2021.04.08,

Ստուգված է

Հուղարկավորությունը Հայաստանում վաղուց էր ակցիա

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ատելության մթնոլորտը Հայաստանում հատկապես սրվեց 44-օրյա պատերազմում պարտությունից հետո․ հայհոյանքներին ու ատելության խոսքին, մահվան սպառնալիքներին և գնդակահարության բեմադրություններին զուգահեռ տեղի ունեցան հուղարկավորության ձևաչափով ակցիաներ։

Թեև այժմ թաղումների ակցիաները մամուլում հաճախ ասոցացվում են 2018-ի հեղափոխության հետ, բայց դրանք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում նոր չեն։ Media.am-ը գտել է նման ակցիաների շուրջ 30 դեպք, որոնցից ամենավաղը տեղի էր ունեցել դեռ 1988-ին, իսկ վերջինը՝ մի քանի շաբաթ առաջ։ Թաղում էին ամեն ինչ՝ խորհրդային արվեստը, սահմանադրականությունը, կարմիր խնձորը և, իհարկե, նախարարներին ու պատգամավորներին։ 

1988թ․ խորհրդային արվեստի թաղումը 

«Երրորդ հարկ» ստեղծագործական խմբի անդամները կազմակերպել էին խորհրդային արվեստի թաղում ակցիան, որի խորագիրն էր՝ «Ողջույն Նկարիչների միությանը անդրշիրիմյան կյանքից»։

Հենրիկ Խաչատրյանի անձնական արխիվից

Խմբի անդամները մտել էին պաշտոնական ցուցահանդեսներից մեկը՝ սովետական ռեժիմի զոհերի կերպարներով, որոնց կյանքը սոցռեալիզմը հրաժարվում էր պատկերել: Այդ կերպարներն էին՝ ձեդավշչինային զոհ գնացած զինվոր, փողոցում ավտոյի տակ ընկած աղքատ անցորդ, ռոք սիրելու, երկար մազեր պահելու համար ծեծված, խոշտանգված պատանիներ, բոլշևիզմի զոհ դարձած ազնվականներ, կոլեկտիվացման տարիներին զոհ գնացած կուլակ և այլն:

Լրագրողական նյութերում ակցիան վերնագրվեց՝ «Պաշտոնական արվեստը մահացել է»: «Մենք ընդամենը քննադատում էինք սոցռեալիզմը, որը Սովետական Միությունում խաղում էր գեղագիտական ոստիկանության դեր», – տարիներ անց գրեց պերֆորմանսի մասնակից, նկարիչ Արման Գրիգորյանը։

Հունիսի 17, 2004․ սոցիալական քարտերի հուղարկավորությունը

Ընդդեմ սոցիալական քարտերի ակցիայի ժամանակ Վանաձորի թատրոնի մոտ տեղադրված սև դագաղի մեջ ակցիայի մասնակիցները նետում էին սոցիալական քարտեր: Այնուհետև «մահվան թափոր»-ը, որի առջևից գնում էին ջահակիրներ, ուղևորվել է դեպի Գուգարաց թեմի առաջնորդարան՝ հանդիպելու թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին: 

Բողոքի ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված էր՝ «Վեհափառ տեր, մի լքեք Ձեր հոտը», «Դարձյա՞լ 30 արծաթ», «Չիպը հաջորդ քայլն է», «Քանի՞ գլուխ ունի սատանան Հայաստանում», «Ոչ մարդկանց համարակալմանը»: 

Սոցիալական քարտերը դիմադրության արժանացան, մարդկանց խմբեր կային, որ  դրանք համարում էին աղետ և «գլոբալիզացիա կոչվող ավերիչ սելավի սկիզբ»։

Մարտի 24, 2005․ ծաղկեպսակը տեր էր փնտրում ԱԺ-ում

Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ծաղկեպսակ էր դրել Ազգային ժողովում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու պատգամավոր Վլադիմիր Բադալյանը ծաղկեպսակի վերևում փակցրել էին Հովհաննիսյանի նկարը։ Վերջինս էլ արձագանքել էր, թե ՀՀԿ-ականների արածը «հուսահատության, հուսալքության ճիչ» է: 

Ծաղկեպսակի առիթն ավանդների վերադարձի հարցով Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստ չգումարելն էր, որը երկրորդ անգամ տապալել էր խորհրդարանական մեծամասնությունը։ Ի պատասխան, պատգամավորը խորհրդարանի ճեմասրահում ծաղկեպսակ էր դրել ի հիշատակ իշխող կոալիցիայի, որը 2003-ից միավորում էր ՀՀԿ, ՀՅԴ և «Օրինաց երկիր» կուսակցությունները։ «Իսկ կոալիցիայի թաղումը տեղի կունենա քրիստոնեական բոլոր ծեսերին համապատասխան՝ ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ»,- հայտարարել էր պատգամավորը:

Փետրվարի 13, 2008․ դագաղներ ՀԱԿ գրասենյակի առաջ

2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում դագաղներ էին դրել Հայ ազգային կոնգրես կուսակցության գլխավոր շտաբի դիմաց։ Այստեղ ցույց էր անցկացնում Արտյոմ Խաչատրյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ վրան էր տեղադրել՝ պահանջելով Առաջին նախագահի հեռացումը Հայաստանից: Նստացույցի հաջորդ առավոտյան վրանները դատարկ էին։ 

Նույն խումբը օրեր անց վրաններով նստացույց էր անում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան տարածքում։ Մեկնաբանելով այս ցույցը՝ Տեր-Պետրոսյանը ասել է՝ «Ես այստեղ ոչ մի բան չունեմ ասելու, բայց ինձ մտահոգում է ոստիկանության համագործակցությունն այդ ակցիայի մասնակիցների հետ»։

Արտյոմ Խաչատրանը «Ազատամտություն» թերթի, ապա shame.am կայքի խմբագիրն է․ այս հարթակները հայտնի են հայհոյախոսությամբ։ Նա վերջին շրջանում առավել հայտնի դարձավ Քաղաքացիական ավիացիայի պետ Տաթևի Ռևազյանի և նրա մանկահասակ երեխայի մասին գրառումից հետո։

Նոյեմբերի 27, 2008․ բլոգերները թաղում էին Վրաստանի նորաստեղծ ժողովրդավարությունը

Նովոստի Արմենիա

Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ բլոգերները և համացանց օգտագործողները կազմակերպել էին բողոքի ակցիա` ուղղված Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու պղծման, Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ։ Հավաքված երիտասարդությունը «արարողակարգային ձևով թաղել է վրացական նորաստեղծ ժողովրդավարությունը»։ 

2008-ի նոյեմբերին պղծվել էր Թբիլիսիում գտնվող 15-րդ դարի Նորաշեն հայկական եկեղեցու բակի հայերի երկու գերեզմանները։ 

Մարտի 8, 2009․ թաղում էին կարմիր խնձորները 

Կանանց միջազգային օրը երկու կազմակերպություն անցկացրել էին կարմիր խնձորի խորհրդանշական թաղում։ Համաձայն այս ավանդույթի՝ նոր ամուսնացած աղջկա ամուսնու ընտանիքը հայրական տուն է տանում նրա կուսության սիմվոլը՝ կարմիր խնձորը։ Ակցիայի կազմակերպիչները բացատրում էին, որ այդ ավանդույթը վիրավորում է կնոջը և ոտնահարում է նրա իրավունքները։ Իսկ ակցիան դեմ էր բոլոր այն ավանդույթներին, որոնք ոտնահարում են կանանց իրավունքները և ազատությունները։ 

Մարտի 26, 2012․ Հմայակ Հովհաննիսյանի՞, թե՞ Արտաշես Գեղամյանի համար էին նվագում 

Երեք երիտասարդ դհոլ էին նվագում Երևանի Մոսկովյան 33 հասցեում գտնվող Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց: Սակայն, Գեղամյանը ասել է՝ երիտասարդները դհոլ էին նվագում Հմայակ Հովհաննիսյանի՝ նույն շենքում գտնվող գրասենյակի մոտ: Եվ որ իրենք էին «վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար»։

Մինչդեռ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը հակառակն էր պնդել՝ տեսանյութում երևում է ԱՄ ցուցանակը, այլ ոչ թե իրենցը: Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄ կուսակցությունը մահացավ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի բնորոշած «Դատարկ դհոլ Գեղամյանն ընդգրկվեց ՀՀԿ-ի ընտրացուցակ»:

Փետրվարի 19, 2013․ ծաղկեպսակ ԿԸՀ-ի մոտ՝ ի հիշատակ «չծնված ժողովրդավարության վախճանի» 




«Վերջ ռեժիմին» ֆեյսբուքյան խմբի ակտիվիստները ծաղկեպսակ էին դրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ ի նշան «չծնված ժողովրդավարության վախճանի»։ Որոշ մասնակիցներ այս առիթով սևազգեստ էին։ Ակտիվիստների խոսքով՝ մեկ օր առաջվա ընտրությունների ժամանակ խաբեությունների, ծեծկռտուքի, ընտրակեղծիքների պատճառով փետրվարի 19-ը համարվում է մեռելոցի օր:

Կեղծված ընտրությունների առիթով սա միակ հուղարկավորություն ակցիան չէր։

Ապրիլի 13, 2013․ կեղծ երդման թաղումը

Մի խումբ ակտիվիստներ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո թաղել էին նրա «կեղծ երդումը»։ Ակցիային մասնակցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:




Նախագահական նստավայրի դիմացից Ազատության հրապարակ «թափորով» տարել էին թղթե դագաղ, որի մեջ երդումն էր։ Այստեղ նրանք երգել էին Հայաստանի հիմնը, ընթերցել «Նոր Հայաստանի երդման» տեքստը և դագաղը գցել աղբարկղը: 

Դեկտեմբերի 12, 2013․ Սերժ Սարգսյանի թաղումը՝ ազատամարտիկների ձեռքով

Ազատամարտիկ կանայք Ազատության հրապարակում հերթական բողոքի ակցիայից հետո երթով շարժվել էին դեպի Բաղրամյան 26՝ «Սերժի թաղումն անելու»։ Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն ասել է, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։

Ազատամարտիկ կանայք ասել էին, որ իրենք հանգիստ չեն տալու այս իշխանություններին, ավելին՝ չեն խաղաղվի, քանի դեռ չեն թաղել վերջին իշխանավորին։ 

Օրեր անց նմանաբովանդակ մեկ այլ ակցիա էին կազմակերպել։

Դեկտեմբերի 26, 2013․ մոմավառություն «իշխանությունների ու Սերժ Սարգսյանի մեռած հոգիների» համար 

Սուսաննա Մարգարյանը, շարունակելով իր բողոքի ակցիաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի, նախաձեռնել էր մոմավառություն։ Թեև նա պլանավորել էր նախագահական նստավայրի դիմաց վառել մոմերը՝ «իշխանությունների ու Սերժ Սարգսյանի մեռած հոգիների» համար, սակայն ոստիկանները նրան չթողեցին Ազատության հրապարակից հասնել Բաղրամյան 26։ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը առաջարկում էր մոմը վառել եկեղեցում՝ իր հետ միասին: 




Կինը մոմերը վառել է Ազատության հրապարակում։ «Նշանակություն չունի` էստեղ, թե նախագահականում. դրանց սատկած հոգիներն ամենուր են», – ասել է նա:

Մայիսի 23, 2014․ ծաղկեպսակ Վոլոդյա Ավետիսյանի մեքենայի վրա

Դատական նիստի սկզբում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել էր, որ իր ընտանիքին պատկանող երազ մակնիշի մեքենայի վրա անհայտ անձինք ծաղկեպսակ էին փակցրել։ «Եվս մեկ անգամ իշխանություններն ապացուցում են, որ այս ամենը պատվեր է, բայց ես ոչինչ չունեմ ապացուցելու, ոչ մեկից վախենալու բան չունեմ, խնդիրը ես չեմ, մեր պետությունն է, որ անկում է ապրում», – ասել էր նա: 

Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։ Ըստ քրեական գործի՝ նա  2 հազար դոլար է վերցրել քաղաքացուց նրա թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

Հունիսի 25 , 2015․ Էլեկտրիկ Երևան․ «Հայ ժողովրդի կողմից՝ թալանչիներին» ծաղկեպսակ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում ոստիկանների շարասյուների առջև «ՀՀ ժողովրդի կողմից՝ թալանչիներին» գրառմամբ ծաղկեպսակ էին դրել և կարճ ժամանակ անց՝ հեռացրել։

Ազատություն ռադիոկայան

Դեպքից երկու օր առաջ ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրել էր էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ սկսված «Էլեկտրիկ Երևան» ակցիան, ինչից հետո քաղաքացիները երկու շաբաթ փակ պահեցին Երևանի Բաղրամյան պողոտան։ Այն դարձավ Հայաստանի ամենամարդաշատ սոցիալական բողոքի շարժումը։

Մարտի 2, 2018․ սահմանադրականության հուղարկավորությունը

Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորման» անդամները ԱԺ-ի մոտ էին՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։ Նրանց ձեռքում էր «Ոչ հակասահմանադրական խեղկատակությանը» գրությամբ պաստառներ։ ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ իրենք եկել էին մասնակցելու հայոց սահմանադրականության հուղարկավորությանը:

Նույն օրը ընտրվում էր ՀՀ նախագահը, որին Սահմանադրական փոփոխությունից հետո առաջին անգամ ընտրում էր ԱԺ-ն։

Ապրիլի 19, 2018․ Սերժ Սարգսյանի՝ սև ժապավենով լուսանկարը 

2018-ի հեղափոխության օրերերին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը տանում էր սև ժապավենով Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Ակցիան շարունակություն ունեցավ:

Հաջորդ օրը բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Սերժ Սարգսյանի լուսանկարի վրա սև ժապավեն էր կապել և դրել փողոցում:

Ապրիլի 23, 2018․ Սերժ Սարգսյանի հուղարկավորությունը Նժդեհի հրապարակում

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնվեց նրա ծաղրանկարներով դագաղը և ծաղկեպսակ։ Նույնը կատարվեց Գլենդեյլում։




 Մայիսի 2, 2018․ «Շարմազանով 42», «Ֆարմանյան 40», «Աշոտյան 42,5» սև ժապավենները  

Համաժողովրդական շարժման մասնակիցները՝ ի նշան բողոքի, փողոցում սև ժապավեն էին կախել մի քանի ՀՀԿ-ականների անուններով։ Նրանք այդպես հայտարարում էին Հանրապետական կուսակցության անդամների քաղաքական մահվան մասին։ Այսպիսի ժամավեններ հայտնվեցին Էդուարդ Շարմազանովի, Սամվել Ֆարմանյանի, Արմեն Աշոտյանի անուններով։

Նախօրեին ԱԺ նիստում հանրապետականները, միայն մեկ բացառությամբ, դեմ էին քվեարկել վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: 

Մայիսի 2, 2018․ սգո այլ ակցիաներ ՀՀԿ-ի համար 

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու դեմ քվերարկելուց հետո բացի սև ժապավաններից, Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղի ունեցան անհնազանդության այլ ակցիաներ։

1️⃣ Արթիկցիները ՀՀԿ գրասենյակի դիմաց դագաղ և ծաղկեպսակ էին դրել: Դագաղի մեջ տեղադրված էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանի լուսանկարները։
2️⃣ Լոռիում փակել էին Վանաձոր մտնող միջպետական ճանապարհը: Ակցիայի մասնակիցները քաղաքի գլխավոր պողոտայում՝ Բաղրամյանում՝ կռունկի վրա տեղադրել էին ծաղկեպսակ` «ՀՀԿ հեռացիր» կոչով ու միացրել սգո երաժշտություն: «ՀՀԿ-ն մեռել է, թաղումն ենք անում», – ասում էին նրանք:

Դեկտեմբերի 1, 2018․ ՀՀԿ-ի նախընտրական պաստառը՝ հիշատակի արարողության առիթ

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին ցանցում հայտնվել էր լուսանկար, որում մի քանի հոգի գլուխ էին խոնարհել ՀՀԿ կուսակցության ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի առջև: 

ՀՀԿ-ի նախընտրական պաստառները սև-սպիտակ էին, իսկ ակցիայի մասնակիցները դրանք օգտագործել էին՝ համարելով հանգուցյալի դիմանկար: Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներ էին։

Մարտի 4, 2019․ աղբամանի մեջ չընկած Մալյանը Սորոսին էր հուղարկավորում

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ԵՊՀ-ի դիմաց կազմակերպել էր «Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը»։ Նրա բերած ծաղկեպսակի վրա գրված էր՝ «Լարիսա Մինասյանին Մայր ԲՈւՀ-ից»: Մինասյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրենն է: Իսկ Մալյանը հետևողականորեն պայքարում է ԲՀՀ-ի դեմ, հիմնադրամի մասին տարածում տարատեսակ դավադրության տեսություններ և ապատեղեկատվություն։

Այս ակցիային նախորդել էր մեկ այլ ակցիա․ հիմնադրամից ֆինանսավորում ստացող «Ռեստարտ» նախաձեռնության անդամները նախօրեին փորձել էին Նարեկ Մալյանին գցել աղբամանը: Գործողությունը հաջող ավարտ չէր ունեցել՝ միջամտել էին ոստիկանները և բերման ենթարկել միջադեպի 6 մասնակցի: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ դա արել են ի պատասխան Մալյանի հնչեցրած վիրավորանքների։

Հոկտեմբերի 25, 2019․ Փաշինյանը «մեռավ սուտ խոսելով» շիրմաքար

Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար էին տեղադրել՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ:  

Մարտի 2, 2020․ Էջմիածնում «Ոչ»-ի «հուղարկավորությունն» էր 

Ցանցում տարածվել էին տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում էր՝ Էջմիածանում գերեզմանաթումբ էին սարքել, «Ոչ»-ի հուղարկավորությունը կատարել ու խնկարկել գերեզմանը։  

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել էր, որ այդ արարողությունն «Այո»-ի շտաբի կողմից չի ղեկավարվել։ Ըստ hraparak.am-ի՝ ակցիան իրականացրել են տաքսու վարորդները․ թումբն արդեն կար, իսկ իրենք այն գերեզմանի են վերածել։ Սա ոչ միայն «Ոչ»-ի հուղարկավորությունն էր, այլև բողոք՝ էլեկտրացանցի աշխատանքներում «անգործության» համար։

Սեպտեմբերի 25, 2020․ «1240 մահը» դագաղը,  «տնական օղին» և պինցետը 

«Այլընտրանք» ՀԿ-ի անդամները կառավարության շենքի դիմաց տեղադրել էին «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ, «1240 մահ» գրությամբ դագաղ, «տնական օղի» գրությամբ մեծ շիշ և մեկ մեծ պինցետ: Ոստիկանները բերման էին ենթարկել ակցիայի մասնակից, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանին։ Վերջինս լրագրողի հետ զրույցում նշել էր, թե իրեն բերման են ենթարկել, քանի որ «կասկածում են, որ դագաղի մեջ կարող է պայթուցիկ նյութեր լինել, տանում են պարզաբանման»:

Ակցիան իրականացվում էր կորոնավիրուսից գրանցված մահերի և համավարակի դեմ պետության տարած պայքարի առիթով։ 

Նոյեմբերի 3, 2020․ ՄԱԿ-ի հուղարկավորությունը

44-օրյա պատերազմի օրերին, ի պատասխան միջազգային հանրության լռության, քաղաքացիները Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպել էին կառույցի հուղարկավորությունը: Դագաղի և ծաղկեպսակի վրա փակցված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, ազգությամբ թուրք Վոլկան Բոզկիրի նկարը։ Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից` ՄԱԿ-ի հիշատակին»: 

Նոյեմբերի 19, 2020․ ծաղկեպսակ «ֆեյքերի և դավաճան Նիկոլի» հիշատակին

Որպես «Ֆեյք հեղափոխության» նախաձեռնության անդամ ներկայացած երկու երիտասարդ ծաղկեպսակ էին տեղադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։ Դրա վրա գրված էր՝ «Դավաճան Նիկոլին և իր ֆեյքերին՝ ժողովրդից»։ 

Նրանք պնդում էին, թե այնտեղ աշխատողները ունեն մի քանի կեղծ օգտահաշիվներ, որոնցով հայհոյում են զոհված զինվորների ծնողներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին։ Նաև խոստանում էին գտնել մնացած ՊՈԱԿ-ները: Ըստ նրանց՝ Ֆեյսբուքում եղել են 21 հազարից ավելի ֆեյքեր, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աշխատեցրել են Ստյոպա Սաֆարյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տարոն Չախոյանը, Հովհաննես Մովսիսյանը:

Նոյեմբերի 29, 2020․ դագաղ՝ Զարուհի Բաթոյանին 

Քաղաքացիները ծաղկեպսակ էին տարել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՔՊ կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանի բնակարանի մոտ։ Դրա վրա գրված էր՝ «Երկիրը քանդած քայլած Զարուհի Բաթոյանին»։

Մարտի 5, 2021․ Հրաչյա Հակոբյանի համար «Քաղաքական դիակ» ծաղկեպսակը

Մի քանի քաղաքացի ծաղկեպսակ էին դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի շենքի բակում։ Ծաղկեպսակի վրա գրված էր «Քաղաքական դիակ», իսկ առջևում դրված էր Հակոբյանի լուսանկարը և մեխակներ։

Կայքերը, այս բովանդակությունը տարածելիս, այն որակեցին «բումերանգի էֆեկտ»՝ նկատի ունենալով 2018-ի նմանաբովանդակ ակցիաները։

Մարտի 6, 2021․ Անդրանիկ Քոչարյանի համար «Քաղաքական դիակ» դագաղը

Քաղաքացիները դագաղ էին տարել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան մոտ։ Դրա վրա փակցված էր «Քաղաքական դիակ» սև ժապավենը և տեղադրված էր Քոչարյանի նկարը։

Մարտի 7, 2021․ Գարեգին Բ-ի հուղարկավորությունը

Մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հուղարկավորությունը։ Նրանք ծաղկեպսակ էին դրել կաթողիկոսի պատկերով ձեռագործ դագաղի մոտ, այն խնկարկել և այրել։




Ակցիայի առիթը, ըստ մասնակիցների, այն էր, որ կաթողիկոսը չի պահպանում քաղաքական չեզոքություն և ոչ միայն դա։ Պնդում էին, թե նա փոխկապակված է «Գորշ գայլերի» (թուրքական ազգայնական, աջ ծայրահեղական կազմակերպություն, որը ստեղծվել է «Ազգայնական շարժում» կուսակցության հովանու ներքո) հետ։ Դժգոհում էին նրա գործունեությունից, վարքից ու պահանջում էին նրա հրաժարականը։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *