2021.02.03,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. հունվար

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հունվարին տարածաշրջանում Հայաստանի մասին ապատեղեկատվությունները տարածում էին ադրբեջանական, ռուսական աղբյուրները։ Դրանց գլխավոր առիթը մնում է 44-օրյա պատերազմին հաջորդող զարգացումները։ Այլ առիթներ էին COVID-19-ի դեմ պատվաստանյութը, գործակալական ցանցի մասին պնդումները և այլն։

Ազատ խմբագրում՝ տեքստը վերատպելիս․ Շուռնուխում չէին ասել, թե գյուղն անօրինական էին բնակեցրել

Вестник Кавказа-ն, Շուռնուխի մասին Սպուտնիկ Արմենիայի նյութը վերատպելիս, ազատ խմբագրել է այն։ Արդյունքում ստացվել է՝ Շուռնուխ գյուղի հայ բնակիչը խոստովանել է, թե իրենք գյուղն անօրինական են բնակեցրել։ Այս միտքը կայքը վերագրել է Ռոբերտ Աթաբեկյանին, որի 20 տարի առաջ կառուցված տունը գտնվում է Ադրբեջանին վերադարձված տարածքում։

Սակայն, սկզբնաղբյուր նյութը նայելիս պարզվում է, որ տեքստի միակ «անօրինական» բառը վերաբերում է դեմարկացիային, որի համար գյուղացիները բողոքի ակցիա էին անում։ Ավելին, Սպուտնիկի լուրի աղբյուրը ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն է։ Դրա բովանդակությունը ևս ապացուցում է, որ սյունեցի բնակիչն «անօրինական» բնակեցնելու մասին որևէ արտահայտություն չի արել։

Ադրբեջանամետ Вестник Кавказа-ն հասանելի է երկու լեզվով՝ ռուսերն և անգլերեն։ Դրա գլխավոր տնօրենը, ինչպես նշված է ռուսական իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ադրբեջանցի է՝ Ագակիշիև Իսմայիլ Ալովսաթ Օղլի։ 

Ալովսաթ Օղլին Մոսկվայի պետական համալսարանի Մերձավոր արտասահմանի երկրների պատմության ամբիոնի դոցենտ է:

Իսկ սա ազատ խմբագրման միակ դեպքը չէ։ 

Գերմանիայի արտգործնախարարի պատասխանը Ադրբեջանը խմբագրեց այնպես՝ ինչպես ձեռք էր տալիս

Հունվարի վերջում ադրբեջանական լրատվամիջոցները սխալ ներկայացրեցին Արցախում կռված սիրիացիների մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքը։ Sputnik Azerbaijan-ը, vestikavkaza.ru-ը և տեղական այլ կայքեր գրեցին՝ Մաասն ասել էր, թե դրա սիրիացիների ներգրավման վերաբերյալ փաստեր չեն գտնվել։ Որոշներն արդեն հառացրել են այս ապատեղեկատվությունը։ 

Հայկական կողմում ուղղեցին Ադրբեջանին։ Տեղեկատվական մշուշը ցրեց Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության բարձաստիճան պաշտոնյան՝ Մայքլ Սիբերթը: Նա Թվիթերում տեղադրեց Մաասի խոսքի սղագրությունը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կայքից։

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական խոսքից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել։ Փոխարենը նշել է, որ սիրիացիների ներգրավման հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են նրանք։ 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ «․․․հիմնվելով ներկա հետախուզական տվյալների վրա, պետք է ենթադրենք, որ այդ սիրիացի մարտիկները որոշ քանակով դեռ գտնվում են ճգնաժամի գոտում։ Միջազգային բազմաթիվ ջանքեր կան` պարզելու համար, թե ինչպես են նրանք օգտագործվում այնտեղ, որքան է նրանց քանակը և ով է պատասխանատու դրա համար: Այնուամենայնիվ, դրանց մասին դեռ վերջնական տեղեկություն չկա», – ասել է Մաասը։ Նա նաև խոսել է Արցախի երկրորդ պատերազմում Թուրքիայի խաղացած կարևոր դերի մասին։

Ըստ Коммерсантъ-ի՝ Փաշինյան-Պուտին առանձնազրույց չի եղել

Հունվարի 11-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման շուրջ ապատեղեկատվություն տարածեց ռուսական Коммерсантъ կայքը։ Գրեցին, իբրև եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցից անմիջապես հետո Փաշինյանը գնացել է օդանավակայան։ Մինչդեռ Ալիևը մնացել է Կրեմլում՝ նախապես պլանավորված առանձնազրույց ունեցել Պուտինի հետ։ Նա չուներ շտապելու տեղ և «թվում է, որ նա դեռ օգտագործում է ամեն հնարավորություն՝ իր հաղթանակը հերթական անգամ վայելելու համար», – գրել է կայքը:

Եթե հոդվածի հեղինակը բացեր ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ kremlin.ru-ն, կտեսներ, որ Ալիևի հետ հանդիպումից հետո, Պուտինը առանձնազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետի հետ։

Բժիշկները Բաքու ևս գնացել էին եռակողմ հանդիպումից առաջ

Коммерсантъ-ի այս նույն հրապարակումը հերքում է տարածված լուրը, թե ռուս բժիշկները հունվարի 11-ի եռակողմ հանիդպումից առաջ այցելել էին միայն Երևան։ Նմանաբովանդակ հրապարակում կատարել էր EaDaily կայքը` հղում տալով РИА Новости գործակալության։

Коммерсантъ-ը, հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին, գրել է, որ հանդիպումից առաջ Մոսկվան և Բաքու, և Երևան։

Ադրբեջանի հյուպատոսությունը քարոզչական ֆիլմում հայ գաղթականների նկարները դարձել է ադրբեջանական 

Թվիթերի Karabakh Records հաշիվը հունվարի 20-ին գրեց, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը հեղինակել է ֆիլմ՝ աղավաղելով Ղարաբաղյան կոնֆլիկտի ևս մեկ դրվագ։ Նրանք քարոզչական ֆիլմում օգտագործել են մի լուսանկար, որում Հադրութի հայ փախստականներն են պատկերված։ Հայերն ադրբեջանական ֆիլում դարձել էին ադրբեջանցիներ, որոնց վրա հարձակվել էին հենց հայերը։

Հադրութեցիները տեղահանվել էին 1991-ին՝ երբ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Կոլցո» (Օղակ) գործողությունը:

Karabakh Records հաշիվը նշել է նկարի հեղինակին՝ Յարոմիր Ստետինային, տեղադրել լուսանկարի իրական վայրի և բովանդակության սքրինշոթը։ Թվիթը իր էջում կիսել է նկարի հեղինակը։

Նյութի աղբյուրը verelq.am-ն էր, բայց դա կարևոր չէ քոփի-փեյսթելիս

Տելեգրամյան Mediaport ալիքը հունվարի 25-ին գրեց, թե Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու շուրջ քննարկումների ֆոնին շրջանառվում է ռուսական EaDaily-ի 2019-ին հրապարակված հոդվածը, «որում բացահայտվում են «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առնչությունները ամերիկյան հատուկ ծառայությունների հետ»։ 

Հոդվածում նշվում է, որ 2016-ի Մակունցն աշխատանքի է անցել ամերիկյան «Խաղաղության կորպուսում»։ Մինչ այդ ԱՄՆ-ի Թավթսի համալսարանում Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի ամառային դասընթացի շրջանակում անցել է «խաղաղ անհնազանդության» մասին 5-օրյա դասընթաց, «որն անցկացվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (հեղ․՝ CIA) հովանու ներքո»։ 

Սրա հիման վրա հեղինակը եզրակացրել է, թե դժվար կլիներ 5 օրվա ընթացքում սովորեցնել թավշյա հեղափոխությունների գործիքակազմը, «սակայն այդ ընթացքում միանգամայն հնարավոր էր նրան հավաքագրել»։ Այս լուրը առանց խմբագրելու վերատպել են մի շարք կայքեր՝ livenews.am, onnet.am և այլն։ 

Բայց եթե վերատպելուց առաջ կայքերը բացեին նյութը, կտեսնեին, որ դրա հեղինակը ոչ թե EaDaily-ն է, այլ Հայաստանում գործող verelq.am-ը։ Իսկ Մակունցին CIA-ի՝ ««իրենցով» անել»-ու հեղինակի եզրակացությունը մանիպուլյատիվ է։ Այն հիմնված է Մակունցի կենսագրության մի քանի դրվագի վրա, բայց չկա «իրենցով անելու»-ու ապացույցը։ Դա միայն հեղինակի ենթադրությունն է, իսկ նյութն առանց հեղինակ է։ 

AstraZeneca-ն ու մյուս պատվաստանյութերը

Հակապատվաստումային խմբերը պատվաստումներին զուգահեռ շարունակում են ապատեղեկատվություններ տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեմ։ Նախ անդրադառնանք Հայաստանի գնած AstraZeneca-ի մասին տարածվող ապատեղեկատվությանը։

📌 Միջազգային մամուլում տարածվեց պնդում՝ թե AstraZeneca-ն միայն 8% արդյունավետություն ունի տարեցների շրջանում։ Այս պնդման հեղինակ գերմանական Handelsblatt թերթը հղում էր անում կառավարության անանուն աղբյուրին։ Նույն լուրը տարածվել է ռուսական և հայկական մեդիայում։

Սակայն, շուտով պարզ է դառնում, որ լրագրողը (կամ նրա աղբյուրը) շփոթել է փորձարկումներում մասնակցած տարեցների թիվը պատվաստանյութի արդյունավետության թվի հետ։ 56-69 տարեկան մարդիկ կազմում էին AstraZeneca-ի փորձարկմանը մասնակցողների 8%-ը և սա կապ չունի արդյունավետության հետ։ 

📌 EUvsDisinfo կայքն անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ռուսական քարոզչությանը։ Հայաստանի մասով գրել է, որ ապատեղեկատվության հիմնական աղբյուրը Սպուտնիկ Արմենիան է և մի քանի ֆեյսբուքյան խմբեր։ Նրանց առանձնացրած հիմնական ապատեղեկատվությունները սրանք են՝

  • Առողջապահության նախարարությունը սկսել է գլոբալ հարձակման հաջորդ փուլը՝ պատվաստումը
  • COVID-19-ը տարբեր նպատակներ հետապնդող բիոլոգիական զենք է 
  • Հայ բիզնեսմենի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը մահացու է։ 

📌 Իսկ թե ինչպես են Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները և բլոգերը խարխլում վստահությունը արտասահմանյան արտադրության պատվաստումների հանդեպ` գրել է DFRLab-ը։ 

Ի դեպ, EUvsDisinfo-ի 2020-ի ապատեղեկատվությունների թոփ 20-ում է ներառված է Լեդի Գագայի տեսահալովակի և Արցախյան երկրորդ պատերազմի նշանաբանական սենսացիոն կեղծ կապը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *