Մայիսի առաջին կեսին Սյունիքի սահմանային միջադեպը ապատեղեկատվությունների տարածման առիթ դարձավ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կեղծ լուրի թիրախում հայտնվեց դիտորդական դաշինքի համակարգողը։ Իսկ AstraZeneca-ի շուրջ կիսատ ու սկանդալային բովանդակությունը շարունակվում է տարածվել նաև հեռուստատեսությամբ։ Թե ինչքանով ես ծանոթ ապատեղեկատվություններին՝ պարզիր մեր թեստի միջոցով։
Սիսիանում գրանցված վարակները Սև լճի թունավորման հետևանք չէր
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։ Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում էր ջուրը։ Նույն օրը ադրբեջանական զինված ուժերը հատել էին ՀՀ պետական սահմանը՝ Սև լճի շրջանում։
Լրատվամիջոցները գրում էին, որ ադրբեջանական կողմն է թունավորել Սև լիճը, «5-րդ ալիք»-ը հռետորական հարցերով խոսում էր «Հայաստանի դեմ հիդրոտեռորի» մասին։ Media.am-ը պարզեց, որ ռեպորտաժում կիսատ է ներկայացված պաշտոնական աղբյուրների փոխանցած տեղեկությունը։ Ավելին, Սիսիանին ջուր է մատակակարվում Շաքիից, այն 10-15կմ է հեռու քաղաքից, փակ աղբյուր է և չունի ակունք Սև լճից։
Պետրոս Ղազարյանը և Արման Բաբաջանյանը սխալվում են
Սյունիքի սահմանային միջադեպի օրը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը ապատեղեկատվություն տարածեց։ Ադրադառնալով օրվա լրահոսին (ամփոփումը`այստեղ)՝ նա իր առաջին հարցում պնդեց՝ «․․․ պարզվեց ադրբեջանցիները մի փոքր առաջ են եկել և պարզվեց ոնց եկել են առաջ, նենց էլ գնացել են հետ»։ Հաղորդման հյուր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ համաձայնեց ու հավելեց՝ «չեզոք գոտում» են առաջ եկել։
Իրականում ադրբաջանցիները ՀՀ տարածք էին մտել և հետ չեն գնացել։ Նրանց հետ գնալու մասին պաշտոնական տեղեկություն չկար հաղորդման եթերի օրը։ Ավելին, նույն օրը՝ ուշ երեկոյան ԱԽ նիստ հրավիրվեց։ Վարչապետ Փաշինյանը հաստատեց, որ Ադրբեջանը 3,5կմ առաջ է եկել ՀՀ տարածում, «իրավիճակը առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային»։
Լավրովի խոսքը սխալ էր տարածվում լրատվական դաշտում
Սյունիքի սահմանային միջադեպի նախորդ օրը Բաքվում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գամատեղ մամուլի ասուլիսիը, որի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին հանձնելու հարցին։
Սերգեյ Լավրովի հայտարարությունը սխալ տարածվեց հայկական մեդիա դաշտում։ Օրինակ, Iravaban.net-ը գրեց՝ «ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին»։ Այս լուրը նույնությամբ տարածեց Gala.tv-ն։ Նույնաբովանդակ հոդված հրապարակեց Armlur․am-ը։
Ասուլիսի ընթացքում, սակայն, Լավրովը չի արձանագրել, որ Հայաստանը հանձնելու է քարտեզները Ադրբեջանին։ Այլ ասել է՝ Հայաստան կատարած այցի ընթացքում այս հարցը քննարկվել է, և «իրեն թվացել է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է այս խնդիրը լուծելու անհրաժեշտությունը»։
Ֆեյսբուքյան կեղծ հաշիվը դիտորդին հայտարարեց «Ադրբեջանի գործակալ»
«Margarita Garcia» օգտատերը մայիսի 11-ի ուշ երեկոյան պնդեց՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվում են սքրինշոթեր։ Դրանք իբրև փաստում էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողներից Անտոն Իվչենկոն գումարի դիմաց տեսանյութեր և այլ տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական կողմին։
Իվչենկոն տեղեկացրեց՝ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին: Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերը փաստերի ստուգումներ էին կատարել, որոնք ցույց էին տալիս նկարների ոչ իրական լինելը։ Media.am-ը ստուգել է այս պնդումները և հաստատել է դրանք։
Կեղծ բովանդակություն տարածած օգտահատաշիվը ժամեր անց հասանելի չէր։ Չնայած հրապարակված ապացույցներին՝ Իվչենկոն և իր ընտանիքը շարունակվել են թիրախավորվել այս ապատեղեկատվության պատճառով։
ArmNews-ը հայտնում է AstraZeneca-ի մասին սենսացիոն, բայց սխալ տեղեկություն
ArmNews-ը «Հակիրճ լուրեր»-ի մայիսի 8-ի թողարկման ընթացքում հայտնեց, թե AstraZeneca ստանալուց հետո թեկվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոն Դեյվ Մեյերսը կորցրել է ոտքը։ Այս տեղեկությունը հեռուստաալիքը վերցրել էր ռուսական Московский комсомолец կայքից, որն էլ իր հերթին նյութը թարգմանել էր բրիտանական Daily Star թաբլոիդից։
Սկզբնաղբյուրի բովանդակությունը կարդալիս պարզ է դառնում, որ հեռուստաալիքը տեղեկությունը կիսատ է ներկայացրել։ Բրիտանական թաբլոիդը նշում էր, որ մարզիկն ինքը կապ է տեսնում հիվանդության և մի քանի ժամ առաջ ստացած պատվաստման մեջ։ Սակայն բժիշկները այս կարծիքը չեն կիսում՝ նշելով, որ պատճառը հայտնի չէ։
Media.am-ը նաև պարզեց, որ բրիտանացի մարզիկի մասին լուրը ArmNews-ի նույն բաժնում նույն օրը հեռարձակված միակ բացասական լուրը չէր պատվաստանյութերի մասին։
Հանրային հեռուստաընկերությունը ապակողմնորոշում է
Հանրայինի «Լուրեր»-ի մայիսի 7-ի թողարկման ընթացում չի հստակեցվում, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները կիրառելի չեն լինելու 2021-ի Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նյութում չի նշվում ժամկետ, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նշված բոլոր դրական փոփոխությունները վերաբերում են գալիք ընտրություններին։ Ավելին, լուրի հեղինակը նշում է՝ «այս և հաջորդ ընտրություններին պարտադիր կդառնան բանավեճերը»։
Սակայն, ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնից նույն օրը նշել է, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու արտահերթ ընտրությունների ժամանակ։ «Այն պարզ պատճառով, որ մենք այդպես էլ չկարողացանք ստանալ որևէ հավաստիացում կամ անգամ դիրքորոշում դրա բովանդակության հետ կապված, թե արդյոք դա կվավերացվեր նախագահի կողմից՝ թե՝ ոչ», – ասել է Դանիելյանը։
Եռաբլուրի միջադեպը նկարահանած լրագրողի մայրը չէր տեսանյութում
Մայիսի 9-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր Եռաբլուր, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել․ զոհվածի մայրը Քոչարյանի և նրա որդու վրա բղավել էր, անիծել նրանց։ Այս դրվագը տեսանկարահանել և իր ֆեյսբուքյան էջում էր տեղեադրել araratnews.am-ի լրագրող Նանե Արզումանյանը։
Նույն օրը ավելի ուշ ցանցում սխալ տեղեկություն տարածվեց, թե կինը այս դրվագը տեսանկարահանած Արզումանյանի մայրն է․ Նանեի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Լրագրողը հերքել է այս տեղեկությունը, նաև հրապարակել է իր մոր և տեսանյութում երևացող կնոջ նկարները համեմատության համար։
Տեսանյութը հին էր, ըստ ՊՆ-ի՝ «թեթև միջադեպ» էր
Ցանցում մայիսի 2-ին տարածվել էր ադրբեջանցի ու հայ զինվորականների՝ Սյունիքի սահմանային միջադեպի տեսանյութ։ Դրանում շուրջ 5 րոպե սահմանների ճշգրտման փորձեր էր արվում երկու կողմի զինվորականների կողմից։
Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ տեսանյութի միջադեպը մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Ըստ ՊՆ-ի «թեթև միջադեպ»-ը շատ արագ հարթվել է, տարածքը կրկին հայկական կողմի վերահսկողության տակ է գտնվում:
Հերքումներ
❌ «Հայփոստ»-ը հերքել է կրճատումների մասին լուրերը և տեղեկացրել՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։
❌ ԱԱԾ-ն հերքել է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը։
❌ ԱՆ-ն հերքել է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: