Մարտի վերջին համացանցում հայտնվեցին հայկական Սու-30ՍՄ-երի լուսանկարներ՝ կործանիչի թևի տակ երևացող կառավարվող օդ-օդ տեսակի հրթիռներով։ Նախկինում վարչապետ Փաշինյանը ասել էր, թե մինչև պատերազմը Սու-30ՍՄ-երի համար հրթիռներ գնել չէին հասցրել, այդ պատճառով էլ դրանք մարտի մեջ չմտան։
Լուսանկարները տարածվեցին նաև մամուլում։ Media.am-ը ուսումնասիրեց դրանք՝ պարզելու համար, թե որտեղ և երբ են դրանք արվել։
Սու-30ՍՄ-ը կանգնած էր «Շիրակ» օդանավակայանում
Ադրբեջանական աղբյուրները պնդեցին, թե լուսանկարները արվել են «Էրեբունի» օդանավակայանում։ Այս պնդումը սխալ է։ Լուսանկարները արված են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Սրա մասին են վկայում նկարներում երևացող օդանավաշենքերը (անգարները)։
Օդանավաշենքերը կանաչ են, նոր կառուցված տեսք ունեն։ Հենց այդպիսի նորակառույց օդանավաշենքեր կան «Շիրակ» օդանավակայանում։
Google Earth-ի արբանյակային լուսանկաներում տեսնում ենք, որ օդանավաշենքերը դեռ 2020-ի հունիսին չկային, իսկ սեպտեմբերին արդեն կառուցված էին։
Ե՞րբ են արվել լուսանկարները
Համացանցի գրառումներում ասվում էր, թե հրթիռով լուսանկարներն արվել էին 2020-ի հոկտեմբերի 4-6-ը ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ գրառումներից ենթադրվում էր, որ Փաշինյանը ստել է Սու-30ՍՄ-երը ռազմի դաշտում չկիրառելու պատճառների մասին։
Someone just leaked photos of the Armenian Su-30SM armed with R-27 and R-60 air-to-air missiles. The photos are claimed to have been taken between October 4 and 6, 2020. https://t.co/vWrQljAfOT pic.twitter.com/ZbuLY1IXmS
— 301?? (@301_AD) March 25, 2021
Նման դիրքով լուսանկար անելու համար Սու-30ՍՄ-ը պետք է կանգնած լիներ քթով դեպի հյուսիս-արևելք, ինչպես այս պատկերում:
Արևի ճառագայթներն ընկնում են կործանիչի պոչից դեպի քիթ, այսինքն՝ հարավ-արևմուտքից: Սա նշանակում է, որ լուսանկարը արվել է կեսօրից հետո՝ 15:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում։
Լուսանկարներում երևում է պարզ երկինք, եղանակը արևոտ է։ 2020-ի հոկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Գյումրիում ամբողջովին պարզ եղանակ չէր՝ կային ամպեր։ Սակայն, քանի որ եղանակը միայն մասնակի ամպամած էր, հնարավոր չէ բացառել, որ երկնքի որոշ հատվածներ եղել են պարզ։
Ճշգրիտ ժամանակահատվածը հասանելի տվյալներով պարզել հնարավոր չեղավ։ Քանի որ հոկտեմբերի առաջին օրերին եղանակը Գյումրիում մասնակի ամպամած էր, հնարավոր չէ վստահորեն հաստատել կամ հերքել պնդումը, թե լուսանկարներն արվել են հոկտեմբերի 4-6-ը ընկած ժամանակահատվածում։
Ի՞նչ հրթիռներ էին երևում կործանիչի վրա
Սու-30ՍՄ-ի թևի տակ երևում են հրթիռներ։ Դրանք պատկանում են կառավարվող օդ-օդ (այսինքն՝ օդում թիրախ խոցող) հրթիռների խմբին։ Առաջին երևացող հրթիռները P-73 դասի են, այնուհետև՝ P-27 դասի։
Երկու դասի հրթիռներն էլ ունեն արտահանման համար նախատեսված տարբերակներ (1, 2)։ Դրանք չէին կարող կիրառվել ՀՀ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչների վրա առանց հավելյալ սարքավորումների օգտագործման կամ ինքնաթիռների արդիականացման։* Հետևաբար՝ քիչ է հավանականությունը, որ Հայաստանը ունեցել է այս հրթիռները մինչև նոր սերնդի Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը։
Հենց այս հրթիռների մասին էր խոսում վարչապետ Փաշինյանը՝ նշելով, թե Հայաստանը չէր հասցրել գնել դրանք պատերազմի ժամանակ։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը այս հայտարարությունն արել էր մարտի 20-ին։ Հրթիռներով զինված հայկական Սու-30ՍՄ-ի արբանյակային լուսանկար արվել է դրանից առաջ՝ փետրվարի 27-ին (տե՛ս ստորև)։
ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նույնպես խոսել էր նման հրթիռների մասին՝ պնդելով, թե Ռուսաստանը որոշել է արգելել մեծ հեռահարությամբ օդ-օդ հրթիռներ վաճառել երկրորդ երկրի, և Հայաստանը կործանիչները գնել էր՝ «չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը»։ Մեկ այլ հոդվածում Media.am ստուգել է այս պնդումները։
Մինչդեռ վերը նշված երկու լուսանկարներում պատկերված է Սու-30ՍՄ՝ «Շիրակ» օդանավակայանում, արբանյակային թարմ լուսանկարներում կարելի է տեսնել Երևանի մոտ գտնվող «Էրեբունի» օդանավակայանում կայանած կործանիչները։ Այդպես՝ «Էրեբունիի»՝ փետրվարի 27-ին արված այս նկարում կարելի է տեսնել Սու-30ՍՄ կործանիչներ՝ զինված հրթիռներով։
Կապույտով ընդգծված են կործանիչի հրթիռները։ Հրթիռներ կարելի է տեսնել 1-ին, 3-րդ և 4-րդ ինքնաթիռների վրա։
Ամփոփելով պետք է ասենք, որ համացանցում հայտնված լուսանկարներում պատկերված է հայկական Սու-30ՍՄ կործանիչ՝ կառավարվող օդ-օդ հրթիռներով։ Լուսանկարներն արվել են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում՝ առնվազն 2020-ի հունիսից հետո (քանի որ հունիսի արբանյակային լուսանկարներում կանաչ օդանավաշենքերը դեռ կառուցված չէին)։ Պնդումը, թե լուսանկարները արվել են հոկտեմբերի 4-6-ը ընկած ժամանակահատվածում, հնարավոր չեղավ հաստատել առկա տվյալներով։ Բացառված չէ, որ դրանք կարող են արված լինել այլ ժամանակ։
Կարինե Ղազարյան
*2021թ․ մարտի 30-ին հոդվածում կատարվել է փոփոխություն։ Նախնական տարբերակում նշված չէր, որ P-73 և P-27 դասի հրթիռները արդիականացնելու դեպքում կարող են կիրառելի լինել Սու-25 ինքնաթիռների համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: