2021.06.15,

Ստուգված է

Սխալ տեղեկություն․ Ռուսաստանը հանում է զորքը Հայաստանից

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վճիռ՝ սխալ տեղեկություն

Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են քլիքբեյթ կայքերում հրապարակված բովանդակությունը, թե Ռուսաստանը զորքը հանում է Հայաստանից։ Լուրը չի համապատասխանում իրականությանը, ռուսական զորքը ոչ միայն չի հեռացել, այլև Սյունիքի մարզում արդեն իսկ հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ։

Ավելի քան մեկ ամիս առաջ հայկական մեդիադաշտում տարածվեց լուր այն մասին, որ ռուսական զորքը հեռանում է Հայաստանից։ Որպես պատճառ՝ նշվում էր վերահաս պատերազմը։ Հունիսի 10-ին այս լուրը կրկին սկսեց շրջանառվել՝ ավելի մեծ թափով և ավելի սենսացիոն վերնագրով. «Այ քեզ զարգացումներ…Ռուսաստանը զորքը հանում է ՀՀ-ից…»։

Վերնագրից կարելի է ենթադրել, որ խոսքը հենց այդ պահին տեղի ունեցող իրադարձության մասին է, և ռուսական զորքը արդեն լքում է Հայաստանը։ Սակայն նյութի բովանդակությանը ծանոթանալիս՝ հասկանում ենք, որ խոսքը ոմն Հայկ Մարտիրոսյանի խոհերի մասին է, որը նա հնչեցրել է ասուլիսի ժամանակ։ Թե ինչ ասուլիսի մասին է խոսքը և ով է Հայկ Մարտիրոսյանը, հոդվածում չի նշվում։ Բաց աղբյուրներում մենք չգտանք Հայկ Մարտիրոսյան անունով մարդու կողմից նմանատիպ բովանդակությամբ մամուլի ասուլիս։ Այդ մասին չէր գրել որևէ արժանահավատ աղբյուր։ Հավանական է, որ նյութի հեղինակը նկատի է ունեցել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միտք երբևէ չի հնչեցրել, և եթե տարածվողն իր անունից է, ապա գործ ունենք պարզագույն ստի հետ։

Նյութի հեղինակը նշում է, որ Հայկ Մարտիրոսյանի խոսքերի իսկությունն իրենք չեն կարողացել ստուգել, սակայն հարկ են համարում այն ներկայացնել ընթերցողին։

Նյութում բերված մեջբերումներից հասկանում ենք, որ Հայկ Մարտիրոսյանը խոսել է ոչ թե այդ պահին երկրից դուրս բերվող ռուսական ռազմաբազայի կամ ռուսական զորքի մասին, այլ կանխատեսում է արել, որ ռուսական բանակը դանդաղ հեռանում է Հայաստանից։ Պատճառն էլ, ըստ նրա, գարնանը սպասվելիք պատերազմն է։

Ռուսական զորքը Հայաստանից մտադիր չէ հեռանալ

Ռուսական զորքի՝ Հայաստանը լքելու մասին խոսակցությունները հիմնավոր չեն։ Այս լուրի տարածումից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ռուսական 102-րդ ռազմաբազան չի հեռացել և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Ավելին, դեռևս ապրիլի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է և որ արդյունավետ քննարկումներ են եղել Ռուսաստանի գործընկերների հետ՝ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։

Ավելի ուշ՝ մայիսի 3-ին, կրկին Ազգային ժողովի ամբիոնից, Փաշինյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում արդեն իսկ հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպված ասուլիսում, կարևորել էր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նա նաև ասել էր, որ Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։

Ավելի ուշ՝ մայիսի 24-ին, Аргументы и факты-ին տված ծավալուն հարցազրույցում ՌԴ արտգործնախարարը ընդգծել էր՝ ռուս-հայկական հարաբերությունները ժամանակի քննություն են անցել, և որ ինքը կասկած չունի՝ դրանք կշարունակեն զարգանալ երկկողմ վստահության, ռազմավարական համագործակցության ու դաշնակցային փոխգործակցության ոգով։ Նա նաև ասել էր, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է սատար կանգնել հայ ժողովրդին:

Օֆելյա Սիմոնյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *