2021.05.16,

Ստուգված է

Տիգրան Ավինյանի նկարներն իսկապես Սև լճում են արվել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 16-ին ֆեյսբուքյան իր էջում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ լուսանկար հրապարակեց՝ նշելով, որ իրենք գնացել են Սև լիճ։ Սև լճի տեղանք, ինչպես հայտնի է, շուրջ 4 օր է ներխուժել են ադրբեջանցի զինվորականները և պնդում են, որ դա Ադրբեջանին պատկանող տարածք է։ 

Լրագրող Նաիրի Հոխիկյանը կարճ ժամանակ անց հրապարակման տակ մեկնաբանեց, որ Ավինյանն ու գործընկերները ոչ թե Սև լճի, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր՝ դեպի Գորիս ընկած Սագի լճի տարածքում են, իսկ իրենց թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ լճակը։

Նաիրի Հոխիկյանը առանձին գրառմամբ ևս անդրադարձել էր Ավինյանի հրապարակած լուսանկարներին և քարտեզում նշել, թե «իրականում» որտեղ են արվել դրանք։

Ավինյանի լուսանկարի տեղորոշումը` ըստ Նաիրի Հոխիկյանի 

Այն, որ փոխվարչապետն ու գործընկերները լուսանկարվել են ոչ թե Սև լճում, այլ դեպի Գորիս ընկած Սագի լճի հարակի փոքր լճակի մերձակայքում, հաստատեց նաև Mediaport տելեգրամ-ալիքը։ Վերջինիս հղումով՝ լուրը սկսեց տարածվել լրատվամիջոցներում և սոցցանցերում։ 

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս անտարբեր չմնաց և ֆեյսբուքյան գրառում արեց․

«Չէ, պրոբլեմ չի, կարող եք գրել, որ Բայկալ լճում եք, կամ Լոխ Նես լճում՝  լոխնեսյան հրեշին եք գտել, բայց ձեզ «պրոստո» խաբել են՝ դա Սև լիճը չի ու վերջ: Այդ պստլիկ լճակը դեպի Գորիս ճանապարհին է՝ Սագի լճի կողքին: Բայց ոչինչ՝ կարևորը մարտական ֆոտոսեսիան է: Սույն ազգային-ազատագրական սելֆիից Ադրբեջանում մարտական առաջին աստիճանի տագնապ է հայտարարվել, իսկ Իլհամ Հեյդարովիչը  հագել է Libero ֆիրմայի անջրանցիկ իր փամփերսը: Так держать»:

Գրառումն այժմ հեռացված է, սակայն արդեն հայտնվել է լրատվամիջոցների էջերին։

Լուսանկարները Սև լճում են արվել

Իրականում Տիգրան Ավինյանն ու մյուս անձինք իսկապես Սև լճի տեղանքում էին։ Դրանում համոզվում ենք՝ դիտելով Հանրային հեռուստատեսության ռեպորտաժը, որտեղ տարածքի շատ ավելի մեծ մակերես է երևում և հնարավոր է տեղորոշում իրականացնել։ 

Ստորև ներկայացված լուսանկարում կարող եք տեսնել Սև լճի պատկերը google earth-ում և համեմատել Ավինյանի հրապարակած լուսանկարի և Հանրայինի ռեպորտաժի կադրերի հետ։ 

Իսկ այս լուսանկարում տեսնում ենք Սև լճից արևելք ընկած սարը, որը կրկին նույնական է Հանրային հրապարակած տեղանքի հետ։


Նաիրի Հոխիկյանի հիշատակած Սագի լիճը գտնվում է Սև լճից 300 մետր հեռավորության վրա՝ դեպի արևելք։ Վերջինս սխալվել էր տեղանքի տեղորոշման հարցում։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Ավետիսյանը Auroranews-ի հետ զրուցում պարզաբանել էր, թե ինչպես է հայկական կողմը կարողացել անարգել հայտնվել այդ տարածքում. «Դա Սև լճի հետնամասում է, կարողացել են բանակցությունների ժամին լինել այնտեղ։ Ինչ վերաբերում է ընդհանուր տարածքին՝ Սև լճի տարբեր հատվածներում տարբեր կլիմայական պայմաններ են, ձյուն ևս կա։ Տիգրան Ավինյանը Գորիս համայնքի ներկայացուցիչների հետ եղել է Սև լճում, հենց նրանք են ուղեկցել»։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *