2021.05.11,

Ստուգված է

ԱԽ նիստի գաղտնազերծումն արվել էր «որոշակի նպատակահարմարությամբ»

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Անվտանգության խորհրդի գրասենյակը ապրիլի 15-ին հրապարակեց գաղտնազերծված փաստաթղթեր՝ ի պատասխան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստին տեղեկացրել էր երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին։

Գասպարյանի հայտարարությունից 5 ամիս անց հրապարակված մասնակի գաղտնազերծումը ԱԽ գրասենյակը համարեց պարզաբանում։ Մինչ այդ այն չէր հերքվել ո՛չ ԱԽ-ի, ո՛չ վարչապետի կողմից։ 

Media.am-ը հարցումներ ուղարկեց ԱԽ գրասենյակ և վարչապետի մամուլի խոսնակին՝ հասկանալու համար՝ օրենսդրական ո՞ր դրույթի համաձայն է կատարվել գաղտանզերծումը, ինչո՞վ էր պայմանավորված հրապարակման ժամանակահատվածը և արդյո՞ք ամբողջական գաղտնազերծում սպասենք առաջիկայում։

Գաղտնազերծումը հայտարարությունից 5 ամիս անց կատարվեց․ ի՞նչ հանգամանքներում

Արցախյան երկրորդ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից մի քանի օր անց՝ 2020-ի նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց։ Դրանով տեղեկացնում էր՝ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները, ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը։ 

Գասպարյանը նշել էր՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Այս հայտարարությանն ԱԽ գրասենյակը արձագանքեց 5 ամիս անց․ 2021թ․ ապրիլի կեսին նիստերի արձանագրության մի քանի դրվագ հրապարակվեց։

Դրվագներում երևում էր, որ պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին ԳՇ պետը զեկուցել է, որ «որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … », « … ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են», հայկական կողմը հակահարված է ձեռնարկել Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ են գրանցվել, շարունակում են իրենց խնդիրը կատարել ու «մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Հրապարակված հատվածները հաստատում էին գաղտնազերծումից մեկ օր առաջ՝ ապրիլի 14-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Գասպարյանը պատերազմը կանգնեցնելու մասին չի ասել ԱԽ նիստի ժամանակ՝ պատերազմի չորրորդ օրը։ 

Նույն օրը Փաշինյանը, ի պատասխան «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցի, ԱԺ ամբիոնից նրան հրավիրեց ծանոթանալ ԱԽ նիստի այս արձանագրությանը։ Նաև հայտարարեց, որ կդիտարկվի Մարուքյանի առաջարկը արձանագրությունները մասնակի գաղտնազերծելու մասով։

Սրան հաջորդեց հրապարակումը։ Օրեր անց հանրայնացվեց Գասպարյանի խոսքի նույն հատվածների ձայնագրությունը։

Գաղտնազերծման հաջորդ օրը Գասպարյանը հայտարարեց, որ հրապարակված «ընտրովի հատվածները» ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` «դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից»։ 

Նա դիմեց ԱԺ և Պաշտպանության հանձնաժողովի նախագահներին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Գասպարյանին հերքելու առիթը Փաշինյանը մինչ այդ բաց էր թողել։ Այս թեմայով նա խոսել էր ԳՇ պետի հայտարարությունից մեկ ամիս անց՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում։ Նա տեղեկացրել էր, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ։

Այս թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ մայիսի 3-ին՝ ԱԺ ամբիոնից: Հռետորական հարց հնչեցրեց՝ «երկրի վարչապետը պետք ա իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞, էդ լո՞ւրջ եք ասում»։

ԱԽ գրասենյակից տեղեկացրեց, որ գաղտնազերծումը կատարվել է վարչապետի որոշմամբ 

ԱԽ գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ ԱԽ նիստի արձանագրությունից համապատասխան հատվածի հրապարակումը կատարվել է «ԱԽ կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն։ 

Այս պատասխանից պարզ է դառնում, որ գաղտնազերծումը կատարվել է վարչապետի որոշմամբ։

ԱԽ գրասենյակը պարզաբանել էր, որ հրապարակումը կատարվել է այն ծավալով և չափով, որը «համարվել է նպատակահարմար հանրության շրջանում տարածում գտած հարցադրումները փարատելու համար»։ Միևնույն ժամանակ հաշվի էր առնվել Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական շահերին չվնասելու հանգամանքը։

«Այս պահի դրությամբ հավելյալ հրապարակման և պարզաբանումների կարիք չկա, սակայն անհրաժեշտության դեպքում չենք բացառում հավելյալ պարզաբանումները», – տեղեկացրել էին գրասենյակից։ Իսկ ընտրված ժամանակահատվածի մասով պարզաբանել էին՝ այն «պայմանավորված է որոշակի անհրաժեշտությամբ և նպատակահարմարությամբ»։

Վարչապետի աշխատակազմը չպարզաբանեց գործընթացը 

Քանի որ ո՛չ ԱԽ-ի մասին օրենքում, ո՛չ ԱԽ աշխատակարգում հստակեցված չէ նիստերի արձանագրության հրապարակման համար վարչապետի կողմից սահմանված բացառությունների ընթացակարգը, ժամկետները, մենք որոշեցինք պարզաբանում ստանալ վարչապետի մամուլի խոսնակից։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից չտվեցին բովանդակային պատասխան։ Միայն պարզաբանեցին՝ «բացառությունն իրականացվել է օրենքին համապատասխան, ուստի պահպանվել են սահմանված բոլոր ընթացակարգերը»։

Գրավոր հարցման մյուս երկու հարցերը համընկնում էին ԱԽ ուղարկված հարցերին․ պատասխանները կրկվում են։ 

Այսպիսով, անհասկանալի է մնում այն ընթացակարգը, որով առաջնորդվում է ՀՀ վարչապետը ԱԽ նիստի բովանդակության գաղտնազերծման մասին որոշումներ կայացնելիս։ Պարզ է միայն, որ ապրիլի 15-ի գաղտնազերծումն արվել է Գասպարյանի հայտարարությունից ամիսներ անց՝ պայմանավորված «որոշակի անհրաժեշտությամբ և նպատակահարմարությամբ»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *