինգրադի շրջանի դատախազի նախկին տեղակալ Արմեն Առաքելյանի դստեր հետ։ 

Ամուսնությունից հետո Ավագյանն անցավ պետական ծառայության։ 2010-ից սկսած նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Պետական ունեցվածքի կառավարման դաշնային գործակալությունում (Росимущество), այնուհետև՝ Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրման դաշնային գործակալությունում (Росреестр)։ Ռուսական մամուլը գրում էր, որ պաշտոնյան շքեղ կյանքի սիրահար էր։ Starhit.ru ժամանցային կայքը, որի նյութը հրապարակել է Սպուտնիկ Արմենիան, նշում էր, թե Բորիս Ավագյանը հարստությունը ժառանգել է պապից՝ նրա գիտական պատենտների վաճառքի հասույթն է։

Росреестр-ում պաշտոնավարման ժամանակ Ավագյանը խախտումներ էր հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի Բալթյան մաքսատանը։ 

Ավագյան-պաշտոնյայի կարիերան ՌԴ կառավարությունում ավարտվեց 2016-ին, երբ Սանկտ Պետերբուրգի «Music bar 11» կարաոկե-ակումբում նրա մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ։ Մեկնաբանելով միջադեպը՝ հիվանդանոցում հայտնված Ավագյանը ակնարկել էր, որ հարձակումն իր վրա հնարավոր է տեղի է ունեցել իր աշխատանքի պատճառով, քանի որ նա բացահայտել էր ապօրինի գործարքներ։

Պաշտոնյայից՝ քրեական գործով հետախուզվող

Պետական պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց ռուսական և հայկական մամուլում տարածվեցին լուրեր, թե Ավագյանը հնարավոր է նշանակվի ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ։ Այս հանձնաժողովը զբաղվում է ԵԱՏՄ-ում ինտեգրման նախագծերի մշակմամբ։ Դեռ պաշտոնին չնշանակված Ավագյանն արդեն հարցազրույցներ էր տալիս ԵԱՏՄ ապագայի մասին։ 

Միևնույն ժամանակ, ըստ պետերբուրգյան «Фонтанка» լրատվականի, Ավագյանը բուռն գործունեություն էր ծավալել․ նա բողոքներ և դիմումներ էր հղում պատկան մարմիններին՝ վստահեցնելով, որ Մաքսային ծառայության (ФТС) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները զբաղվում են կոռուպցիայով։ 

Սակայն քրեական գործը հարցուցվեց հենց Ավագյանի դեմ։ 2016-ի ամռանը ՌԴ ուժայինները Ավագյանին մեղադրեցին մաքսանենգության մեջ և ձերբակալեցին։ Նրա կարիերան ԵԱՏՄ-ում այդպես էլ չստացվեց։ Ավագյանին ձերբակալել էին Մոսկվայում, երբ փորձում էր հերթական տեղեկությունը փոխանցել լրագրողներին։ 

Լուսանկարը՝ life.ru

Ավագյանին նշանակեցին տնային կալանք։ Սակայն նախկին պաշտոնյան կարողացավ փախչել Եվրոպա՝ սեփական պսակադրության նախօրեին։ Փախուստից կարճ ժամանակ անց Ավագյանը երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա երկրորդ կինը գեղեցկության մրցույթի հաղթող Յուլիա Իոնինան է։ 

ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում երևում է, որ Ավագյանը մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Նա իր դեմ հարուցված քրեական գործը «շինծու» է անվանում։ 

Տեղեկությունը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության

Կլիպի տղան 

Ավագյանը Սանկտ Պետերբուրգում շքեղ կյանք էր վարում, բայց չէր մոռանում հայրենիքը։ 2015-ին նա նախաձեռնել էր Երևանի մասին «Город, где сбываются мечты» երգի ստեղծումը, ինքն էլ նկարահանվել էր տեսահոլովակում։ Երգի կատարողներից DJ Smash-ը Ավագյանի ընկերն է։
Կադր «Город, где сбываются мечты» երգի տեսահոլովակից

Կադր «Город, где сбываются мечты» երգի տեսահոլովակից

Հայրենասիրությունը Ավագյանը համադրում էր ՌԴ ղեկավարության հանդեպ ցուցադրական համակրանքի հետ։ Նա կրում է Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկներ, «սելֆի» անում Պուտինի նկարի հետ։

Թավշյա հեղափոխությունից հետո Ավագյանը կնոջ հետ տեղափոխվեց Հայաստան, որտեղ իրեն բնորոշ ոճով սկսեց զբաղեցնել տարատեսակ պաշտոններ և սենսացիոն հարցազրույցներ տալ լրագրողներին։ 

Հեղափոխության «առանցքային դեմքը» պետական պաշտոններ է զբաղեցնում

«Ռուսաստանում նրան արդարացրեցին, բայց Բորիսը որոշեց չվերադառնալ, դարձավ հեղափոխության առանցքային դեմքը», – նման սխալ պնդում էր կատարել՝ peopletalk.ru ժամանցային կայքը։ 

Ավագյանը, խոսելով իշխող ուժում իր անձնական կապերի մասին, հայտարարել է, որ «Իմ քայլ»-ական պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Մանուկյանն իր մտերիմ ընկերն է։

2018-ի հուլիսին Բորիս Ավագյանը որոշել էր հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ըստ «Коммерсантъ» թերթի տվյալների՝ պատճառը քաղաքական պաշտոն զբաղեցնելու նրա ցանկությունն էր։ Նա պատրաստվում էր հիմնել սեփական «Նոր Հայաստան» կուսակցությունը և Հայաստանի ապագան տեսնում էր Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ ավելի խորը ինտեգրման մեջ։ 

Բորիս Ավագյանը և նրա կինը քաղաքական կուսակցությամբ գործունեություն այդպես էլ չսկսեցին։ Ավագյանի կինն ունի տուրիստական գործակալություն՝ Avakian Premium Travel։ Իսկ Ավագյանը պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նա եղել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի համայնքապետի տեղակալ, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Արցախյան երկրորդ պատերզմի օրերից նա պաշտոններ է զբաղեցրել նաև Արցախում՝ Արցախի ԱԺ նախագահի հատուկ հարցրով խորհրդական, Արցախի նախագահի` հասարակական հիմունքներով աշխատող հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ։

Ավագյանը Հայաստանում և Արցախում միևնույն ժամանակ զբաղեցրել է պաշտոններ (Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալի և Արցախի ԱԺ նախագահի հատուկ հարցրով խորհրդականի, ապա՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի)։ ՀՀ  հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները ի թիվս այլնի չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում։

Ավագյանն իր նախաձեռնած ծրագրերի մասին շատ հաճախ պատմում է 24News-ի տաղավարում։ Միայն 2020-ի ընթացքում նա ավելի քան 10 անգամ տաղավարային հարցազրույց է տվել այս լրատվականին, որոշ դեպքերում՝ ռուսերենով։ 

Բորիս Ավագյանի ծրագրերն ու նվիրատվությունները

Ավագյանի ամենամեծ նախաձեռնությունը Արթիկում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելն էր։ Ծրագիրը հավակնոտ էր․ խոշոր նավթային ձեռնարկությունները պետք է տեղափոխվեին Արթիկի ԱՏԳ, Արթիկի տուֆը կարտահանվեր պատերազմից ավերված Լիբիա, լիբիական նավթն էլ կվաճառվեր Արթիկի ԱՏԳ-ի միջոցով։ Կառավարությունը մերժել է այս հայտը։

Մեկ այլ հավակնոտ ծրագիր Ավագյանն ունի Իրանում։ Նրա կինը պատմել է, որ իր ամուսնու` իրանյան նախագծով ներդրումները գերազանցում են 50 միլիոն դոլարը: Ըստ նրա՝ Իրանը ոսկու արտահանման քվոտաներ է տրամադրել իրենց ընտանիքին պատկանող կառույցներին:

Բորիս Ավագյանը և նրա կինը՝ Յուլիան։ Լուսանկարը՝ Յուլիա Ավագյանի էջից

Բորիս Ավագյանն իր, ընտանիքի կամ համայնքի անունից նվիրատվություններ է կատարում։ ՀՀ Ազգային պատկերասրահին նա նվիրել է Բաշինջաղյանի կտավը, Արցախի պետական համալսարանին՝ ռուսերեն գրքեր, Արցախի ԱԻՊԾ-ին՝ ճտքակոշիկ ու ձեռնոց։ 

Ռուսական մամուլը գրել է, որ նա Արցախում զբաղվում է Արցախում ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցելու հարցով։ 

Նա դիրքավորվում էր որպես 2020-ի դեկտեմբերին Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 60 ավել շիրակցի պահեստազորայինների հարցերով զբաղվող, իսկ մայիսին արդեն մամուլը գրում էր, թե նաև իր շնորհիվ են գերիները հայրենադարձվել։

Ո՞ւմ շնորհիվ գերիները հասան Հայաստան

Ադրբեջանում պահվող գերիներից 3-ը մայիսի 4-ին վերադարձան Հայաստան։ Նույն օրը լրատվամիջոցները գրեցին, որ սա հնարավոր է դարձել Բորիս Ավագյանի «ջանքերի շնորհիվ»՝ ՌԴ խաղաղապահների ջանքերի հետ համատեղ։ 

Տեղեկատվության աղբյուրը հայտնի չէր, բայց լուրը տարածվեց։ Նույն օրը մամուլը նաև գրեց, որ Ավագյանը ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ընկերն է և զբաղվում է գերիների վերադարձի շուրջ բանակցություններով։

Ավելի ուշ իր դերը պարզաբանեց հենց Ավագյանը՝ բացատրելով, որ ընդամենը խնդրել է Մուրադովին, որի հետ «լավ գործնական հարաբերություններ» ունի։ Իսկ օրեր անց 24News-ի տաղավարում վրդովվում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնել էր, թե գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում։ 

Բորիս Ավագյանը Հայաստանը տեսնում է Ռուսաստան-Բելառուս դաշինքում

Բորիս Ավագյանը Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու ճանաչելու աջակիցներից էր։ Դիմում էր ՀՀ ԱԳՆ-ին՝ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու համար։

Պուտինի պատկերով շորը հագին նա ասում էր, որ անխոս պատրաստ է հետ գնալ Ռուսաստան․ «Օրինակ, եթե ինձ առաջարկեն դառնալ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս կամ ներկայացնել երկիրը Եվրասիական տնտեսական միությունում, ուր ինձ ուզում էին ուղարկել դեռ երկու տարի առաջ»։ Հայտարարում է, թե իր ամբողջ գործունեությունն ուղղված է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ավելի խորը ինտեգրմանը։ 

24News-ին մի քանի օր տարբերությամբ տված հարցազրույցներում (2020-ի նոյեմբերի 25, դեկտեմբերի 08 և դեկտեմբերի 14) նա կողմ էր արտահայտվում Ռուսաստանի հետ խորը ինտեգրմանը։ Անգամ առաջարկում էր մտնել Բելառուս-Ռուսաստան դաշինքի մեջ։ 

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *