Վճիռ՝ կեղծ լուր
«Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Արթուր Թովմասյանը հունիսի 2-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե երեխաների պաշտպանության օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ ԼԳԲՏ համայնքի դրոշն են ցուցադրել, ինչի միջոցով ՀՀ վարչապետը փորձում է այդ համայնքի սատարումը ստանալ սպասվելիք արտահերթ ընտրություններում։
Տեղեկությունը սխալ է, քանի որ որպես ապացույց կցված լուսանկարում ոչ թե ԼԳԲՏ համայնքի դրոշն է, այլ անիմացիայից կադր, որտեղ երևում է ծիածան։
Ինչպե՞ս տարածվեց լուրը և ինչո՞ւ է այն կեղծ
Արթուր Թովմասյանը գրառման մեջ գրել էր. «Կապիտուլյանտը (հեղինակը նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ.) այս դրոշը ֆռացնելով Հանրապետության հրապարակում, խնդրում է LGBT համայնքին ընտրություններում իրեն սատարել: Վայ Հա՛յ ժողովո՛ւրդ դու էս ուր հասար….»
Գրառմանը կից Թովմասյանը երկու լուսանկար էր տեղադրել․ մեկը՝ հունիսի 1-ի համերիգից, մյուսը՝ ԼԳԲՏ համայնքի դրոշը։ Այդ համեմատությունից տպավորություն է ստեղծվում, թե երեխաներին նվիրված համերգի ժամանակ բեմում իսկապես համայնքի դրոշն է ցուցադրվել։
Թովմասյանի գրառումը տարածեցին մի շարք լրատվական կայքեր՝ 168.am, hayeli.am, 7or.am, livenews.am, top-news և այլք, այդ մասին եղան հրապարակումներ նաև ֆեյսբուքի խմբերում։
Ինչպես երևում է լուսանկարներում, Հանրապետության Հրապարակի բեմի էկրանից երևացողը ոչ թե ԼԳԲՏ համայնքի դրոշն էր, այլ ծիածան՝ վերցված անիմացիայից։
Անիմացիայի հեղինակը միջոցառման կազմակերպիչն էր՝ «Բյուրո» ՍՊԸ-ն։ Կազմակերպության տնօրեն Մերի Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց անիմացիայում երևացող ծիածանի գույների քանակն անգամ չի համընկնում ԼԳԲՏ դրոշի գույների հետ. իրենցը 7-ն է, մինչևդեռ համայնքի դրոշի գույները 6-ն են։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր Թովմասյանը մեղադրում է գործող իշխանությանը ԼԳԲՏ քարոզ իրականացնելու համար։ 2019-ին, օրինակ, նա կանխատեսում էր, որ Երևանում շուտով, ինչպես ինքն է ասում, «գեյ պառադ» կանցկացվի, քանի որ Փաշինյանի կառավարությունը տրանսգենդեր անձի ընդունելություն է կազմակերպել, սեռափոխված մարդու մասին ֆիլմը ֆինանսավորել։
Օֆելյա Սիմոնյան
Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: