2021.06.03,

Ստուգված է

Սխալ ենթադրություններ Ադրբեջանի զոհերի քանակի մասին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Blognews.am-ը այսօր գրել էր, թե Թուրքիան խոստովանել է՝ 2020-ի Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 6000 զինվոր։ 

«Թուրքիան խոստովանեց, որ Արցախյան (Ղրաբաղյան) պատերազմում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 6000 զինվոր: Համոզված եղեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կորուստները շատ ավելի մեծ են. ժամանակի ընթացքում իհայտ կգա իրական ցուցանիշը»,- գրված է նյութում։ 

Որպես ապացույց՝ հրապարակվել է թուրքական կողմի հաղորդագրությունների սքրինշոթեր, որում նշված է․ «Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նվերների քարավան՝ շեհիդների (զոհված զինվորների) երեխաների համար։ Նվերները ստանում են Ղարաբաղի ազատագրման համար մղվող 44-օրյա պատերազմում զոհված 6000 զինծառայողների ընտանիքներ»։

Հաշվի առնելով, որ նվերները բաժանվել են 6000 ընտանիքների, նյութի հեղինակը եզրակացրել էր, որ զոհերի թիվը հենց այդքան է, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ստում է պնդելով, թե թիվը 2900 է։ 

Հաղորդագրությունը կիսատ է մեջբերված

*  Ուսումնասիրելով թուրքական պետական լրատվական գործակալության՝ TRT-ի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունը, տեսնում ենք, որ հաղորդագրությունը հրապարակումից կարճ ժամանակ անց խմբագրվել է, Blognews.am-ում հրապարակված սքրինշոթում տեսքստի նախնական տարբերակն է։ Հայտարարության փոփոխված տարբերակում երևում է, որ նվիրատվությունն արվել է ոչ միայն Արցախյան պատերազմում զոհված, այլ նաև վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Հայկական լրատվակայքը նյութը հրապարակել է խմբագրումից ավելի քան 10 ժամ անց, սակայն միևնույն է չի նշել, որ մեջբերել է չխմբագրված հատվածը և չի զգուշացրել, որ տեքստը խմբագրվել է։

Ավելի ուշ հաղորդագրությունը ևս մեկ խմբագրման է ենթարկվել․ TRT-ի տելեգրամ ալիքի փոխանցմամբ` 6000 թիվը վերաբերում է պատերազմում զոհված և վիրավորված զինվորների երեխաներին, որոնք նվերներ են ստացել։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի զոհերի քանակին Արցախյան 2-րդ պատերազմում, ապա նշենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով պատերազմում զոհված 2900 զինծառայողի և 14 անհետ կորածի մասին։ 

Հայ փորձագետների և ադրբեջանական կողմի տվյալները քիչ են տարբերվում

Razm.info մասնագիտացված հարթակի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը պատմում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայտարարված թիվը՝ 2900 և բաց աղբյուրներից իրենց կողմից հավաքագրած տվյալները մեծ հաշվով համընկնում են։ 

«Իհարկե, ունեն թաքցրած կորուստներ, առնվազն դրա ապացույցը մենք ունենք, բայց էական թվով ավել չեն հրապարակված պաշտոնական թվից։ Կոնկրետ թիվը դժվար է այս պահին ասել, քանի որ պրոցեսը հաշվարկի շարունակական է, որոշ ճշգրտումների կարիք կա։ Բայց հիմնական միտքս  այն է, որ այնպես չէ, թե Razm.info-ի ունեցած տվյալները անունների շատ են տարբերվում հրապարակվածից»։

Հայկի խոսքով՝ իրենց տվյալները ստացվում են բացառապես բաց աղբյուրներից և հաստատվում են փաստերով․ «Երբ մենք ասում ենք, որ կա զոհված զինվոր, դա նշանակում է, որ կա այդ կորստից լուսանկար, կա անուն-ազգանուն, որոշների դեպքում ծննդյան ամիս-ամսաթիվ, ստորաբաժանում, որտեղ ծառայել են, այսինքն ամբողջ պատկերը տվող ինֆորմացիա։ Սակայն կարևոր է նշել, Ադրբեջանի գերատեսչություններից միայն ՊՆ-ն է ցուցակ հրապարակել, բայց պատերազմին միայն ՊՆ-ն չի մասնակցել՝ հանձին բանակի։ Մասնակցել են նաև Պետական սահմանապահ ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը՝ ներքին զորքերով, Արտաքին հետախուզության ծառայության ստորաբաժանումը։ Այս գերատեսչությունները նման ցուցակ չեն հրապարակել»։ 

Այսպիսով, թուրքական կողմի նվիրատվությունը Ադրբեջանի 6000 ընտանիքներին չի նշանակում է, թե Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տվյալը՝ 2900 զոհերի մասին սխալ է։ Հայտարարությունը մեջբերված է կիսատ։ Ամբողջական հայտարարության մեջ հիշատակվում են պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքները։

Օֆելյա Սիմոնյան

*  Հոդվածի այս պարբերությունը խմբագրվել է 2021թ․ հունիսի 4-ին։ Նախնական տարբերակում չէր նշվում, որ TRT-ի հաղորդագրությունը հրապարակումից կարճ ժամանակ անց խմբագրվել է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *