Մայիսի 19-ին ցանցում տարածվեց 3 րոպե տևողությամբ տեսանյութ, որում երևում էր Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև եղած միջադեպը։ Ադրբեջանցիները հրում և հայհոյում էին հայերին, նրանց ստիպում էին գնալ ինչ-որ ուղղությամբ։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նույն օրը նախ հերքեց, ապա հաստատեց՝ միջադեպը գրանցվել էր մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։
Media.am-ը գտավ, թե Գեղարքունիքում կոնկրետ որտեղ է եղել միջադեպը։
Ի՞նչ էր կատարվել և ի՞նչ տեղեկություն էր հայտնի
Մայիսի 12-ին Ադրբեջանի ուժայինները հատել են հայ-ադրբեջանական սահմանը Սյունիքի հատվածում։ Նույն օրը լուր տարածվեց, որ առաջխաղացում կա նաև Գեղարքունիքի հատվածում։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նույն օրը պարզաբանեց՝ հակառակորդը իրականացնում է դիրքավորման աշխատանքներ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այս աշխատանքները մինչ այդ չէին իրականացվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Երկու օր անց «Ազատության» հետ զրույցում Սանոսյանը հաստատեց, որ Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը Հայաստանի պետական սահմանից երկու ուղղությամբ առաջ են եկել․ Վերին Շորժա՝ 100-300մ և Կութ բնակավայրերի շրջակայք՝ մոտ 2կմ։
Պաշտպանության նախարարությունը հերքեց, երբ դեռ ստուգում էր
Տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց Վարչապետի աշխատակազմին կից Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՊՆ-ից տեղեկացրել էին՝ տեսանյութը «առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ»։ Սակայն նաև նշել էին՝ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։
Հակասական այս հաղորդագրությունը ժամեր անց հերքեց նույն պաշտպանական գերատեսչությունը։ Տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:
Ի դեպ, տեսանյութի տարածումից մեկ օր առաջ՝ մայիսի 18-ին, տեղեկություն էր տարածվել, թե Վարդենիսում ադրբեջանցիները հայերի են ծեծի ենթարկել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՊՆ-ից պարզաբանել էին, որ Վարդենիսի հատվածում արգելափակված ադրբեջանցի և հայ զինվորականների միջև «մի քանի րոպեանոց վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել գնացել է»։
Media.am-ը գտել է դեպքի վայրը
Սահմանային այս միջադեպը գրանցվել է Գեղարքունիքի սահմանագծին՝ Վերին Շորժայի մոտակայքում․ կոորդինատները՝ 40.131640,45.954549։
Սարի լանջի ձնածածկ հատվածները երևում են մայիսի 17-ի արբանյակային պատկերում։
Լեռան այս պատկերները համեմատելիս՝ ևս տեսանելի է դառնում, որ տեղանքը նույնն է։
Նույնը նաև այս պատկերում է երևում։
Տեսանյութը նույն վայրում է տեղորոշել նաև թվիթերյան @khalfaguliyev օգտատերը։
Այսպիսով, տարածված տեսանյութը նկարահանվել էր Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայի մոտակայքում։ Ինչպես ՊՆ-ն է տեղեկացնում՝ միջադեպը գրանցվել էր մայիսի 17-ին՝ տեսանյութի տարածումից երկու օր առաջ։
Արշալույս Բարսեղյան
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: