«Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հայտարարություն տարածեց, որում նշված էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
Թե ինչ ուսումնասիրության կամ հետազոտության հիման վրա էր խմբակցությունը չափել հանրության լայն շերտերի պահանջի բացակայությունը, հայտարարության մեջ նշված չէր։ «Իմ քայլի» պատգամավորները հետագա պարզաբանումներում ևս չհստակեցրին այդ հարցը։ Միայն Սոս Ավետիսյանն էր, որ լրագրող Մկրտիչ Կարապետյանի հարցին, թե ի՞նչ չափումների հիման վրա է խմբակցությունը հասարակության լայն շերտերին մեջբերում, պատասխանեց՝ «Կան որոշակի սոցիոլոգիական հարցումներ, որոնք արվել են տարբեր կազմակերպությունների կողմից՝ CRRC-ն ունի և այլն, որտեղ տարբեր պատկերներ կան»։
Մենք փորձեցինք հասկանալ CRRC-ն՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը, կատարե՞լ է հարցում՝ պարզելու հանրային լայն շերտերի շրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնել-չանցկացնելու հարցը և արդյոք դրա՞ հիման վրա է ֆրակցիան կայացրել որոշումը։
Կազմակերպության պաշտոնական կայքում նման հետազոտություն գտնել չհաջողվեց,փոխարենը CRRC-ի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյան մեզ հետ զրույցում նշեց, որ սոցիալ-քաղաքական իրադրության շուրջ հետազոտություն արվել է, սակայն այն հրապարակման ենթակա չէ։ Հարցին, թե պատգամավոր Սոս Ավետիսյանի հայտարարությունը հիմնված է իրե՞նց հետազոտության վրա և արդյո՞ք հարցումները ցույց են տվել, որ հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, Սոնա Բալասանյանը բացասական պատասխան տվեց։ Նրա խոսքերով՝ կարևոր է հետազոտական եզրակացությունները զանազանել հետազոտական տվյալների հիման վրա արվող որևէ քաղաքական եզրակացություններից և մեկնաբանումներից։
Փաստելով, որ արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջի բացակայությունը հիմնված չէ CRRC-ի հետազոտության կամ սոցիոլոգիական հարցման վրա, փորձեցինք պարզել, թե իրենք՝ «Իմ քայլի» ներկայացուցիչները, ի՞նչ կարծիք ունեին արտահերթ ընտրությունների մասին՝ նախքան խմբակցության՝ փետրվարի 7-ի հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբերի 25-ի արտահերթ ընտրությունների կարևորության մասին գրել էրՆիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ։ Ըստ նրա՝ բոլոր հարցադրումների պատասխանները ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վարչապետը արտահերթ ընտրություններն անվանել էր մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը կլինի կշռելի և չափելի։
Փաշինյանը արտահերթ ընտրությունների մասին խոսել էր նաև ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին՝ ԱԺ ամբիոնից։ Նրա դիտարկմամաբ՝ ընդդիմությունը չի պահանջում խորհրդարանական արտահերթ ընտրություն, քանի որ ցանկանում է ժողովրդին պրոցեսից դուրս թողնել։
Ալեն Սիմոնյան
Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ուզում է րոպե առաջ այն կայանա․ «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»։
Համազասպ Դանիելյան
Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԻՔ խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, խոսելով վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների և քաղաքական ուժերի մասին, նշել էր՝ «ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել։ Այդ պահանջը ստուգելու միակ ձևը ընտրություններն են»։
Վահագն Հովակիմյան
Լրագրող Սիրանույշ Պապյանի հետ հարցազրույցում ԻՔ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել էր, որ իրենք (իշխանությունը) ժողովրդի անունից չեն խոսում․ «Թե՛ ընդդիմության, թե՛ իրենց կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը։ Ժողովրդի անունից մի խոսեք։ Ժողովուրդը հնարավորություն ունի իր անունից խոսելու՝ ընտրությունների միջոցով»։
Կարապետ Մխչյան
ԻՔ խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանը հունվարի 18-ին Armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն անձամբ կողմնակից է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է կայանան, որպեսզի քաղաքացիներն իրենց կամարտահայտման միջոցով որոշեն, թե ով է լինելու Հայաստանի իշխանություն»։
Լիլիթ Մակունց
Դեկտեմբերի 22-ին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, որ ժողովրդի հավաքական մոտեցումը չափելու ամենաճիշտ ձևը ընտրությունն է․ «Մի մասը կարող է պահանջել վարչապետի հրաժարականը, մի մասը գտնել, որ այլ անձ պետք է լինի վարչապետ, մյուս մասը գտնում է, որ վարչապետը հրաժարական չպետք է տա, և կան տարբեր տեսանկյուններ, տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշում են հնչեցնում։ Ո՞րն է այն ճիշտ ճանապարհը չափելու ժողովրդի հավաքական մոտեցումը, դա, բնականաբար, ընտրությունն է»։
Սոս Ավետիսյան
Դեկտեմբերի 26-ին ԻՔ խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը 24TV-ի եթերում հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտը ստեղծված նոր իրավիճակի շուրջ կարողանա իրական ծրագրեր ներկայացնել իր ընտրողներին․ «Վարչապետի հրաժարականը տրամաբանական է, եթե լինում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Ընդ որում, ես կարծում եմ, որ հարկավոր է անել դա հնարավորինս շուտ, որովհետև դա թույլ կտա նոր քաղաքական թիմերին, նոր մարդկանց, ովքեր ոչ այս կողմում են, ոչ այն, ձևավորել իրենց ասելիքներն ու մտնել քաղաքականության մեջ։ Ինչքան ուշ արվի էդ ընտրությունները, էնքան ավելի էս կամ էն կարծիքները սկսելու են ռադիկալանալ կամ ավելի մարել։ Երկուսն էլ վատ է։ Ընտրություններն առհասարակ լավագույն տարբերակն են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու»։
Տաթևիկ Հայրապետյան
ԻՔ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ևս արտահերթ ընտրությունների կողմնակից էր։ Համենայն դեպս այդպես ենք հասկանում Sputnik Արմենիային հետ նրա հարցազրույցից։ Պատգամավորը լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու հանգուցալուծումը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի մասին խոսել է երկրի ղեկավարը՝ «Առնվազն պետք է կույր լինել՝ չնկատելու համար դժգոհությունն այս իրավիճակում։ Շատերը չեն միանում ընդդիմադիր շարժումներին՝ տարբեր պատճառներով, նաև վստահության բացակայության պատճառով, բայց ունեն հսկայական անվստահություն նաև գորրծող իշխանության հանդեպ։ Ես դա ակնհայտ տեսնում եմ։ Կարծում եմ հնարավորություն պետք է տրվի հանրությանը՝ իր համար ընտրելու նոր իշխանություն»։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ մի շարք պատգամավորներ, նախքան խմբակցության պաշտոնական հայտարարությունը, որ արտահերթ ընտրության անցկացման հանրային պահանջ չկա, տրամագծորեն հակառակ կարծիք են հայտնել։ Վերջիններս հանրային համերաշխության վերականգման, ժողովրդի կամարտահայտման լավագույն ճանապարհ են դիտարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Մի քանիսն անգամ խոսել են օր առաջ ընտրությունների անցկացման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ այն, որ «հանրության լայն շերտերը չեն ունեցել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ», չի հաստատվում փաստերով։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: