2021.05.14,

Ստուգված է

Սիսիանում գրանցված վարակները Սև լճի թունավորման հետևանք չեն

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 12-ին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։ Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում էր ջուրը։ Նույն օրը ադրբեջանական զինված ուժերը հատել էին ՀՀ պետական սահմանը՝ Սև լճի շրջանում։ 

Այս երկու իրադարձությունները շատերը շտապեցին կապել իրար հետ։ Լրատվամիջոցները գրում էին, որ ադրբեջանական կողմն է թունավորել Սև լիճը, որի հետևանքով էլ զանգվածային թունավորումներ են սկսել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությունը ԱԽ նիստին էլ ավելի մոլեգնեց այդ կասկածները։ 

Հաջորդ օրը «5-րդ ալիք»-ի գլխավոր թողարկման՝ այս թեմային նվիրված ռեպորտաժը սկսեց հետևյալ նախադասությամբ․ «Ադրբեջանցիները հայտնվեցին Սյունիքի Սև լճի մոտ ու նույն օրը Սիսիանից ահազանգ եկավ՝ 370 մարդ է թունավորվել․ զուգադիպությու՞ն է, թե՞ կատարվեց այն, ինչի մասին շատերն էին ամիսներ առաջ ասում՝ Ադրբեջանին ոչինչ չի խանգարի, որ Հայաստանի դեմ հիդրոտեռոր սկսի»։ 

Հեռուստամեկնաբան Լարա Առաքելյանը, փոխանցելով նախարարի պաշտոնակատարի խոսքերը, ասաց՝ «․․․Անահիտ Ավանեսյանը միայն ասել է, որ Սիսիանում թունավորման պատճառ դարձած ջրից նմուշ է վերցվել, ուղարկվել փորձաքննության․ ավելի ուշ հրապարակվել են փորձաքննության արդյունքները՝ թունավորումը հաստատ ջրից է․ նմուշը չի համապատասխանել խմելու ջրին ներկայացված պահանջներին»։  

Խոսելով պաշտոնական աղբյուրների մասին՝ Լարա Առաքելյանն ասում է, որ պաշտոնական տեղեկատվությունը լռում է այն մասին, թե այս իրավիճակը կապ ունի՞ Սև լճի՝ ադրբեջանցիների ազդեցության տակ անցնելու հետ, թե՞ ոչ։ 

Թեմային անդրադարձավ նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը, նրա խոսքով՝ Սյունիքում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպքերը պատահական չեն, սա ազգային անվտանգության սպառնալիք է։ 

Թվարկված փաստերը կիսատ էին

Նախ նշենք, որ ռեպորտաժում կիսատ է ներկայացված պաշտոնական աղբյուրների փոխանցած տեղեկությունը․ չկա որևէ խոսք այն մասին, որ համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում։ Նաև  չի նշվում, որ դա թունավորման տարածման դիտարկվող գլխավոր գործոններից է։ 

Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում նշում է, որ այդ պահին որևէ բան իրենց չի հուշում, որ դա կարող է կապ ունենալ Ադրբեջանի կողմից Սև լճի շրջափակման հետ։ Ավելին՝ նա ևս ասում է, որ դա անձրևաջրի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է։ 

Կարևոր է նշել, որ հաղորդագրության մեջ նախարարությունը խոսում է մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացումների մասին, մինչդեռ լճի շրջափակման հայտարարությունը եղել է մայիսի 12-ին։ 

Սիսիանին ջուր է մատակակարվում Շաքիից

Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում Սիսիանի ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանն ասել էր, որ ադրբեջանցիները չեն կարող թունավորել իրենց աղբյուրները, քանի որ Սիսիանի ջրի ակունքները Շաքիում են գտնվում։

Media.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Սիսիան համայնքին ջուր մատակակարվում է Շաքիից, որը 10-15կմ է հեռու քաղաքից, այն փակ աղբյուր է։ Ջուրը խողովակաշարով տեղափոխվում է համայնք։ Խոսնակի փոխանցմամբ՝ քաղաքին ջուր մատակարարող այլ ցանց չկա։

Ինչպես տեսնում ենք քարտեզում՝ Սիսիանն ու Շաքին բավականին հեռու են Սև լճի տեղանքից։

Շաքիի ջրաղբյուրը չունի ակունք Սև լճից։ Առավել մանրամասն կարելի է տեսնել ՀՀ ֆիզիկական քարտեզում։

ՀՀ ֆիզիկական քարտեզ

Կարևոր է, որ Սև լճին մոտակա համայանքներից (Խոզնավար, Վաղատուր, Խնացախ, Վերիշեն, Վաղատին, Գորիս, Խնձորեսկ, Արավուս, Քարաշեն, Տեղ և այլն) որևէ մեկում նմանօրինակ թունավորման դեպք չի արձանագրվել։ Թունավորումներն արձանագրվել են միայն Սիսիան համայնքում։ Այս մասին մեզ ասացին Առողջապահության նախարարությունից։ Ակնհայտ է՝ եթե ադրբեջանցիներն իսկապես լիճը թունավորած լինեին, առաջին տուժողները կլինեին այս համայնքների բնակիչները։

Վարակը նման է տիպիկ աղիքային ինֆեկցիայի

Սիսիանի ԲԿ-ից media.am-ին ասացին, որ ադրբեջանցիների կողմից նմանատիպ թունավորման դեպքում մարդու արյան պատկերը այլ պետք է լիներ, դեպքերը կլինեին ավելի ծանր։ 

«Այն դեպքերը, որոնք մենք ենք ուսումնասիրել, առավել նման են աղիքային վարակի։ Առկա են ախտանշաններ, որոնք հիշեցնում են հենց աղիքային ինֆեկցիա, որն անցնում է մեկ-մեկուկես օրվա ընթացքում և առավել շատ վիրուսային բնույթի է։ Ծանր աղիքային ինֆեկցիաներ չկան՝ բակտերիալ բնույթի։ Տիպիկ աղիքային ինֆեկցիային բնորոշ պատկեր ենք ստացել»։

Առողջապահության նախարարության՝ մայիսի 14-ին տարածած հաղորդագրությունից հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 402 դեպք, որից  373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Մայիսի 14-ի դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *