Փետրվարի երկրորդ կեսին տարածաշրջանի մամուլը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգի մասին։ Միաժամանակ, Հայաստանում բացվեց ռուսական ազգայնական Царьград առցանց հեռուստաալիքի ներկայացուցչություն, որն արդեն հասցրել է դավադրության տեսություններ և չճշտված լուրեր տարածել։
Ռուսաստանը սուր արձագանքեց «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությանը
Փետրվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց 1in.am-ին, որում պնդեց, թե ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգը պատերազմի ժամանակ կիրառվել է, բայց եղել է անարդյունավետ։ Փաշինյանի այս խոսքերը սուր արձագանքի արժանացան։
? ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «Իսկանդերներ» Արցախյան պատերազմի ժամանակ չեն կիրառվել և Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, սխալ տեղեկություն է ստացել։ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցից հետո նման հայտարարություն արեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:
? Փետրվարի 26-ին ռուս լրագրող Կիրիլ Կրիվոշեևը Meduza-ի եթերում հայտարարեց, որ արժե հավատալ ռուս զինվորականներին, երբ նրանք ասում են, որ «Իսկանդեր» չի կիրառվել։ Կրիվոշեևը նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Ադրբեջանում և չի լսել «Իսկանդերի» մասին խոսակցություններ, իսկ Ադրբեջանը, ըստ նրա, պատճառ չուներ նման դեպքը թաքցնելու։
Կրիվոշեևի պնդումը հիմնված է ենթադրության վրա։ Սակայն կան բաց աղբյուրների տվյալներ, որոնք վկայում են, որ «Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է։ Այդպես՝ Fip.am-ը վերլուծել է պատերազմի ժամանակ հրապարակված տեսանյութ, որտեղ, ըստ պարբերականի, երևում է «Իսկանդերի» կիրառումը։
? Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը դիմեց ռուսական քարոզչության մեջ հաճախ կիրառվող «գունավոր հեղափոխությունների» մասին դավադրության տեսությանը. «Սորոսի ձեռնարկները Փաշինյանին խաբեցին… Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես է փողոցը գեղեցիկ կարգախոսներով, բայց խորթ, թշնամական սցենարով իշխանության բերում իր երկիրը կործանող մարդու»:
Այս խոսքերը մեջբերող EADaily կայքի լրագրող Լիա Խոջոյանը ավելացրեց, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, կապ ունի այս պատմության հետ։ Խոջոյանը վերհիշեց նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երևան և հայտարարեց, թե Փաշինյանը, հետևելով Բոլթոնի խորհրդին, զբաղվում է «ռուսական զենքի հակագովազդով»։
Հայաստանում բացվեց ռուսական ազգայնական հեռուստաալիքի ներկայացուցչություն
Ռուսական Царьград հեռուստաալիքը փետրվարին ներկայացուցչություն բացեց Հայաստանում՝ «Царьград Армения»։
Այս ալիքը ունի խիստ պահպանողական և ազգայնական ուղղվածություն։ Ալիքի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը Միքայել Բադալյանն է։ Ըստ ֆեյսբուքյան էջի՝ նա տուրիզմի ոլորտի մասնագետ է և մասնակցում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքներին։
«Царьград Армения»-ն արդեն արել է մի քանի խնդրահարույց պնդումներ հայաստանյան իրադարձությունների մասին։
? «Արևմուտքի ինչի՞ն է պետք հայերի գեների հետազոտումը» հոդվածում «Царьград»-ը պնդում է, թե Հայաստանում գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ինչ-որ խորհրդավոր պատճառ ունի հայերի շրջանում տարբեր հիվանդությունների տարածվածությունը հետազոտելու համար։
Այս հոդվածը օգտագործում է ռուսական քարոզչական նարատիվը մի շարք երկրներում ԱՄՆ ֆինանասավորմամբ գործող լաբորատորիաների մասին։ Media.am-ը մեկ այլ առիթով մանրամասն անդրադարձել էր այս պնդումներին։
? «Царьград Армения»-ի ղեկավար Միքայել Բադալյանը հայտարարում էր, որ վարչապետ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է որդեգրել, իսկ դա Հայաստանի համար աղետ է․ «ցանկացած ճանապարհ, որը ռուսական չէ, այսօրվա դրությամբ հակահայկական է»։
Բադալյանը իր խոսքում չմոռացավ վերջին տարիների ամենատարածված քարոզչական պնդումներից մեկը և ասաց, որ Արցախյան պատերազմում պարտության իրական պատճառը ավանդական արժեքները չպահպանելն էր։
? Վարչապետ Փաշինյանին «Царьград Армения»-ն մեղադրում էր ռուսական զենքը թերագնահատելու մեջ։ Ալիքը մեջբերում էր «Հայոց արծիվներ» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի խոսքերն այն մասին, որ Փաշինյանը փորձում էր պարտության պատասխանատվությունը բարդել ռուսական զենքի վրա։ «Սա դուր կգա ամերիկացի դիտողներին և ընթերցողներին, որոնց համար էլ տրվել էր սկանդալային հարցազրույցը»,- նշում էր Ասրյանը:
Փաշինյանի և ԱՄՆ կապերի մասին ակնարկում էր նաև Պետդումայի պատգամավոր Վլադիրմիր Ժիրինովսկին։ Վերջինս կանխատեսում էր ռազմական հեղաշրջում, որի ժամանակ Փաշինյանը «կթաքնվի ԱՄՆ դեսպանատանը»։
Հայաստանի և Սորոսի մասին դավադրության տեսությունը նորից հայտնվեց ռուսական մամուլում
Ռուսական EaDaily լրատվական կայքը տարածեց «Հայոց Արծիվներ» կուսակցության հայտարարությունը, որում շահարկվում էր Ջորջ Սորոսի մասին դավադրության տեսությունը։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանի ներկայիս կառավարությունը անվանվում էր ««սորոսականների» հակաազգային կառավարություն»։
Ալիևի՝ Հայաստանի մասին հայտարարությունները տարածվեցին ռուսական մամուլում
Խոջալուի արյունահեղության 29-ամյակի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց տվեց, որում խոսեց Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և տարածաշրջանում Հայաստանի դերի մասին։ Ալիևի պնդումները լայնորեն տարածվեցին նաև ռուսական մամուլում։
Այդպես, lenta.ru-ն գրում էր, թե «Ալիևը Հայաստանին զգուշացրեց, որպեսզի չփորձեն Ղարաբաղյան պատերազմը վերսկսել»։ Vz.ru-ն հայտնում էր, որ Ալիևը «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը «անեկդոտ» է համարել, իսկ ռուսական զենքը Ադրբեջանի նախագահը անվանել է «աշխարհում ամենալավերից»։ Russia Today գործակալությունը նշում էր, թե Ալիևը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները «խարխլում են հայկական պետականությունը»։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: